Լրահոս
Օրվա լրահոսը

Սարաջյանական օրերն ավարտվեցին

Նոյեմբեր 15,2002 00:00

Սարաջյանական օրերն ավարտվեցին Երեւանում անցկացվել են հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված մեծանուն դիրիժոր եւ մանկավարժ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Կոնստանդին Սարաջյանի ծննդյան 125-ամյակին։ Իսկ եզրափակիչ ակորդը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի դահլիճում էր։ Կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանը, երաժշտագետ Արմեն Բուդաղյանը, Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Արմինե Պողոսյանը, ՀՖՆ-ի գլխավոր տնօրեն Նիկա Բաբայանը եւ Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը իրենց ելույթներում մեծարելով մաեստրոյին, նշեցին, որ Կ. Սարաջյանի կերպարն այսօր էլ օրինակ է ծառայում բոլոր նրանց համար, ում սրտին մոտ են հայրենական մշակույթի զարգացման խնդիրները։ Սկզբում Ռուսաստանում, իսկ 1935-ից Հայաստանում ծավալած նրա գործունեությունն ընկալվում է որպես 20-րդ դարի առաջին կեսի հայրենական մշակույթի աչքի ընկնող երեւույթ։ Բնականաբար, Երեւան տեղափոխվելուց հետո Կ. Սարաջյանը գլխավորել է Երեւանի օպերային թատրոնի նվագախումբը, հիմնադրել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ իբրեւ ռեկտոր երկար տարիներ (1940-1954թթ.) աշխատել է Երեւանի կոնսերվատորիայում՝ այն հասցնելով նախկին միութենական լավագույն բուհերի մակարդակին։ Իրենց երաժշտական կատարումներով հանդես եկան կոնսերվատորիայի՝ արդեն Կ. Սարաջյանի անվան ուսանողական սիմֆոնիկ նվագախումբը՝ Յուրի Դավթյանի եւ Ռուբեն Ասատրյանի, Օպերային ստուդիայի «Կոմիտաս» երգչախումբն ու նվագախումբը՝ Հովհաննես Միրզոյանի ղեկավարությամբ, ճանաչված մենակատարներ։ Ընթերցվեց արվեստագետի դստեր, տավղահարուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր Կիրա Սարաջյանի ուղերձը։ Նա նշեց, որ հոր ճակատագիրն այնպես է դասավորվել, որ կյանքի վեցերորդ տասնամյակի շեմին է վերադարձել հայրենիք։ Կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանն էլ նշեց. «Ես, իհարկե, հիշում եմ մաեստրոյին։ 9 տարեկան էի, երբ նա մահացավ։ Ինձ միշտ թվացել է, որ նա իմ պապն է։ Ինչ-որ տեղ՝ այդպես էլ կա։ Առաջին հերթին շնորհակալ եմ նրան՝ ինքը դարձավ «պատճառը», որ ես ծնվեցի Երեւանում։ Մանրամասնեմ. հորս, որ 42 թվականին Լենինգրադի կոնսերվատորիայի ուսանող էր, էվակուացրել էին Տաշքենդ։ Նա այնտեղ հանդիպել է մորս (դարձյալ Լենինգրադի կոնսերվատորիայի ուսանող) եւ միասին եկել են Երեւան որպես ամուսիններ։ Հենց այդ տարիներին մեծ երաժիշտը, հայրենասերը՝ Կ.Սարաջյանը իր վրա վերցրել էր մեծ առաքելություն, այն է՝ ՍՍՀՄ-ի տարբեր ծայրերից հայ արվեստագետներին կոչ էր անում՝ համախմբվել հայրենի հողում։ Եվ քանի որ Սարաջյան ազգանունը շատ տարածված չէ, նա իր կազմած տոհմածառում հայտնաբերեց, որ մենք բարեկամներ ենք։ Անխոս, այսօր իմ ու ընտանիքիս համար մեծ պատիվ է ու պատասխանատվություն, որ կրում ենք Սարաջյան ազգանունը, եւ երկրորդ, որ փաստորեն ռեկտորն եմ մի ուսումնական հաստատության, որ ժամանակին ղեկավարել է հանճարեղ արվեստագետը»։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930