Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին մենահամերգը հայրենիքում

Դեկտեմբեր 06,2002 00:00

Առաջին մենահամերգը հայրենիքում Սփյուռքահայ արտիստը հայաստանցիներին պատգամում է հայուհու կոշիկը գերադասել օտարուհուց Վերջերս հայրենիքում առաջին անգամ մենահամերգով հանդես եկավ սփյուռքահայ ճանաչված կիթառահար Ժոզեֆ Իշխանյանը։ «Ես միշտ կսպասեի, որ հայրենիքից ստանայի հրավեր»,- մեր հանդիպման սկզբում ասաց կիթառահարը։ Չորս տասնամյակ սպասելուց հետո միայն Լիբանանում ՀՖՆ գլխավոր տնօրեն Նիկա Բաբայանը «հայտնաբերեց» աշխարհում ճանաչում գտած երաժշտին, որին հետեւեց հրավերը՝ հայրենիք։ Իրավացի է մաեստրոն՝ ասելով. «Զարմանալի ինքնատիպ մի գոյություն ենք մենք՝ սփյուռքահայերս, ազգություն, որ չունենք ազգություն կոչվելու կարեւորագույն հատկանիշ՝ հող, երկիր եւ 20-ական թվականներին ծնունդ առած բառ -անվանմամբ՝ Սփյուռք, ապրում ենք սփռված հայության խորհրդանիշ բնակավայրում։ Այդ բնակավայրը Հայաստանից դուրս «Հայաստանն է»։ 70 թվականին, Իսպանիայի Instituto Cervantes-ի ղեկավար Iavier Ruiz Sierra-ի աջակցությամբ, որն այն տարիների մշակույթի նախարարն էր, Ժ. Իշխանյանը Լիբանանի կոնսերվատորիայում հիմնում է կիթառի դասարան եւ սկսվում են արդեն, իր ուսանողների հետ, պարբերաբար մասնակցությունները փառատոներին։ Արդեն տարիներ շարունակ սփյուռքահայ երաժշտին աջակցում է Լիբանանի կոնսերվատորիայի նախագահ, դոկտոր Վալիդ Ղլմիեն, որի անմիջական նախաձեռնությամբ կիթառի 12 մասնաճյուղ է բացվել Լիբանանում։ Այս կոնսերվատորիան առաջինն էր, որ գրականություն է հրատարակել արեւելյան նվագարանների պատմության եւ մեթոդիկայի հարցերի շուրջ։ Եվ առաջին անգամ պրն Իշխանյանը արաբերենով հրատարակել է «Երաժշտություն բոլորի համար» բառարանը (իր աշակերտ Հասան Ջալիլի համահեղինակությամբ), շարունակում է կազմել դպրոցական գրքեր՝ երաժշտության մասին։ Երկարամյա մանկավարժական գործունեության ընթացքում կիթառահարի մոտ ուսանել են եւ սփյուռքահայ պատանիներ։ Ասենք, որ մաեստրոն նախընտրում է, ասել է թե՝ նախապատվությունը տալիս է աղջիկ ուսանողներին։ Նրա խոսքերով. «Կին արարածը մի անբացատրելի էակ է, արդեն ի ծնե՝ երաժշտություն, արվեստ։ Վերջինս ներքին խաղաղություն է տալիս տղամարդուն։ Տարբեր ազգությունների կանանց հետ եմ շփվել, բայց հայ կինը՝ հայուհին ուրիշ է։ Գիտակցական կյանքիս առաջին օրվանից սփյուռքահայ տղամարդուն միշտ ասել եմ, ավելին՝ սաստել, թե մի վազեք օտար աղջիկների հետեւից։ Մենք այնտեղ մեծարելով հայ կնոջը, միշտ ասում ենք՝ հայ կնոջ անգամ կոշիկը ավելի հարգի է»։ Երեւանի կոնսերվատորիայի ռեկտորատի առաջարկով, մաեստրոն վարպետության բարձրագույն դասընթաց անցկացրեց։ «Իհարկե, շատ էի լսել Երեւանի կոնսերվատորիայի մասին, դրսում հանդիպել թե՛ դասախոսներին եւ թե՛ ուսանողներին։ Այսօր շփվելով երիտասարդ մելոմանների հետ, հասկացա, որ յուրաքանչյուրն իմ սպասվածից ու գիտակցածից ավելի քան լուրջ է մոտենում իր գործին։ Դեռ ուսանողական տարիքում նրանցից յուրաքանչյուրը մի-մի սոլիստ է։ Չեմ չափազանցնում»,- ասաց մաեստրոն։ Նա հիացմունքով արտահայտվեց նաեւ կիթառի դասարանի դասախոս Հակոբ Ջաղացպանյանի հասցեին։ Շեշտեց, որ այն գործիքներով, որոնցով պարապում են ուսանողները, իրեն չեն բավարարել, ու շարունակեց. «Սա միակ ցավալի, բայց լուծվող հարցն է։ Խոստանում եմ օգնել»։ Մեր հանդիպման վերջում ճանաչված կիթառահարը խոստացավ նաեւ՝ առաջին իսկ հնարավորության դեպքում կրկին այցելել հայրենիք: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել