Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՀԱՂԹԻ»

Ապրիլ 13,2004 00:00

«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՀԱՂԹԻ» Արա Սահակյանը եւ Ստեփան Գրիգորյանը գնահատում են ներկայիս քաղաքական իրավիճակը «Հակաբռնապետական շարժումը ժամ առ ժամ հասունանում եւ ուժ է հավաքում։ Հայ ժողովուրդը կհաղթի, քանի որ ժողովուրդները երբեք չեն պարտվում։ Պարտվում-վերանում են ուզուրպատորների, ֆյուրերների, խունտաների, մելիքների ռեժիմները։ Հայաստանում էլ նույնը կլինի»,- երկրում ընթացող ներքաղաքական զարգացումների մասին երեկ մեզ հետ զրույցում նման համոզմունք հայտնեց «Արմատ» կենտրոնի անդամ Արա Սահակյանը։ «Հակաժողովրդական այս շարժումը ի հայտ է բերում իշխող վարչախմբի խոցերը,- նկատի ունենալով ԱԺ մեծամասնության նիստերի բոյկոտը, Ա. Սահակյանը հավելեց,- ԱԺ եռանդամ մեծամասնության երեկվա քայլը նշանակում է հրաժարում խորհրդարանի սահմանադրական լիազորությունների իրականացումներից եւ կապիտուլյացիա»։ Ըստ պրն Սահակյանի, դրանով ԱԺ մեծամասնությունն ընդունեց, որ ԱԺ-ն իշխանության ինքնուրույն թեւ չէ եւ չի հանդիսանում քաղաքական մարմին, իսկ դրա պատճառը ոչ միայն այն է, որ ԱԺ ընտրությունները կեղծվել են, այլեւ, որ նրա հիմնական կազմը հաստատվել է ընտրություններից շատ առաջ՝ Նախագահական պալատում։ Իսկ չափանիշը եղել է հնազանդությունն իշխող վարչախմբին։ «Այս գնահատականի հաջորդ հաստատումը կլինի Ալբերտ Բազեյանի, Սմբատ Այվազյանի, Վիկտոր Դալլաքյանի եւ ընդդիմության մյուս գործիչների կալանավորման համաձայնությունը։ ԱԺ-ի այս մեծամասնությունը մեր հասարակության ամոթն է»,- եզրափակեց Ա. Սահակյանը։ «Արմատ» կենտրոնի մեկ այլ անդամ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը մեզ հետ զրույցում արտահայտեց այն դասական կարծիքը, որ այս քաղաքական ճգնաժամը անցած նախագահական եւ խորհրդարանական ոչ լեգիտիմ ընտրությունների արդյունք է։ Ներկա իրավիճակը, ըստ նրա, դասական է այն առումով, որ երբ ԱԺ-ն չի ընտրվում ժողովրդի կողմից, չի արտահայտում ժողովրդի կարծիքը, ժողովուրդը եւ քաղաքական ընդդիմությունը դուրս են գալիս հրապարակներ, անց են կացնում հանրահավաքներ, երթեր, նստացույցեր։ Ավելին՝ «այն, որ իշխող կոալիցիան ի դեմս ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի, այսօր բոյկոտելով խորհրդարանի աշխատանքը, փաստորեն, խոստովանեց, որ ինքը ժողովրդի կողմից ընտրված չէ։ Մեծամասնությունը նիստն անցկացնելու խնդիր չէր ունենա, բոյկոտը փոքրամասնության համար է»,- ասաց Ստ. Գրիգորյանը։ Մեր զրուցակցին, սակայն, առավել մտահոգիչ են թվում իշխանության «հակաքայլերը». «քանի որ իշխանությունը փորձում է ընթացող քաղաքական պրոցեսը քրեականացնել, ուստի Հայաստանն այսօր մի շարք քաղբանտարկյալներ ունի։ Դասական օրինակ է Սուրեն Սուրենյանցի ձերբակալումը, երբ քաղաքական գործչին փորձում են դատել ԽՍՀՄ-ում գործած՝ «դիսկրիդիտացիա սովետսկոգո ստրոյա», տիպի»։ Այս ամենը, պրն Գրիգորյանի համոզմամբ էլ, կհարվածի Հայաստանի հեղինակությանը, քանի որ հանրահավաքները, երթերը եւ ցույցերը խաղաղ են եւ օրինական։ Ի դեպ, լինելով Եվրախորհրդի անդամ, հայ հասարակությունը իրավունք ունի վերոնշյալ միջոցառումներն անցկացնելու առանց թույլտվության, որոնց ընթացքում իշխանությունները պարտավոր են ապահովել ցուցարարների անվտանգությունը։ Այս ամենի արդյունքում Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ միջազգային հանրությունը սանկցիաներ կկիրառի մեր երկրի նկատմամբ։ «Անհրաժեշտ է, որ Հայաստանում օրինական իշխանություններ ձեւավորվեն եւ միայն դա կարող է լինել երաշխիք՝ ԼՂՀ հարցի՝ ի նպաստ հայ ժողովրդի լուծման»,- վստահ է Ստեփան Գրիգորյանը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930