Լրահոս
Օրվա լրահոսը

Գաղտնի ծառայություն ստիպողաբար չեն հավաքագրում

Ապրիլ 15,2003 00:00

Գաղտնի ծառայություն ստիպողաբար չեն հավաքագրում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվում է լրտեսության մեղադրանքով 5 ամբաստանյալների դատաքննությունը։ Երեկվա նիստին շարունակում էր ցուցմունք տալ Էդգար Ֆիլկովը՝ Ջոնիկ ծածկանունով։ Նախ նա ընդունեց, թե հստակ գիտակցել է, որ գործ ունի ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ եւ ստորագրել է իր անվամբ ստացական ու ստացել 300 դոլարի չափով գումար։ Ըստ իր նախաքննական ցուցմունքի, նա գիտեր նաեւ, որ քույրը (Իվետա Ֆիլկովան) ու եղբայրը եւս համագործակցում են Նինա Շիլինայի հետ, որը եւ սկզբում ժխտում էր, սակայն հետո ընդունեց։ Նա վստահելի անձ էր համարվում որպես գործակալ, ինչը եւս փաստեցին նիստի ընթացքում, չնայած ինքն այդպես չէր կարծում։ Բնակարանում գաղտնալսված զրույցներից մեկում Նինան Էդգարին ասել էր, որ ինքը մնալու է պատմության մեջ։ Հետաքրքիր է, որ նրանց բոլոր կապերը եղել են հիմնականում զինվորական մասերում աշխատողների շրջանում։ Այդ համատեքստում խոսվեց ոմն Վարուժի մասին, որը նրանց տեղեկություններ էր հաղորդել իրենց պարբերական հանդիպումների ընթացքում, հարեւան Արամի մասին (վերջինս կասկածելի կապերի մեջ է եղել Նինա Շիլինայի հետ), հաճախ երկար ժամանակ անցկացրել նրանց տանը ամուսնու բացակայությամբ։ Սակայն Էդգարը ներկա է եղել այն խոսակցությանը, որի ժամանակ Արամը հաղորդել է Տավուշի մարզի Բերդ գյուղի մոտ տեղակայված զորամասերից տվյալներ ու գծագրեր։ Ամբաստանյալ Արթուր Օգանեզովի կնոջ՝ Էլլադայի միջոցով եւս Շիլինան տեղեկություններ է ստացել Գլխավոր շտաբից, ուր նախկինում աշխատել է նախկին փոխգնդապետ Օգանեզովը։ Շիլինան փորձել է Էլլադային եւս տեղավորել շտաբում՝ ցանկացած գնով։ Էդգար Ֆիլկովը տեղյակ էր այս ամենին, սակայն, իր ասելով, չէր ուզում խառնվել։ Նա գիտեր նաեւ այն մասին, որ Իվետա Ֆիլկովան (Լիլո ծածկանունով) երբ գնում է Թբիլիսի՝ իբրեւ առեւտրի, հանդիպում է ինչ-որ մարդկանց հետ։ 1997-ին, երբ կալանավորվել է Ալեքսանդր Գասպարյանը, ըստ Նինայի ցուցմունքի, Էդգարը պիտի շարունակեր նրա գործը եւ 500 դոլար է տրվել, որպեսզի եղբայրները ընդգրկվեն ծառայության մեջ։ Նիստը հիմնականում թարգմանվում էր ամբաստանյալների համար։ Նրանց պաշտպանությունը իրականացնում են պաշտպաններ Ջուլիետա Հարությունյանը եւ Արթուր Ալիխանյանը։ Հարցաքննությունը շարունակվելու է։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել