Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԸ ՄԵՐ ՍԵՐՆ Է, ԻՍԿ ԲՈԼՈՐՍ՝

Դեկտեմբեր 10,2002 00:00

ՖՈՒՏԲՈԼԸ ՄԵՐ ՍԵՐՆ Է, ԻՍԿ ԲՈԼՈՐՍ՝ ՆՐԱ ԾԱՌԱՆ ՈՒ ԱՍՊԵՏԸ Հավաքականներ Հավաքական թիմերը երկրի ֆուտբոլային դեմքն են։ Նրանց մրցելույթներով են պատկերացում կազմում հայկական ֆուտբոլի ընդհանուր մակարդակի մասին, սկսած պատանեկան հասակից մինչեւ ազգային հավաքականը։ Ազգային հավաքական. որքան բարձր լինի ազգային հավաքականի վարկանիշը, այնքան շահեկան վիճակում կլինի ամբողջ ֆուտբոլային տնտեսությունը։ Դրա համար էլ բոլորի գործունեությունը վերջին հաշվով պետք է ուղղված լինի հավաքականին ըստ ամենայնի աջակցելուն՝ սկսած արժանի թեկնածուներ պատրաստելուց, մինչեւ կազմակերպական խնդիրների անխափան լուծում։ Եվ հասնել այն բանին, որ հավաքականի գործունեությունում վրիպումներն ու սխալները նվազագույն լինեն։ Դրանց համար շատ ենք տուժում։ Ֆեդերացիայում ճիշտ վարվեցին, երբ ազգային հավաքականի ղեկը վստահեցին արգենտինացի Օսկար Լոպեսին։ Նա բարձրակարգ ու փորձառու մարզիչ է։ Լոպեսը մի առավելություն էլ ունի. հայաստանցի իր գործընկերների հետ կապված չէ ընկերական, բարեկամական հարաբերություններով։ Իսկ դա շատ կարեւոր է աշխատանքը ճիշտ կազմակերպելու համար։ Հավաքական կազմավորելը, ղեկավարելը՝ պատասխանատու եւ ինչ-որ տեղ էլ անշնորհակալ գործ է։ Հաղթանակի բերկրանքը հավասարապես կիսում են բոլորը, իսկ անհաջողության դեպքում առաջին հերթին մատնացույց է արվում գլխավոր մարզիչը։ Այս չգրված օրենքը երկու անգամ գործեց այս տարի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի՝ Ուկրաինայի եւ Հունաստանի հետ հանդիպումներում։ Առաջինում նրան քննադատեցին մեկնարկային կազմը ճիշտ չընտրելու հարցում ու դա համարեցին հաղթական երեք միավոր չվաստակելու հիմնական պատճառներից մեկը, իսկ երկրորդ դեպքում, որ հավաքականն Աթենքում պարտվեց ընտրական մրցաշարը խիստ անհաջող սկսած Հունաստանի ընտրանուն։ Ուկրաինայի հետ խաղից հետո Լոպեսը հայտարարել էր, թե ինքը կազմը որոշելիս առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով. ավելի շատ վստահել այն ֆուտբոլիստներին, ում խաղը տեսել է ու գիտի նրա հնարավորությունները։ Իսկ հավաքի ժամանակ մի քանի մարզումներից ստացած տպավորությունը կարող է խաբուսիկ լինել։ Խոսքը լեգեոներականների մասին է։ Մարզիչ չեմ, ուստի նրա այս խոսքերն արդարացնելու կամ հակառակը պնդելու ցանկություն չունեմ։ Բայց, կարծում եմ, սխալ եղել է ու դա գալիս է հնից։ Որպես կանոն, ազգային հավաքականի մարզիչները գրեթե տեղեկություն չեն ունենում արտերկրի ակումբներում հանդես եկող մեր ֆուտբոլիստների մասին. ի՞նչ մարզավիճակում են, մտնո՞ւմ են խաղադաշտ, թե՞ ընդամենը նստած են պահեստայինների նստարանին ու խաղային պրակտիկա չունեն։ Անցյալից օրինակներ ունենք, երբ գլխավոր մարզիչը հավաքական էր հրավիրում եվրոպական ակումբում գրանցված ֆուտբոլիստին, հավանաբար, միայն այդ ակումբի հեղինակավոր անվան համար։ Մինչդեռ, եթե ֆեդերացիայի կամ տեղի ակումբի, որի ֆուտբոլիստը մեկնել է արտերկիր, օգնությամբ մշտական տեղեկատվություն հասցվի ազգային հավաքականի գլխավոր մարզչին, նրա գործն էլ կթեթեւանա, ճիշտ կկողմնորոշվի թե լեգեոներականներին հրավիրելու, թե հավաքականի կազմը որոշելու հարցում։ Մի կարեւոր հարց էլ։ Հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելով՝ վստահում ես այդ մասնագետին։ Ուրեմն նրան պետք է ազատություն տալ, չմիջամտել նրա գործերին։ Սակայն ճիշտ կլիներ, եթե յուրաքանչյուր պաշտոնական խաղից հետո, անկախ գրանցված արդյունքից, մարզչական կազմը հաշվետու լիներ ֆեդերացիայի գործկոմի առջեւ։ Թող ներկա լինեն նաեւ մարզիչները ու շահագրգիռ քննարկում ծավալվի, գլխավոր մարզչին ասվեն նրա վրիպումները, սխալները։ Օրինակ, Աթենքից հետո, երբ հարցազրույց էի վարում Օսկար Լոպեսի հետ, հիշեցրի Հունաստանի հետ խաղից անմիջապես հետո հրավիրված ասուլիսում հայ լրագրողներից մեկի հարցը, թե վերջին օրերին չորային եղանակ էր, բայց խաղադաշտը թաց էր ու հատկապես մեր ֆուտբոլիստները շատ էին սայթաքում պատասխանատու պահերին։ Լոպեսն այն ժամանակ պատասխանեց, որ իրենք նույն դաշտում են մարզվել ու ծանոթ էին գազոնի վիճակին։ Փորձեցի պարզել, թե արդյո՞ք պատճառն այն չէր, որ մեր ֆուտբոլիստները սխալ խաղակոշիկներ (շիպեր) էին ընտրել։ Լոպեսը պատասխանեց, թե ֆուտբոլիստն ինքն է ընտրում խաղակոշիկը։ Կարծում եմ, որ գլխավոր մարզիչը նման դեպքերում պարտավոր է ֆուտբոլիստին ստիպել՝ ընտրել ու հագնել համապատասխան խաղակոշիկ։ Սա խաղի տակտիկային, մարզչական այլեւայլ առաջադրանքներին չի վերաբերում ու առաջին հայացքից կարող է մանրուք թվալ։ Բայց այսպիսի մանրուքները վերջին հաշվով ազդում են ընդհանուր խաղի վրա ու, ինչու չէ, հավակնում նաեւ դառնալու ճակատագրական։ Հայ ֆուտբոլասերը կարոտ է ազգային հավաքականի հաղթանակներին, նրա վերելքներին։ Ու յուրաքանչյուր կորցրած միավորի համար շատ է տանջվում։ Բայց հարկավոր է նրան կարողանալ ճիշտ ներկայացնել հնարավորության սահմանները, հստակ ասել, թե ինչ խնդիրներ են դրվում թիմի առջեւ այս փուլում։ Թե չէ, երբեմն ոգեւորության պահին հայտարարություններ են արվում, որոնք իրագործել կամ հավաքականի ուժերից վեր է, կամ քիչ հավանական։ Այստեղից էլ սկսվում են հիասթափությունները։ Նույնը վերաբերում է նաեւ մյուս տարիքային խմբերի հավաքականներին, որոնք, սակայն, նաեւ մեկ այլ առաքելություն ունեն։ Դրանց գլխավոր մարզիչների դաշտը երիտասարդական ֆուտբոլն է, որից, հասկանալի է, կախված է մեր ֆուտբոլի ապագան։ Այստեղ է, որ երիտասարդները պետք է անհրաժեշտ փորձ ձեռք բերեն, ամրապնդվեն իրենց ակումբների հիմնական կազմերում ու հետո մուտք գործեն ազգային հավաքական։ Այնպես որ, երիտասարդական ու պատանեկան ֆուտբոլն առավել մեծ հոգատարություն է պահանջում։ Եվ ուրախալի է ֆեդերացիայի ներկայիս ղեկավարության նախաձեռնությունը, որով ստեղծվեց նաեւ պատանեկան հավաքական։ Դրանով լրացվեց մեծ շղթայի եւս մի կարեւորագույն օղակ։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել