Լրահոս
Օրվա լրահոսը

«Համեստ ապրելակերպը» Արեւմուտքում

Մարտ 27,2004 00:00

«Տրիումֆ» սրճարանում կատարվածից հետո պաշտոնյաների եւ իշխանավորների ընտանքիների համեստ ապրելակերպը «ազգային իղձի» կարգավիճակ ստացավ: Այսօր Հայաստանում «համեստանալու» խնդիրը դրված է «ամենավերեւներից»: Սակայն համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ այդ խնդիրը գրեթե անլուծելի է:

Մեծ Բրիտանիայի թագաժառանգներ Ուիլյամն ու Գարրին սկզբում հայտնվեցին հասարակության ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ խախտելով օրենքը, գնացին աղվեսաորսի: Սակայն դա դեռ սկիզբն էր: Որոշ ժամանակ անց երիտասարդ Գարրին բռնվեց մարիխուանա ծխելիս: Դա արդեն լուրջ սկանդալ էր: Ելիզավետա թագուհին մեծ ցանկություն ուներ նրան թմրամոլների համար նախատեսված կլինիկայում տեղավորելու, սակայն բանը դրան չհասավ:

Ի դեպ, այդ նույն ժամանակ Բրիտանիայում եւս մի լուրջ սկանդալ էր բռնկվել՝ այս անգամ կապված վարչապետ Թոնի Բլերի 16-ամյա որդու հետ, որին գտել էին Լոնդոնի կենտրոնում մեռածի պես հարբած: Վերադառնալով արքայաորդիներին, թեեւ արքայազն Ուիլյամն ավելի զուսպ է, քան փոքր եղբայրը, բայց դա նրան չի խանգարել մի անգամ անպատիվ հայհոյանքներ տեղալ իրեն հարցով դիմած լրագրողի հասցեին: Բայց Գարրին չափն անցնում է. քանի անգամ նրան գտել են հարուստների զավակների համար անցկացվող խնջույքների արդյունքում հարբած-ընկած:

Ալկոհոլի նկատմամբ սերը չի շրջանցել նաեւ ԱՄՆ նախագահ Բուշի երկվորյակ դուստրերին: Բարբարա եւ Ջեննա Բուշերն ընդամենը 19 տարեկան են, այնինչ ԱՄՆ-ում թույլատրվում է սպիրտային խմիչք վաճառել միայն քսանմեկից բարձր տարիք ունեցող անձանց: Աղջիկները հասցրել են մի քանի անգամ ընկնել սկանդալային պատմությունների մեջ, կապված ալկոհոլի հետ: Ամենահնչեղը եղել է անցյալ տարի, երբ Բեւերլի Հիլզում կայացած մի երեկույթում նրանք մի քանի շիշ գարեջուր խմելուց հետո հայտնվել են տուրուդմփոցի մեջ: Եվ հազիվ են փրկվել ոստիկանական քրոնիկոնում հայտնվելուց: Ջորջ W Բուշը հատկապես ծանր է ընդունել այդ պատմությունը, քանի որ այդ նույն ժամանակ մեկ այլ սկանդալ է տարածվել երկրում, կապված նորահայտ մի գրքի հետ, որում մանրամասն պատմվում էր, թե ինչպես 1972թ. Ջորջ Բուշը «պլստացել» է թմրանյութեր օգտագործելու եւ պահելու մեղադրանքով բանտում հայտնվելուց՝ հոր կապերի շնորհիվ: Իսկ նրա «ալկոհոլային հերոսությունները» մինչեւ հիմա երեսով են տալիս: Չեն մոռանում, որ անցել է հատուկ բուժման կուրս: Այսինքն, այսօրվա նախագահ Բուշը, որ տառապում է իր դուստրերի «անհամեստ ապրելակերպի» պատճառով, ժամանակին ինքն է իր պաշտոնյա հորը դրել անհարմար վիճակում՝ իր հերոսությունների շնորհիվ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել