Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրամանատարին նյութապես շահագրգռե՞լ ես»

Դեկտեմբեր 12,2002 00:00

«Հրամանատարին նյութապես շահագրգռե՞լ ես» N զորամասում շարքային Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ քրգործի դատաքննության ընթացքում տուժողներին ու վկաներին ուղղված հարցերի մի մասը նպատակ ուներ պարզելու, թե որքանով է զորամասի հրամանատարը մեղավոր՝ զորամասում օրինախախտումների կապակցությամբ։ Ներկայում ծառայության մեջ գտնվող շարքային, վկա Արման Գաբրիելյանին դատավոր Աղասի Մկոյանը հարցրեց. «Հաճա՞խ ես տուն գնացել-եկել, ինչպե՞ս է անցել ծառայությունդ»։ «Չեմ հիշում»,- պատասխանեց վկան։ «Շատ է գնացել-եկել՝ դրա համար էլ չի հիշում»,- դահլիճից ռեպլիկ եղավ։ Գաբրիելյանը նաեւ «չէր հիշում», թե արձակուրդային թերթիկ տվե՞լ են իրեն։ Ի վերջո, պարզվեց, որ վերջինս 2001-ի հոկտեմբերից մինչեւ 2002թ. փետրվար գտնվել է «արձակուրդի մեջ», որի ընթացքում 1 անգամ վերադարձել է, որպեսզի մասնակցի երդման արարողությանը։ «Հետո էլի գնացիր տո՞ւն»,- հարցրեց դատավորը, եւ, «Այո» պատասխանից հետո հարցրեց. «Տնից արձակուրդ էի՞ր եկել»։ Երբ տեղեկացրեց, որ հաջորդ վերադարձը զորամաս եղել է այդտեղ կատարված դեպքի կապակցությամբ՝ փետրվարի 25-ին, տուժող Արտյոմ Սարգսյանի հայրը՝ Ռաֆիկ Սարգսյանը հարցրեց. «Եթե չկանչեին՝ ե՞րբ կգայիր»։ Պատասխան չեղավ։ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ինքը տեւական բուժում պահանջող հիվանդություն ունի, որի համար էլ բուժում էր ընդունում։ «Ձեր տունը հոսպիտա՞լ էր, որ բուժվում էիր»,- հարցրեց Ռ. Սարգսյանը («Ախր էդ տղային իսկի իրավունք չունեին զորակոչելու, այ էդ մասին պետք ա արձանագրվի»,- դահլիճում կողքինին դժգոհեց մի քաղաքացի՝ վկա Գաբրիելյանին ակնարկելով, իսկ երբ դեմքով շրջվեցինք խոսողի ուղղությամբ, ավելացրեց. «Կամ էլ թերթում գրվի»)։ «Հրամանատարին նյութապես շահագրգռե՞լ ես»,- հարցրեց դատավորը։ «Տեղյակ չեմ»,- պատասխանեց վկան։ «Շահագրգռված» բառի իմաստը հասկանո՞ւմ ես»,- հարցրեց դատավորը։ «Ոչ»,- ռեւազանման պատասխանեց զինվորը։ «Ո՞վ է խոսել հրամանատարի հետ, որ քեզ տուն թողան» հարցը եւս անպատասխան մնաց, ուստի Ռ. Սարգսյանը դիմեց դատավորին. «Թող ասի, որ 5 ամիս բացակայել է՝ ո՞վ է իրեն թողել տուն»։ «Ասի թե չասի՝ ամեն բան պարզ է»,- նկատեց դատավորը։ Երբ զորամասի նախկին հրամանատար, ամբաստանյալ Անդրանիկ Սահակյանի պաշտպան Մելս Ղարագյոզյանը դիտողություն արեց, որ դատակոչում չեղած մարդիկ տեղից ելույթներ են ունենում, տուժող Արտյոմ Սարգսյանի իրավահաջորդ ճանաչված Ռաֆիկ Սարգսյանը պատրաստակամություն հայտնեց՝ ռեպլիկ- ելույթով հանդես եկողներից մեկի վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու. «Մենք կմիջնորդենք, որ ինքը լինի վկա»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել