Լրահոս
Օրվա լրահոսը

Գույք՝ խոստման դիմաց

Դեկտեմբեր 10,2002 00:00

Գույք՝ խոստման դիմաց «Երեւանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ-ի տնօրեն Վահրամ Աբրահամյանի հրամանով դեկտեմբերի 1-ից գործարանը դադարեցրել է իր աշխատանքը։ Այս մասին մեզ տեղեկացրին երեկ գործարանի բակում հավաքված բանվորները։ Վերջիններիս պահանջը կառավարությունից հետեւյալն էր. «Մենք կառավարությունից ոչ փող ենք մուրում, ոչ ուտելիք կամ հագնելիք։ Պարզապես պահանջում ենք, որ գործարանի գույքի եւ դրամական միջոցների վրա Կենտրոնական բանկի կողմից դրված կալանքը հանեն, որպեսզի կարողանանք արտադրված ապրանքն իրացնել եւ աշխատավարձ ստանալ»։ Իսկ խնդիրը վերաբերում է Կրեդիտ-Երեւան բանկի եւ նշյալ գործարանի բաժնետոմսերի 70%-ի բաժնետեր Լեւոն Մարկոսի միջեւ առաջացած «վեճին»։ «Սրետենկա կոնսուլ» ռուս-հայկական իրավաբանական գործակալության տնօրեն Արա Զոհրաբյանի մեկնաբանմամբ, Կենտրոնական բանկն ու Լեւոն Մարկոսը իրար միջեւ համաձայնագիր են ձեռք բերել, որպեսզի վերջինս գումարային ներդրումներ անի Կրեդիտ-Երեւան բանկում, իսկ դրա դիմաց Կենտրոնական բանկը որոշակի հարցերի շուրջ պարտավորություններ էր ստանձնել։ Ա. Զոհրաբյանի հավաստմամբ, ԿԲ-ն չի կատարում իր պարտավորությունները եւ դրա համար Լեւոն Մարկոսը չի փոխանցում պայմանավորված 5 մլն 600 հազար ԱՄՆ դոլարը՝ պատճառաբանելով, որ մինչ օրս փոխանցված գումարները հարցերը չեն կարգավորել, իսկ 5 մլն 600 հազարը ներդնելու դեպքում «ռիսկը մեծանում է»։ Այդ պատճառով Լեւոն Մարկոսը պահանջ է ներկայացրել, որպեսզի Կենտրոնական բանկը կատարի իր պարտավորությունը, այնուհետեւ ինքը շարունակի ներդրումները։ Վեճին հետեւել է ԿԲ հայցը Լեւոն Մարկոսի դեմ, որը բավարարվել է եւ արգելանք է դրվել 14 կազմակերպությունների գույքի եւ դրամական միջոցների վրա, այդ թվում «Երեւանի հաստոցաշինական արտադրական միավորում» ԲԲԸ ունեցվածքի վրա։ Նշենք, որ գործարանն ունի 700 բաժնետեր։ Արգելանքի արդյունքում այս պահի դրությամբ գործարանի աշխատակիցները պարապ են։ Կալանք է դրված եւ դրամարկղերի, եւ արտադրված հաստոցների վրա։ Ըստ գործարանի բանվորների, որեւէ առաքում չեն կարողանում կատարել։ Նրանց խոսքերով, իրենց սպառման շուկան Մերձավոր Արեւելքն է, իսկ այսօր արդեն իրանցի շատ գործընկերներ պատրաստվում են պայմանագրերը խզել իրենց հետ։ Ըստ ԲԲԸ իրավաբան Ա. Զոհրաբյանի, տնտեսական դատարանի կողմից կատարվել է ապօրինություն։ Նրա հավաստմամբ, Լեւոն Մարկոսը ֆիզիկական անձ է եւ նրա անձնական գույքի վրա պետք է կալանք դրվեր, այլ ոչ թե գործարանի գույքի եւ դրամական միջոցների վրա. «Տվյալ դեպքում կարող է արգելանք դրվել Լեւոն Մարկոսին պատկանող 70% բաժնետոմսերի վրա»։ Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածը, ըստ Ա. Զոհրաբյանի, նույնպես հստակեցնում է, որ երկու անձանց հարաբերությունը չի կարող երրորդ անձի հանդեպ պարտավորություններ ստեղծել։ Այդ առիթով տնտեսական դատարանում, որտեղ էլ ԿԲ-ն կներկայացնի իր հիմնավորումները, հայց է հարուցվել ընդդեմ ԿԲ-ի՝ գործարանի գույքը արգելանքից հանելու պահանջով։ Պրն Զոհրաբյանը պատմեց, որ գործի քննությունը նշանակված էր նոյեմբերի 28-ին, սակայն ԿԲ-ի անհիմն միջնորդության հիման վրա գործի քննությունը հետաձգվել է։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել