Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԱՆԻ ՄԵՏՐ՝ ՄԻՆՉԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ

Ապրիլ 13,2004 00:00

ՄԻ ՔԱՆԻ ՄԵՏՐ՝ ՄԻՆՉԵՎ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՍՏԱՎԱՅՐ 5 մեքենա փշալար, 8 «Իկարուս» ավտոբուս զինվորներ, 4 ջրցան մեքենաներ եւ այլն՝ ահա ոչ լրիվ ցանկն այն ամենի, ինչը նախագահի նստավայրի մոտ երեկ պատրաստել էին ընդդիմության համար: Այս ամենից պետք եկան միայն փշալարերը, քանզի երեկ 17:45-ի սահմաններում հասնելով ԱԺ-ի մոտ դրանց առաջին շարքին՝ ընդդիմադիրները փորձ չարեցին որեւէ կերպ անցնել դրանք, եւ մոտենալ Ակադեմիայի մատույցներում բացված փշալարերի երկրորդ շարքին, որոնց ետեւում արդեն ջրցան մեքենաներն ու մահակներով զինված հատուկ ջոկատայինները եւ կարմիր բերետավորներն էին: «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանը նախագահի նստավայրից ընդամենը մի քանի մետր այն կողմ տեղակայված ցույցի մասնակիցներին խստորեն հրահանգեց, որ չլինի որեւէ հրմշտոց կամ «ինքնագործունեություն»: Զգուշացնելով, թե ինչ պետք է անեն, եթե ծխաբեր կամ արցունքաբեր գազ («չերյոմուխա») փչեն, նաեւ հորդորելով խուճապի չմատնվել, եթե աղմուկ հանող պայթուցիկներ տրաքացնեն՝ ընդդիմադիրներն ուղղակի արդեն Բաղրամյան պողոտայում շարունակեցին նստացույցը եւ հանրահավաքը, որոնք սկսել էին դեռ Ազատության հրապարակում: Այս անգամ այն մի տեսակ մտավորական ուղղվածություն էր ստացել: Ելույթ ունեցավ ակադեմիկոս Միսաք Դավթյանը, նաեւ Օհան Դուրյանը, եւ հավաքվածները մշտական «Քոչարյան, հեռացի՛ր» կոչի փոխարեն, սկսեցին վանկարկել «մա-ես-տրո»: Վերջինս կոչով դիմեց Քոչարյանին, թե ինչու է երկիրը տանում նման ծանր ցնցումների, մի՞թե չի հասկանում, որ ձերբակալություններով ու բռնություններով ավելի է խորացնում ատելությունը: Դառնանք քաղաքական գործիչների ելույթներին, որոնք աշխատում էին առավելագույնս համառոտ արտահայտվել՝ հանրահավաքը Բաղրամյան պողոտայում շարունակելու համար: Ըստ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի՝ այն փաստը, որ այդքան բռնություններից ու ապօրինություններից հետո էլ այսքան մարդ է հավաքվել՝ վկայում է, որ «չընտրված նախագահի հեռացումը կանխորոշված է»: Արտաշես Գեղամյանը դրական գնահատեց օրենսդրական աշխատանքի կոալիցիայի բոյկոտը. «Իրենք չենթարկվեցին պրն Քոչարյանին, որն ուզում է աշխարհին ապացուցած լինի, թե Հայաստանում եւ ոչ մի բան տեղի չի ունենում, բոլոր մարմիններն աշխատում են բնականոն»: Շավարշ Քոչարյանի ելույթից դատելով՝ սկսվում է նյարդերի պատերազմ. «Եվ ում նյարդերը չդիմացան, ով փորձեց առաջինը հարձակվել՝ տանուլ է տալու»: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը խոսեց պայքարի ուղիների մասին. «Ես «սահմանադրական» բառը լավ չեմ հասկանում: Ավարայրի ճակատամարտը սահմանադրական պայքար չէր, բայց պայքար էր մեր պետության, երկրի եւ ժողովրդի ապագայի համար»: Ըստ Վիկտոր Դալլաքյանի՝ իրենք Բաղրամյան պողոտան պիտի պաշարեն ու մնան այնքան՝ մինչեւ չհեռանա Քոչարյանը: Իսկ Արշակ Սադոյանը վստահ էր, որ եթե տեսնեն այսքան մարդու՝ «լեղապատառ կլինեն»: «Հանրապետության» առաջնորդ Արամ Սարգսյանը վաղօրոք ասաց, թե չեն պատրաստվում որեւէ ընդհարման. «Ոստիկանությանն ասում եմ՝ չփորձեք որեւէ սադրանք անել եւ ժողովրդի հետ գնալ ընդհարման»: Ոստիկանները չփորձեցին էլ խոչընդոտներ հարուցել. պետավտոտեսչության մի քանի մեքենաներ նախ պատնեշել էին Բաղրամյան պողոտան: Բայց հենց ցուցարարները փորձեցին ձեռքերի վրա առնելով տեղափոխել դրանք՝ ոստիկաններն իրենք նստելով ղեկին հեռացրին մեքենաները: Սկզբում ցույցը ձգվում էր ԱԺ մատույցներից մինչեւ օպերա: Սակայն երբ շուրջ 2-3 ժամվա ընթացքում միայն ելույթներ եղան՝ շատերը հեռացան: Հիմնականում հորդորներ էին հղվում փշալարի այն կողմում գտնվող զինվորներին, որ ուժ չկիրառեն իրենց եղբայրների հանդեպ ու չկատարեն ապօրինի հրամանները: Այդպես խոսեց մասնավորապես ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը: Վիկտոր Դալլաքյանն ազդարարեց, թե ԱԺ 4 պատգամավորներ՝ Գրիգոր Հարությունյանը, Գագիկ Կոստանդյանը, Սմբատ Այվազյանը եւ ինքը պիտի փորձեն հանդիպել ԱԺ նախագահի հետ եւ նրանից պահանջեն. «Երկրի երկրորդ դեմքը պարտավոր է դուրս գալ այս հազարավոր մարդկանց դիմաց եւ ասել իր խոսքը: Երկրորդը՝ առաջարկելու ենք, որ նա եւ իրեն սատարողները միանան ժողովրդին, քանի որ միայն այդ պարագայում քաղաքական ուժերը կարող են վերացնել այն խարանը, որը Քոչարյանը փորձում է դաջել նրանց ճակատին: Առաջարկում ենք, որ մեզ հետ բանակցությունների մեջ մտնի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը, որը կատարել է հրամանը եւ փակել է մեր ճանապարհը փշալարով: Հիշեք՝ Քոչարյանը երդվել է փշալարերի տակ, եւ մնացել է շրջապատված փշալարերով»: Ընդհատենք պրն Դալլաքյանին՝ նշելու համար, որ ընդդիմադիրներն էլ զորքին էին որոշ իմաստով շրջապատել, քանի որ նրանց մոտեցել էին Բաղրամյան պողոտայի ե՛ւ ներքեւից, ե՛ւ վերեւից՝ Պռոշյան փողոցի կողմից: «Արդարության» քարտուղարը նաեւ առաջարկեց, որ բոլոր հեռուստաընկերությունները «մեկ ժամվա ընթացքում մեզ տեղեկացնեն, թե պատրաստ են ուղիղ եթեր տրամադրել ընդդիմության ներկայացուցիչներին եւ ճիշտ տեղեկատվություն տան այս խաղաղ երթի մասին»: Հայտնեց, թե մեկ ժամ սպասելուց հետո դիմելու են այլ քայլերի: Սակայն հաջորդող ժամանակահատվածում հանդիպում չեղավ ոչ միայն Արթուր Բաղդասարյանի, այլ նաեւ Հայկ Հարությունյանի հետ: Մի պահ պատգամավորներից մի քանիսը գնացին ՍԴ-ի մոտ: Ըստ Սմբատ Այվազյանի՝ «Ասացին, թե ՍԴ-ն բան ունի ասելու հանրահավաքի մասնակիցներին 2003-ի իր որոշման հետ կապված: Նիստ է եղել, վերահաստատել են որոշումը վստահության հանրաքվեի վերաբերյալ, եւ հիմա ուզում են մասնակիցներին տեղյակ պահել: Փորձում ենք դա իմանալ պաշտոնապես»: Սակայն իրականությունը տրամագծորեն հակառակն էր՝ ՍԴ-ն խնդրել էր «քաղաքական սպեկուլյացիաների առարկա չդարձնել» իր որոշումը: Փաստորեն, պահանջներից որեւէ մեկը չկատարվեց: Ճիշտ է, որոշ ժամանակ անց համալրում եղավ՝ ի հաշիվ մարզերից եկածների, սակայն միեւնույն է՝ ընդդիմության նախընտրելի բնորոշմամբ ասած՝ «մինչեւ վերջ կանգնողներն» այնքան էլ շատ չէին: Մնացածները գիշերելու էին Բաղրամյան պողոտայում: ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը հայտնեց, որ առավոտյան էլի փորձելու են հանդիպել ԱԺ նախագահին: Նաեւ հայտնի էր, որ գիշերվա ընթացքում ընդդիմադիրները պատրաստվում են այցելել այն մարզերը, որոնց ճանապարհները փակ են, եւ ժողովրդին բերել Բաղրամյան պողոտա: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել