Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռը ողջախոհության կոչ է անում Կիլիկիո Կաթողիկոսությանը

Ապրիլ 03,2004 00:00

Մայր Աթոռը ողջախոհության կոչ է անում Կիլիկիո Կաթողիկոսությանը Գերագույն Հոգեւոր Խորհուրդը Կանադայի Հայոց Թեմի Թեմական Խորհրդից խորին մտահոգությամբ տեղեկացավ, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը ցավալի իր վախճանին է հասցրել Ամենայն Հայոց Հայրապետության կանոնական տարածք հանդիսացող Կանադայի Հայոց Թեմում զուգահեռ վարչական կառույց հաստատելու գործընթացը՝ հակառակ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի եղբայրական հորդորների: Սույն քայլը եկեղեցաբանական եւ նվիրապետական առումներով, ինչպես եւ հայ ժողովրդի հոգեւոր միասնության անխաթարության պահպանության իմաստով չունի որեւէ արդարացի բացատրություն եւ հիմնավորում: Երեւույթն ավելին է, քան հակականոնական եւս մեկ թեմի ծնունդը: Այն հաստատում է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը պատրաստ չէ վերանայելու 1956 թվականին որդեգրած պառակտողական ոգին եւ Մայր Աթոռի հետ համախորհուրդ վերականգնելու կանոնական վիճակը Հայ Եկեղեցուց ներս: «Մեկ ազգ, մեկ Հայրենիք, մեկ Եկեղեցի» կարգախոսին իր նվիրվածության հավաստիացումներին հակառակ, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը «նոր վերադասավորումներով» հետեւողականորեն փորձում է ընդարձակվել եւ ամրագրվել սառը պատերազմի օրերին քաղաքական շարժառիթներով Ամենայն Հայոց Կաթողիկոսությունից գրաված թեմերում՝ խորացնելով բաժանումը Հայ Եկեղեցու մեջ եւ վտանգելով 1988 թվականից ի վեր Մայր Աթոռի հետ բարելավված հարաբերությունները: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը չի ցանկանում տեսնել արդի աշխարհում փոփոխված իրավիճակները, Հայրենիքի անկախության իրողությամբ պայմանավորված հրամայականները եւ արժեւորել նոր ժամանակների ոգին, որ պահանջ է առաջադրում վերականգնել ու անխաթար պահել Հայ Եկեղեցու եւ ազգի միությունը: Հայ Եկեղեցու գերագույն եւ անանց արժեք հանդիսացող աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնականությունն ու միությունը խախտելու ցանկացած փորձի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հակադրելու է այդ միությունն անխախտ ու անսասան պահելու վճռական իր հաստատակամությունը: Սուրբ Էջմիածինը դիմում է Կանադայի եւ Մայր Աթոռից գրավված բոլոր թեմերի հավատավոր զավակներին, հայտնելով որ անփոփոխ է իր հայրական սերը բոլորի հանդեպ, քանզի ինչ ձեւակերպումներով եւ առ «ժողովրդի կամք» վաղուց հայտնի հղումներով էլ փորձ արվի արդարացնել նման քայլերը, անտարակույս է, որ ոչ մի ժողովուրդ չի կարող ունենալ պառակտված լինելու ցանկություն: Մայր Աթոռը վերստին եղբայրաբար ողջախոհության է կոչում Կիլիկիո Կաթողիկոսությանը եւ ողջունում ամեն քայլ՝ ուղղված երկփեղկվածության հաղթահարմանը եւ կանոնական վիճակի վերահաստատմանը Հայ Եկեղեցում եւ հրավիրում է իր զավակներին նախանձախնդիր ու միասնական լինելու բարդ ժամանակների թելադրանքով ծնունդ առած երկպառակության՝ շուրջ կեսդարյա խնդրի կարգավորման ճանապարհին: «Սիրո գերագահություն»՝ ահա Մայր Աթոռի գերագահության խորհուրդը ինչպես երեկ, այնպես էլ այսօր եւ հավիտյան: Գերագույն հոգեւոր խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել