Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ + կաթնամթերքի կայսրություն

Մայիս 23,2003 00:00

ՀՅԴ + կաթնամթերքի կայսրություն ՀՅԴ համամասնական ցանկում 16-րդն է «Աշտարակ-կաթ» ընկերության խորհրդի նախագահ Աշոտ Ափոյանը, որն անկուսակցական է: «Առավոտի» հարցին, թե երբվանի՞ց իր համար պարզեց, թե Դաշնակցության համակիրն է, պատասխանեց. «Նախ՝ ես շատ դժվար մտա քաղաքականություն, քանի որ ինձ համար բավական ծանր եւ անծանոթ դաշտ է սա: Ինձ առավել հոգեհարազատ է տնտեսությունը: Կարող եմ ասել, թե բավական երջանիկ մարդ եմ՝ լավ ընտանիք ունեմ, գոհ եմ իմ կյանքից, զբաղվում եմ այն աշխատանքով, որը սիրում եմ, եւ հասել եմ որոշ հաջողությունների: Բայց որ տնից դուրս եմ գալիս՝ ինձ բավարարված չեմ զգում: Եվ այժմ ՀՅԴ ցուցակ եմ մտել… չեմ ուզում ասել, թե տնտեսական հարցեր լուծելու համար. ուղղակի մեր հանրապետության ներկայիս սոցիալական վիճակն իրո՛ք չի բավարարում ինձ: Ես ուզում եմ, որ լինի սոցիալական արդարություն»: Ե՛վ ՀՅԴ-ն, ե՛ւ այլ կուսակցություններ բացասաբար են գնահատում այն, որ խոշոր գործարարները փորձում են ներկայացված լինել ԱԺ-ում՝ չարյաց փոքրագույնը համարելով, որ նրանց իրավաբաններն ու մենեջերները գրավեն պատգամավորական տեղերը: Մեր հարցին, թե ինչո՞ւ չփորձեց միջնորդավորված ներկայությամբ խորհրդարանում լուծել իր խնդիրները՝ պրն Ափոյանը պատասխանեց. «Երեւի դա ինձ բնորոշ է՝ ինքս եմ ամեն ինչ ուսումնասիրում եւ փորձում անցնել այդ ճանապարհը: Իհարկե՝ դեռ շատ-շատ պիտի սովորեմ ու խորանամ քաղաքական դաշտում, բայց ունեմ որոշակի նպատակներ: Իսկ երբ որպես քաղաքացի եւ գործարար նպատակներ եմ դնում՝ փորձում եմ հասնել դրանց: Իմ նպատակն է, որ հստակեցվեն այն օրենքները, որոնք խանգարում են տնտեսության զարգացմանը: Բացի այդ՝ գտնում եմ, թե արդեն ժամանակն է, որ գործադիր իշխանությունը պատասխան տա, թե ինքն այդ օրենքներն արդյոք կիրառում է տնտեսական դաշտի բարելավմա՞ն համար»: «Իսկ ինչո՞ւ չցանկացավ ընդգրկվել ՀՀԿ ցանկում» հարցին այսպես պատասխանեց. «Դաշնակցությունը կուսակցությո՛ւն է՝ իր գաղափարախոսությամբ, ծրագրով, պատմությամբ: Եթե այն իրոք օտարների դեմ պայքարել է՝ չի հանդուրժի ազատ-անկախ Հայաստան, որի քաղաքացիները սոցիալապես անապահով վիճակում են»: Փորձեցինք նաեւ պարզել, թե «Աշտարակ-կաթի» նախագահը քարոզարշավում ֆինանսապես աջակցե՞լ է Դաշնակցությանը. «Ի սկզբանե ՀՅԴ առաջնորդներն ասել են, թե մեզ չեն ընդունում իբրեւ քսակ, այլ՝ որպես մի ընկերության անդամ, որն ունի մաքուր կենսագրություն եւ բաց է հասարակության առջեւ: Այդ պայմանն ինձ շատ հաճելի էր: Թեեւ եթե կարիք լինի՝ բնական է, սիրով կաջակցեմ: Ինչպես ասում են՝ կուսակցությունը գաղափարախոսություն է + ֆինանսավորում: Եվ համոզված եմ, որ այդ ֆինանսներն էլ կծառայեն մեր ժողովրդին»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031