Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ «հասել ենք անհնարինին», Ալիեւը՝ «երբեք չպետք է մոռանանք»

Հոկտեմբեր 16,2026 12:00 Share
Աջակցեք aravot.am-ին

Երկու տարբեր «խաղաղություն», երկու տարբեր օրակարգ․ Հայաստանի «խաղաղության» բանաձեւն ու Ադրբեջանի ուժի քաղաքականությունը

Բաքուն քննադատում է ՀՀ այն իշխանությանը, որը խաղաղության օրակարգը դարձրել է իր քաղաքականության առանցքային կետը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին հայտարարությունները հերթական անգամ ի ցույց են դնում երկու երկրների իշխանությունների քաղաքական խոսույթի էական տարբերությունը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակաբար շեշտում է, որ երկու երկրների միջեւ խաղաղությունն արդեն հաստատված է, եւ այժմ անհրաժեշտ է պահպանել ու ամրապնդել այն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրապարակային ելույթներում, սակայն, առաջնային տեղ են զբաղեցնում ոչ թե հարաբերությունների կարգավորման հեռանկարները, այլ անցյալի մեղադրանքները, Ադրբեջանի հաղթանակի ընդգծումը, ռազմական հզորության ամրապնդումը եւ սեփական երկրի աշխարհաքաղաքական դիրքի բարձրացման մասին հայտարարությունները։

Այս հակադրությունը հատկապես տեսանելի դարձավ հոկտեմբերի 2-ի եւ 9-ի ելույթներում։ Եթե Փաշինյանը խաղաղությունը ներկայացնում է որպես պատմական հնարավորություն, որին կողմերն արդեն հասել են եւ որից հրաժարվելը նպատակահարմար չէ, ապա Ալիեւի հռետորաբանությունը ցույց է տալիս, որ Բաքվի համար հակամարտության ռազմական փուլի ավարտը դեռեւս չի նշանակում Հայաստանի հետ հարաբերությունների քաղաքական ամբողջական կարգավորում՝ առնվազն այն իմաստով, որով այդ գործընթացը ներկայացնում է Երեւանը։

Հոկտեմբերի 2-ին իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության համագումարում Ալիեւը հայտարարեց, որ անհնար է բոլոր մեղքերը բարդել Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Միաժամանակ նա Հայաստանի նախկին ղեկավարներին որակեց ռազմական հանցագործներ, իսկ Հայաստանի գործող իշխանություններին մեղադրեց Ադրբեջանին տարածքային պահանջներ ներկայացնելու եւ ադրբեջանցի ժողովրդի արժանապատվությունը վիրավորելու մեջ։ «Մենք երբեք չպետք է մոռանանք այդ մասին», ասաց Ալիեւը։

Ալիեւը ոչ միայն շարունակում է թշնամանքի պատմական հիշողության վրա հիմնված խոսույթը, այլեւ պատասխանատվության շրջանակից դուրս չի թողնում Հայաստանի ներկայիս իշխանություններին։ Այսպիսով, մեղադրանքների թիրախը միայն նախկինները չեն. Բաքուն իր քննադատությունն ուղղում է նաեւ այն իշխանությանը, որը խաղաղության օրակարգը դարձրել է իր քաղաքականության առանցքային բաղադրիչներից մեկը։

Ալիեւի նույն ելույթում առանձին շեշտադրվեց ռազմական հզորության ամրապնդման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հիմնական խնդիրներից մեկն այդ հզորության շարունակական զարգացումն է, քանի որ դա անհրաժեշտ է յուրաքանչյուր պետության։ Նա նաեւ հայտարարեց, որ Ադրբեջանը արտաքին քաղաքականությունը կառուցում է այնպես, որպեսզի ոչ ոք չմիջամտի իր գործերին, եւ որ Բաքվին ուրիշների օգնությունն ու հովանավորությունը պետք չեն։

Այս հայտարարությունները դժվար է դիտարկել խաղաղության մասին խոսույթից առանձին։ Դրանք արտահայտում են մի քաղաքական տրամաբանություն, որի շրջանակում ռազմական հաղթանակը ներկայացվում է ոչ միայն որպես անցյալի իրադարձություն, այլեւ որպես ներկա պետական քաղաքականության եւ ինքնավստահության հիմնավորում։ Ալիեւի խոսքում խաղաղ համակեցության պայմանների քննարկմանը փոխարինում են հաղթանակի, ուժի, ինքնուրույնության եւ անցյալի նկատմամբ հիշողության պահպանման շեշտադրումները։

Հոկտեմբերի 9-ին, ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում, Փաշինյանը, Ալիեւի ներկայությամբ, հայտարարեց. «Ադրբեջանի նախագահի հետ հասել ենք անհնարինին, եւ մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին»։ Սա խաղաղության գործընթացի վերաբերյալ Երեւանի հիմնական քաղաքական ուղերձն է։ Այն ենթադրում է, որ տասնամյակներ շարունակվող հակամարտությունից հետո ստեղծվել է նոր իրականություն, եւ այժմ կողմերի խնդիրը ոչ թե խաղաղության գոյությունն ապացուցելն է, այլ դրա ամրապնդումը։

Փաշինյանը հիշեցրեց, որ ավելի քան երկու տարի հայերի եւ ադրբեջանցիների միջեւ փոխհրաձգությունների հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չեն եղել՝ համեմատելով այդ իրավիճակը 1990-ականներից ի վեր գրեթե ամեն տարի արձանագրված կորուստների հետ։ Նա նաեւ ընդգծեց, որ ավելի քան երեք տասնամյակ տեւած հակամարտությունը հնարավոր չէ միանգամից դադարեցնել, եւ դրա հետեւանքները հաղթահարելու համար ժամանակ ու հետեւողականություն են անհրաժեշտ։

Պաշտոնական Երեւանի մոտեցման տրամաբանությունը հետեւյալն է. խաղաղության փաստի շարունակական ընդգծումը նպատակ ունի ամրապնդել դրա քաղաքական լեգիտիմությունը, հասարակություններին աստիճանաբար դուրս բերել երկարատեւ թշնամանքի տրամաբանությունից եւ խաղաղությունը ներկայացնել որպես արդեն ձեռք բերված կարեւոր արդյունք։ Սակայն այդ մոտեցումն ունի նաեւ խոցելի կողմ. երբ խաղաղությունը ներկայացվում է որպես հաստատված ու կայուն իրողություն, հանրային եւ քաղաքական սպասումները սկսում են պահանջել դրա գործնական ապացույցները՝ չլուծված խնդիրների հաղթահարումից մինչեւ պայմանավորվածությունների լիարժեք իրականացում։ Իսկ դա մեր հասարակության համար առայժմ անվիճելի իրողություն չէ։

 

Ի՞նչ է թաքնված «խաղաղության» մասին հայտարարությունների տարբերության հետեւում

 

Փաշինյանը հոկտեմբերի 9-ի ելույթում ընդունեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը կատարյալ չէ։ Նա առանձնացրեց անհայտ կորածների ճակատագրերի պարզման, ականազերծման եւ կալանքի տակ գտնվող անձանց հետ կապված հումանիտար խնդիրները։ Միաժամանակ նա խոստովանեց, որ երկու երկրներում էլ երբեմն բացասական տրամադրությունների սրացումներ են տեղի ունենում, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով։ Սակայն, նրա գնահատմամբ, դրանք այլեւս կասկածի տակ չեն դնում կայուն խաղաղության գոյության փաստը։

Այս պնդումն էլ հենց հայաստանյան պաշտոնական քաղաքականության առանցքային առանձնահատկությունն է։ Երեւանը փորձում է տարանջատել խաղաղության ռազմավարական հիմքը դրա շուրջ առկա խնդիրներից ու հակասություններից։ Այս տրամաբանությամբ՝ մեղադրանքները, հռետորաբանության կոշտացումը կամ հումանիտար հարցերի չլուծված լինելը դեռեւս չեն նշանակում, որ խաղաղության գործընթացը ձախողվել է։

Բայց այստեղ տրամաբանական հարց է ծագում. եթե խաղաղությունն իսկապես դարձել է երկու երկրների հարաբերությունների անշրջելի հիմքը, ինչո՞ւ է Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում՝ Հայաստանին ուղղված մեղադրանքները, անցյալի մասին խոսույթը եւ ռազմական ուժի ամրապնդման անհրաժեշտության շեշտադրումը դարձնել իր քաղաքական օրակարգի կարեւոր մասը։

Ալիեւի հոկտեմբերի 2-ի ելույթը ցույց է տալիս, որ Բաքուն չի պատրաստվում հրաժարվել հակամարտության պատմության սեփական մեկնաբանությունից։ Ընդհակառակը, նա այդ պատմությունը շարունակում է օգտագործել քաղաքական ուղերձների ձեւավորման համար՝ ընդգծելով Ադրբեջանի հաղթանակը, սեփական ուժը եւ Հայաստանի նախկին ու ներկա իշխանությունների պատասխանատվությունը։ Սա ինքնին չի ապացուցում, որ Ադրբեջանը մոտ ապագայում պատրաստվում է նոր ռազմական գործողությունների, սակայն վկայում է այն մասին, որ խաղաղության առնչությամբ Երեւանի եւ Բաքվի պատկերացումները նույնական չեն։

Հատկանշական էր նաեւ, որ Ալիեւը Փաշինյանի կողքին մասնակցում էր ԱՊՀ գագաթնաժողովին, սակայն իր ելույթում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին չխոսեց։ Փոխարենը նույն օրը սոցիալական ցանցում նա հայտարարեց, որ հույս ունի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղարար ջանքերը կարժանանան Նոբելյան խաղաղության մրցանակի։ Ալիեւը հիշեցրեց 2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնի հանդիպման եւ խաղաղության գործընթացում Թրամփի ունեցած դերի մասին՝ նշելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի համատեղ առաջադրման նախաձեռնությունն իր կողմից էր։

Այս երկու դրվագներն էլ դիտարկելիս նկատելի է քաղաքական ուղերձների ընտրության տարբերությունը։ Ալիեւը կարեւորում է Թրամփի դերը եւ Վաշինգտոնյան գործընթացի նշանակությունը, մինչդեռ Ադրբեջանի ներքաղաքական հարթակում շեշտադրում է հաղթանակը, Հայաստանի նկատմամբ մեղադրանքներն ու ռազմական հզորությունը։ Այս համադրությունը թույլ է տալիս ենթադրել, որ Բաքուն խաղաղության գործընթացը ներկայացնում է նաեւ որպես իր միջազգային դիրքի ամրապնդման եւ դիվանագիտական հաջողության ցուցադրման հնարավորություն՝ առանց հրաժարվելու ներքին լսարանին ուղղված կոշտ հռետորաբանությունից։

Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է նկատել, որ Ալիեւի՝ խաղաղության մասին խոսելաձեւը եւ Փաշինյանի՝ խաղաղությունը հաստատված փաստ ներկայացնելու մոտեցումը տարբեր քաղաքական խնդիրներ են լուծում։ Երեւանը փորձում է խաղաղության շուրջ ստեղծել կայունության եւ կանխատեսելիության պատկեր՝ այն վերածելով ապագայի զարգացման հիմնավորման։ Բաքուն, իր հերթին, կարող է խաղաղության գործընթացի միջազգային արդյունքները ներկայացնել որպես սեփական հաղթանակի ու նախաձեռնողականության շարունակություն, որի կենտրոնում Ադրբեջանի ուժն ու առավելությունն են։

 

Խաղաղությունը պետք է դառնա զարգացման գործիք, այլ ոչ թե մնա դիվանագիտական հայտարարությունների մակարդակում

 

Փաշինյանի հոկտեմբերի 9-ի ելույթում խաղաղության քաղաքական խոսույթը կապվում էր նաեւ տարածաշրջանային ապաշրջափակման եւ տնտեսական համագործակցության հեռանկարների հետ։ Նա հայտարարեց, որ հայ-ամերիկյան TRIPP նախագիծը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին, այդ թվում՝ ԱՊՀ անդամ պետություններին, քանի որ կարող է ստեղծել լոգիստիկ նոր հնարավորություններ։ Նա նաեւ խոսեց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ավտոմոբիլային ու երկաթուղային կապերի վերականգնման ակնկալիքի մասին։

Պաշտոնական Երեւանի համար խաղաղության քաղաքական արժեքը պետք է արտահայտվի ոչ միայն սահմանային հարաբերական անդորրով, այլեւ հաղորդակցությունների բացմամբ, տնտեսական կապերի զարգացմամբ եւ տարածաշրջանի փոխկապակցվածության աճով։ Այս տրամաբանությամբ՝ խաղաղությունը պետք է դառնա զարգացման գործիք, այլ ոչ թե մնա միայն դիվանագիտական հայտարարությունների մակարդակում։

Այնուամենայնիվ, ակնհայտ է գործնական առաջընթացի եւ քաղաքական սպասումների միջեւ առկա տարբերությունը։ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ավելի քան մեկ տարի անց TRIPP-ի շուրջ առկա տեղեկությունները հիմնականում վերաբերում են տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին եւ շինարարության հնարավոր մեկնարկին։ Միաժամանակ Նախիջեւանի տարածքով կապի վերականգնման վերաբերյալ հստակություն չկա։ Եթե հաղորդակցությունների ապաշրջափակումը ներկայացվում է որպես տարածաշրջանի բոլոր երկրների շահերից բխող գործընթաց, ապա դրա իրականացման տեմպերը, պայմաններն ու փոխադարձ պարտավորությունների կատարումը դառնում են խաղաղության ամրության գնահատման չափանիշներ։

Փաշինյանը խաղաղության իրավաքաղաքական հիմքերից մեկը համարեց նաեւ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Նրա մեկնաբանությամբ՝ այդ փաստաթուղթն ու դրա սկզբունքների վերականգնումը պատմական հնարավորություն են ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման համար։ Նա շեշտեց, որ ապագան պետք է հիմնված լինի միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային սահմանների անխախտելիության եւ քաղաքական անկախության ճանաչման ու հարգման վրա՝ առանց միմյանց նկատմամբ բացահայտ կամ քողարկված տարածքային պահանջների։ Սակայն նույն ժամանակահատվածում, երբ Փաշինյանը խոսում էր տարածքային պահանջների բացակայության եւ խաղաղության հաստատված բնույթի մասին, Ադրբեջանում շարունակում են Հայաստանին տարածքային պահանջներ ներկայացնել։

Այսպիսով, խաղաղության գործընթացում խնդիրը միայն այն չէ, թե կողմերն ինչ են հայտարարում, այլ նաեւ այն, թե ինչ պայմաններով են պատկերացնում հարաբերությունների վերջնական կարգավորումը։ Երեւանի համար խաղաղության հիմքը փոխադարձ ինքնիշխանության ճանաչումն ու հաղորդակցությունների բացումն է։ Բաքվի դիրքորոշման մեջ պահպանվում են լրացուցիչ պահանջները եւ Հայաստանի քաղաքական ու իրավական դաշտին ուղղված մեղադրանքները։ Այս տարբերությունը չի կարելի անտեսել, նույնիսկ եթե երկու կողմերն էլ միջազգային հարթակում ընդունում են խաղաղության գործընթացի կարեւորությունը։

 

Խաղաղության մասին Երեւանի եւ Բաքվի հայտարարությունների տարբերությունը միայն բառերի ընտրության խնդիր չէ

 

Հոկտեմբերի 2-ի եւ 9-ի հայտարարությունների համադրությունը ցույց է տալիս, որ Երեւանն ու Բաքուն խաղաղության գործընթացը ներկայացնում են տարբեր քաղաքական շրջանակներում։ Հայաստանի իշխանությունները ձգտում են խաղաղությունը դարձնել պետական ու տարածաշրջանային նոր իրականության հիմք՝ հասարակությանը եւ միջազգային գործընկերներին փոխանցելով, որ հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն արդեն ստեղծվել է։ Ադրբեջանի ղեկավարությունը, մինչդեռ, շարունակում է խաղաղության միջազգային գործընթացը համադրել հաղթանակի քաղաքական պատմույթի, անցյալի մեղադրանքների եւ ռազմական հզորության պահպանման ու զարգացման օրակարգի հետ։

Պաշտոնական Երեւանը փորձում է կանխել թշնամանքի վերարտադրությունը եւ խաղաղության գաղափարը կապել ապագայի կոնկրետ շահերի հետ։ Սակայն այդ մոտեցման արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով այն կվերածվի շոշափելի արդյունքների։ Հումանիտար հարցերի լուծումը, հաղորդակցությունների բացումը, սահմանային կայունության ամրապնդումը եւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ պայմանների հստակեցումը պետք է լրացնեն խաղաղության մասին քաղաքական հայտարարությունները։

Բաքվի քաղաքականության մեջ հակասությունն այլ բնույթի է։ Մի կողմից՝ Ալիեւը կարեւորում է Վաշինգտոնյան գործընթացը, Թրամփի միջնորդական դերը եւ միջազգային ճանաչումը, մյուս կողմից՝ ներքին քաղաքական դաշտում շարունակում է շեշտադրել Հայաստանի «մեղավորության» կեղծ թեզը, կարծես Հայաստանն է Ադրբեջանի դեմ բոլոր պատերազմները սկսել, այլ ոչ թե Ադրբեջանը՝ Արցախի դեմ։

Բաքվի այս երկակիությունը կարող է ծառայել մի քանի նպատակի՝ պահպանել ներքին հանրային համախմբումը, ամրապնդել իշխանության լեգիտիմությունը հաղթանակի պատմույթի միջոցով եւ միջազգային հարթակում ներկայացնել Ադրբեջանը որպես տարածաշրջանային օրակարգը ձեւավորող ուժ։ Սակայն նման քաղաքականությունը միաժամանակ բարդացնում է վստահության վերականգնումը, քանի որ խաղաղության շուրջ փոխադարձ պարտավորությունների մշակույթը պահանջում է ոչ միայն անցյալի մասին սեփական գնահատականների պահպանում, այլեւ ապագայի վերաբերյալ հստակ ու կանխատեսելի վարքագիծ։

Ալիեւի հայտարարություններն ինքնին բավարար հիմք չեն եզրակացնելու, որ Բաքուն պատրաստվում է պատերազմի մոտ ապագայում։ Բայց դրանք հիմք են տալիս հարցնելու՝ արդյո՞ք ադրբեջանական իշխանությունը խաղաղությունը դիտարկում է որպես փոխադարձ զիջումների ու վստահության վրա հիմնված վերջնական կարգավորում, թե՞ Հայաստանին որպես նոր քաղաքական պայմաններ ու պահանջներ ներկայացնելու համար շարունակական ու հետեւողական գործընթաց։

Նույնքան կարեւոր է հասկանալ, որ խաղաղության մասին Երեւանի եւ Բաքվի հայտարարությունների տարբերությունը միայն բառերի ընտրության խնդիր չէ։ Այն արտացոլում է երկու կողմերի քաղաքական առաջնահերթությունների եւ հակամարտությունից հետո ստեղծված իրականության ընկալման տարբերությունը։ Երեւանը փորձում է անցում կատարել հակամարտության տրամաբանությունից դեպի համագործակցության հեռանկար, մինչդեռ Բաքուն պահպանում է հաղթանակի եւ առավելության վրա հիմնված քաղաքական խոսույթը՝ միաժամանակ օգտվելով խաղաղության միջազգային օրակարգից։

Ուստի խաղաղության իրական չափանիշը պետք է լինի ոչ թե այն, թե կողմերից ով է ավելի հաճախ հայտարարում դրա գոյության մասին, այլ այն, թե որքանով են նրանց գործողությունները համապատասխանում այդ հայտարարություններին։ Եթե խաղաղությունը կայուն է, այն պետք է դրսեւորվի փոխադարձ պահանջների հստակեցմամբ, պայմանավորվածությունների կատարմամբ, հումանիտար հարցերի լուծմամբ եւ այնպիսի քաղաքական միջավայրի ձեւավորմամբ, որտեղ անցյալի մեղադրանքները չեն վերածվում ապագայի մշտական սպառնալիքի։

Այս պահին հիմնական հարցը, հետեւաբար, ոչ այնքան այն է, թե արդյոք կողմերը հայտարարում են խաղաղության մասին, որքան այն, թե ինչպիսի խաղաղություն են նրանք պատկերացնում։ Երեւանի ներկայացրած խաղաղությունը ենթադրում է անցում դեպի փոխադարձ ճանաչում եւ տարածաշրջանային համագործակցություն։ Բաքուն, սակայն, առաջնորդվում է՝ ուժի ու թելադրողի դիրքից, մեղադրանքներով եւ լրացուցիչ պահանջների ներկայացմամբ։ Մինչեւ այս տարբերությունը չարտահայտվի գործնական պայմանավորվածությունների հստակեցմամբ ու փոխադարձ պարտավորությունների կատարմամբ, խաղաղության մասին հայտարարություններն աստիճանաբար կկորցնեն իրենց իմաստն ու նշանակությունը։

 

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել