Լրահոս
Օրվա լրահոսը

Կամերային նվագախմբում շահախնդրություններ չկան

Ապրիլ 05,2003 00:00

Կամերային նվագախմբում շահախնդրություններ չկան ՀԿՆ-ի տարեդարձը կնշանավորվի հոբելյանական համերգով «Ի տարբերություն մյուս նվագախմբերի, մեր կոլեկտիվում կոնֆլիկտներ չեն լինում, տարբեր շահախնդրություններ չկան։ Մեր միակ խնդիրը երաժշտությունն է, աշխատանքը, արդյունքը։ Բոլորս հավաքված ենք ընդհանուր նպատակի շուրջ»,- երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Արամ Ղարաբեկյանը։ 6 տարի առաջ այն ժամանակ Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Սմբատյանը նրան առաջարկեց ԱՄՆ-ից տեղափոխվել Հայաստան ու ղեկավարել կամերային նվագախումբը։ ՀԿՆ-ի տնօրեն Արմեն Արաբյանն էլ ներկայացրեց օրկեստրի 6-ամյա գործունեությունը թվերով, որոնք բավականին խոսուն են։ ՀԿՆ-ն 146 համերգ է ունեցել, որից 86-ը Երեւանի համերգասրահներում (այդ թվում՝ նաեւ Հանրապետության հրապարակում, կոնսերվատորիային հարող այգում, բուհերում)։ 30 համերգ էլ կայացել է մարզերում՝ Գեղարդի վանքում, Սարդարապատում, Հաղպատում, Շուշիի Ղազանչեցոց վանքում։ 30 համերգ-հյուրախաղեր են եղել աշխարհի տարբեր երկրներում (ԱՄՆ, Հունաստան, ՄԱԷ, Լիբանան, Գերմանիա)։ ՀԿՆ-ի պատվերով գրվել է հայ կոմպոզիտորների թվով 15 երկ, որոնցում առաջին անգամ օգտագործվել են ժողովրդական նվագարանները՝ շվի, դուդուկ, զուռնա, պկու եւ քամանչա։ 6-ամյա գործունեության ընթացքում ՀԿՆ-ի երկացանկում գրանցվել է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների 28 պրեմիերա։ Ա. Ղարաբեկյանը այս էլ որերորդ անգամ նվագախմբի վերակազմավորման օրը՝ ապրիլի 4-ին, արդեն ավանդաբար հանդիպում է լրագրողների հետ, որովհետեւ կարեւորում է նրանց դերը «հայրենական մշակույթը ճիշտ պրոպագանդելու գործում»։ Ապրիլի 8-ին կկայանա ՀԿՆ-ի 6-րդ տարեդարձին նվիրված հոբելյանական համերգը, որի ընթացքում կներկայացվեն պատանի երգիչներ՝ Սպիվակովի հիմնադրամի կրթաթոշակառուներ Ա. Սարոյանը, Վ. Հարությունյանը եւ Ա. Նիկոլյանը։ «Չնայած մեր երաժշտական դպրոցների ճգնաժամային վիճակին, մեծ է երիտասարդների հետաքրքրությունը դասական երաժշտության հանդեպ։ Ուրեմն մենք էլ պարտավոր ենք ուշադրություն դարձնել շնորհալիներին»,- ասաց մաեստրոն։ Ի տարբերություն մյուս նվագախմբերի, կամերայինը հաճախ է լինում շրջաններում եւ ասուլիսից անմիջապես հետո էլ ՀԿՆ-ն ուղեւորվեց Արարատ։ Հունիսի 4-ին ՀԿՆ-ն առաջին անգամ ելույ թ կունենա Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում՝ Ա. Խաչատրյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում։ Իսկ հունիսի 6-ին կմասնակցի Սանկտ Պետերբուրգի 300-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Բեղուն է լինելու նաեւ հուլիսը (համերգներ՝ Ղարաբաղում), իսկ աշնանը ՀԿՆ-ն կմեկնի արտասահմանյան հյուրախաղերի։ Ա. Ղարաբեկյանը չի ողջունում արվեստագետների՝ տարբեր քաղաքական ճամբարներում լինելը։ «Արվեստագետը պետք է ունենա մեկ ճամբար՝ ժողովուրդը»,- համոզված է նա։ Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել