Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՐՆ ԷՐ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Դեկտեմբեր 18,2002 00:00

Ո՞ՐՆ ԷՐ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ Հայաստանում ինչ-որ ֆարս է բեմադրվում: Մի կողմից Ազգային ժողովի դահլիճում գործած աննախադեպ հանցագործության կազմակերպիչներն ու մասնակիցները կամ նման կասկածներով ձերբակալվածները համաներմամբ ազատ են արձակվում, մյուս կողմից տաս տարվա ազատազրկման են դատապարտում մարդու, իբրեւ թե հօգուտ Թուրքիայի լրտեսություն կատարած լինելու համար: Ներկայացված մեղադրանքը կմնա անհամոզիչ այնքան ժամանակ, քանի դեռ նախաքննությամբ, դատաքննությամբ, չգիտես էլ որ քննությամբ չի պարզվել ու հաստատվել, թե Մուրադ Բոջոլյանը որոշակիորեն ինչ տեղեկություններ է փոխանցել Թուրքիա, որը կարելի է պետական գաղտնիք համարել, կամ գոնե պետական գաղտնիքի տարրեր պարունակող: Թե՞ հայկական մամուլի դայջեսթներն են այդ պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը: Իսկ ենթադրել՝ իբր Հայաստանում անվտանգության այնպիսի համակարգ է գործում, որ կարող է խորհրդային ՊԱԿ-ի աշխատակից եղած մեկին լրտեսության մեջ մերկացնել, զավեշտ է: Հայաստանի անվտանգության համակարգի մակարդակը փաստվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին: Դրանից հետո այնտեղ կադրերի այդ ի՜նչ ներհոսք եւ արտահոսք է եղել, որ գնահատական փոխվի: ՀՀ արդարադատության եւ անվտանգության համար պատվի գործ կարող է լինել Սուրմալուի տոնավաճառում առեւտուր կատարող մեկին լրտեսության մեղադրանք վերագրելն ու պատժելը, երբ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության դահլիճից, առանց գոնե պայմանական ազատազրկման կամ գույքի առգրավման, ազատ են արձակվել միայն «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» 11-րդ հոդվածի նորմով հանցագործ չորակվողներ: Չխոսելով այլեւս Քոչարյանի աշխատակազմից ու թիկնազորից ձերբակալվածների մասին: Հայաստանում ֆարս է բեմադրվում, մինչդեռ Մուրադ Բոջոլյանի լրտեսության ենթադրյալ պատվիրատուն «Հոկտեմբերի 27»-ի իրականացմամբ երեւի թե վաղուց համոզվել է, որ Հայաստանում, նույնիսկ իշխանություն գնդակահարելը խնդիր չէ, ուր մնաց ինչ-որ տեղեկություններ ձեռք բերելը: Եվ հետո այդ Թուրքիայում երեւի թե Նաիրի Հունանյանի շրջահայացությունը կունենային, որ իրենց ծրագրերում ավելի բարձրաստիճան ու ազդեցիկ մարդկանց ընդգրկեին, հույսները տոնավաճառում առեւտուր անող մեկի վրա դնելու փոխարեն: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել