Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«ՕՐԵՆՔՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ ԵՎ ՄՆԱՑ ԳՐԱՊԱՀՈՑՆԵՐՈՒՄ»

Մարտ 18,2004 00:00

Ասում
է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թորդա Էբոտ Ուոթը

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում քննարկման էին դրվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի կարգավորման հիմնահարցերը։ Նախաձեռնողներն էին Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնությունն ու Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։ Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թորդա Էբոտ Ուոթը իր երկրի նվաճումներից մեկը համարեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը։ Նա նշեց, որ շնորհիվ թափանցիկության, հանրային իշխանությունների նկատմամբ ձեւավորվեց վստահության մթնոլորտ։ «Տեղեկատվության ազատությունը միջոցառում չէ, այլ գործընթաց»,- նշեց դեսպանը։ Նա զուգահեռ անցկացնելով Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանում անցյալ տարի ընդունված համանուն օրենքների միջեւ, հայտարարեց. «Դուք ընդունեցիք օրենքը եւ այն դրեցիք գրապահոցներում»։

Իսկ թե ինչո՞ւ օրենքը հայտնվեց գրապահոցներում, պարզաբանեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։ Օրենքի հիմնադիրներից մեկը՝ Շ. Դոյդոյանը խիստ կարեւորեց, որ պետական կառավարման մարմիններում լինեն հաստիքներ՝ տեղեկատվության պատասխանատուի։ Ըստ օրենքի, մամուլի եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատուն չէ դա, այլ անձ, որը տեղեկություններ տրամադրի հասարակությանը, ԶԼՄ-ներին եւ ոչ թե իրականացնի քարոզչություն (PR) հօգուտ գերատեսչության։ Շ. Դոյդոյանը տեղեկացրեց, որ առողջապահության, կրթության եւ սոցապնախարարություններում կստեղծվեն տեղեկատվական կենտրոններ, իսկ մարզերից նույնպիսի կենտրոններ կձեւավորվեն Տավուշի եւ Գեղարքունիքի մարզպետարաններում։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ Արտակ Կիրակոսյանը երեկ ասաց, որ տեղեկատվության բնագավառը պետք է տարբերել քարոզչությունից։ Նա գտնում էր, որ օրենքի կիրառման կարեւոր բաղադրիչներից է տեղեկատվության (բանավոր եւ գրավոր) տրամադրման կարգի սահմանումը։ Նա անդրադարձավ նաեւ «անհապաղ ինֆորմացիայի» հրապարակմանը, ինչպես նաեւ ինֆորմացիայի գնման (պետտուրքի ձեւով) առանձնահատկություններին։ Երբ եկավ հարցերի պահը, ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» կազմակերպության նախագահը հարցրեց՝ կառավարությունից մարդ կա՞։ Պարզվեց, որ ոչ։ Իսկ հայտնի է, որ կառավարությունը մտադիր է փոփոխել կես տարվա կյանք ունեցած օրենքը՝ ըստ էության, փորձելով ազատել պետական գերատեսչություններին տեղեկատվություն տրամադրելու «գլխացավանքից»։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Երեկ «Առավոտը» դիմեց արդարադատության նախարարության
մամուլի խոսնակ Արա Սաղաթելյանին, թե ինչու չէին մասնակցում վերոնշյալ քննարկմանը,
չէ որ իրենք են նախաձեռնել նոր օրենքի տարբերակը։ Նա ասաց. «Դժվար է պատկերացնել,
թե ինչ կարող էին քննարկել որեւէ միջոցառման ժամանակ, երբ վերջնական լրամշակված
տարբերակ չկա եւ այդ պատճառով ցանկացած քննարկում կրում է արհեստական բնույթ։
Ինչ վերաբերում է իրական նախագծին, ապա այն քննարկելը՝ բոլոր շահագրգիռ կողմերի
հետ, նախարարության ծրագրում է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031