Լրահոս
Օրվա լրահոսը

Մ. ԲԱԴԱԼՅԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՀԱՍՆԵԼ ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ

Ապրիլ 13,2004 00:00

Մ. ԲԱԴԱԼՅԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՀԱՍՆԵԼ ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ Բազեական ուսխուրհուրդն այլեւս եղանակ չի ստեղծում ԵՊՀ-ում Երեկ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում նախատեսված էր Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հանդիպումը՝ բուհի ավարտական կուրսի ուսանողների հետ: Հանդիպմանը մնացել էր 5 րոպե, սակայն դահլիճում միայն լրագրողներն էին եւ մի քանի դասախոսներ, որոնք արագ-արագ ինչ-որ տեղեր էին զանգում ու հայտնում, որ «դահլիճը դատարկ է, հիմա հյուրերը կգան», «իզուր կազմակերպումը թողեցինք ուսխորհրդի հույսին»: Եվ երբ ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը հյուրի հետ մտավ դահլիճ եւ շվարած կանգնեց՝ տեսնելով գրեթե դատարկ դահլիճը, դասախոսներին այլ բան չէր մնում, քան լսարաններից հավաքել-բերել տարբեր կուրսերի ուսանողների: Իսկ նրանք, ում ավելի մոտ էր քաղծառայության խորհրդի դուռը թակելու «սպառնալիքը», այդպես էլ չներկայացան: Իսկ Մանվել Բադալյանը խորհուրդ էր տալիս, որ պետք չէ ամեն ինչին թերահավատորեն նայել, թե ստեղծվել է հերթական կառույցը, որը ոչինչ էլ չի անի. «Եթե այդպես մտածենք, իսկապես ոչնչի չենք հասնի»: ԵՊՀ դասախոսներից տիկին Առաքելյանը քաղծառայության խորհրդի նախագահին իր կյանքից մի օրինակ բերեց, երբ հարկային ծառայողի պաշտոնի հավակնորդներից ընտրվել էր մասնավոր բուհն ավարտած 25172ամյա մեկը, որին գերադասել էին 100 միավոր վաստակած, դատական համակարգում 10 տարվա աշխատանքային փորձ ունեցողից: Իսկ հարցազրույցի ժամանակ հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը վերջինիս միայն զարմացած հարցրել էր՝ չեմ հասկանում, ինչո՞ւ եք ձեր համակարգը թողած եկել այստեղ: «Ես կարող եմ ափսոսել միայն, քանի որ դա մեր բնագավառում չէ, եւ հարկային ծառայությունն ինքն է դրա կազմակերպողը»,- փաստի առնչությամբ ասաց Մ. Բադալյանը: Իսկ մեր հարցին, թե արդյոք քաղծառայության խորհուրդը վերահսկողություն չի՞ սահմանում նման անարդարացի դեպքերը բացառելու համար, պրն Բադալյանը պատասխանեց. «Հարկային ծառայության մասին» օրենքով իրենց թափուր պաշտոնների մրցույթը կազմակերպվում է մարմնում, չենք վերահսկում այսօր, բայց հետագայում միգուցե կգանք նաեւ դրան»: Մ. Բադալյանը նաեւ փաստեց, որ կան օրինակներ, երբ գերատեսչական մարմնի ղեկավարները միջնորդություն են ներկայացրել խորհրդին՝ այս կամ այն քաղծառայողին աշխատանքից ազատելու մասին, եւ իրենք, ուսումնասիրելով հանգամանքները, մերժել են միջնորդությունը: Սակայն կան նաեւ դեպքեր, երբ ընդունել են միջնորդությունը. մասնավորապես՝ բնապահպանության նախարարության մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում: Ինչ վերաբերում է քաղծառայության մրցույթներում հանձնաժողովի դրսեւորած սուբյեկտիվության դրսեւորումներին, քաղծառայության խորհրդի նախագահը այդ դեպքերը ընդունեց եւ նշեց, որ նման փաստերը բացառելու համար պետք է հասնել նրան, որ մրցույթի արդյունքում հաղթի մեկը: Միաժամանակ պրն Բադալյանը նշեց, որ այդ հարցում չի շտապում. «Ես չեմ շտապում մրցույթի արդյունքում մեկ հաղթողի հասնելուն, որովհետեւ դա էլ ունի իր դժվարությունները: Մենք այսօր այդ քայլին պատրաստ չենք, անկեղծ ասած, որովհետեւ դա պահանջում է նաեւ հստակ չափորոշիչներ, կատարյալ մեխանիզմներ, որպեսզի կարողանանք բացահայտել լավերից լավին: Այսօր կարողանում ենք լավերին բացահայտել, բայց լավերից լավագույնին… մենք դեռ լուծելու խնդիրներ ունենք: Հիմա հստակեցվում են չափորոշիչները, կատարելագործվում են տեստային առաջադրանքները, հարցաշարերը»: Եվ մինչ այս հարցում Մանվել Բադալյանը սկսի շտապել, կլրանա իր պաշտոնավարման 6 տարին եւ նա էլ իրեն նշանակած ՀՀ նախագահի հետ հանգիստ կհեռանա իր պաշտոնից: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930