Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՆԵԼԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է»

Ապրիլ 16,2004 00:00

«ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՆԵԼԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԽՆԴԻՐ Է» Ասում է Դավիթ Շահնազարյանը «Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը կատարվածը հանցագործություն էր խաղաղ ցուցարարների դեմ: Ակնհայտ է, որ դա նախապես ծրագրավորված էր՝ մինչեւ «Ազատության» հրապարակում հանրահավաքի սկսվելը»,- այսպես գնահատեց Բաղրամյան պողոտայում խաղաղ ցուցարարների դեմ իշխանությունների կիրառած բռնարարքները Դ. Շահնազարյանը: Իր այս պնդումը նա փաստարկեց մի քանի կետերով, նախ՝ հիշեցնելով ինչպես Ռ. Քոչարյանի, այնպես էլ իշխող խորհրդարանական կոալիցիայի բոլոր ուժերի ղեկավարների հայտարարություններն ու ընդդիմությանն ուղղված նրանց ուղղակի սպառնալիքները, երկրորդ՝ Սահմանադրական դատարանի՝ ապրիլի 12-ին արած զուտ քաղաքական հայտարարությունը, որն աննախադեպ երեւույթ էր որեւէ նորմալ պետության համար, երրորդ՝ մինչ ընդդիմության հանրահավաքների շարքը սկսելը, ոստիկանական համակարգում նախապես կատարված կադրային փոփոխությունները: Սակայն պարոն Շահնազարյանն այս իմաստով նաեւ նոր բացահայտում էլ արեց: Ըստ նրա, իշխանությունների բռնարարքներին նախապատրաստված լինելու մասին վկայում է նաեւ այն, որ «տեղի ունեցած ջարդից հետո հանրահավաքի խաղաղ մասնակիցներին ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկելով՝ նրանց հարցաքննել են նախօրոք բազմացված եւ ոստիկանության բաժիններ ուղարկված հարցաթերթիկներով, որոնցում եղած եւ բերման ենթարկվածներին ուղղված հարցադրումները վաղօրոք են գրված եղել եւ վերաբերել են այն դեպքերին, որոնք դեռեւս տեղի չէին ունեցել: Համենայն դեպս, շատ անձինք, ում հետ ես խոսել եմ, բոլորն ասում են, որ իրենց քննել են նույն հարցաթերթիկներով, որոնք բաժանված էին քննիչներին: Անօրինական ձերբակալվածներից մեծ մասի վերաբերյալ ոստիկանական բաժիններում որեւէ արձանագրություն չի կազմվել: Նրանք անօրինական են պահվել եւ նույնիսկ կանայք ոստիկանական բաժիններում ենթարկվել են դաժան ծեծի»,- ասաց Դ. Շահնազարյանը: Ինչ վերաբերում է այդ գործողությանը, ապա՝ դրա նպատակը, քաղաքական գործչի ասելով, եղել է բռնություն՝ հանուն բռնության: «Նպատակը ոչ թե Բաղրամյան պողոտան ազատելն էր, ինչպես նշում են իշխանությունները, այլ՝ ցուցարարներին ջարդելն ու դաժան ծեծի ենթարկելը: Ցուցարարներին հնարավորություն չի տրվել անգամ նահանջել, խույս տալ հարվածներից. նրանց մի քանի կողմից շրջապատել են եւ իսկական ջարդ են սարքել»: Դրանով Ռ. Քոչարյանն ի՞նչ նպատակ է հետապնդում: «Սրանով նա մի քանի հարց է լուծում: Նախ՝ քաջ գիտակցելով, որ ինքը կանգնելու է դատարանի առաջ՝ փորձում է իրավապահ մարմինների աշխատակիցներին ստիպել, որ նրանք էլ այրեն կամուրջները իրականության, օրենքի եւ ժողովրդի հետ: Այդ անձինք հստակ պետք է ընկալեն, որ եթե նրանք շարունակեն գործել այսպես, ապա՝ իրենք էլ Ռ. Քոչարյանի հետ միասին կհայտնվեն մեղադրյալի աթոռին: Իսկ կարեւորն այն է, որ ՀՀ-ում ներքաղաքական լարվածություն սադրելով, Քոչարյանը փորձելու է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում առաջիկայում սպասվող անխուսափելի ձախողումները պատճառաբանել ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական լարվածությամբ եւ մեղքը բարդել ընդդիմության վրա: Բայց դա նրան չի հաջողվի: Որեւէ քաղաքական ռեսուրս՝ ոչ արտաքին, ոչ ներքին, ոչ իրավական կամ՝ բարոյական, Քոչարյանը չունի իր իշխանությունը պահելու համար: Նրա միակ հենարանն այսօր սվիններն են: Անհրաժեշտ է միաժամանակ հստակ ընդգծել, որ տեղի ունեցած ջարդի ողջ պատասխանատվությունը՝ եւ քաղաքական, եւ իրավական, կրում են Ռ.Քոչարյանի հանցավոր վարչախումբը, կոալիցիայի կուսակցություններն առանց բացառության եւ ԱԺ ղեկավարությունը: Պետք է հիշել, որ ԱԺ տարածքն օգտագործվել է խաղաղ ցուցարարների դեմ պատժիչ գործողությունը նախապատրաստելու եւ իրականացնելու համար: Իշխող կոալիցիան ինքն այդ օրը աննախադեպ քայլի դիմեց եւ տապալեց ԱԺ եռօրյա նիստերը: Ակնհայտ է, որ ցուցարարների ջարդը ծրագրավորված է եղել եւ այդ ուժերը հենց այդ նպատակով են տապալել նիստերը: Ստեղծված իրավիճակում Քոչարյանն իրեն հայտարարել է օրենքից դուրս: Հայաստանում հիմա, ըստ էության, չհայտարարված հատուկ դրություն է, իրավապահ մարմինները վերածվել են բացառապես պատժիչ մարմինների: Ռոբերտ Քոչարյանի հեռացումը պետք է դառնա համաժողովրդական խնդիր եւ պետք է լինի ՀՀ ամեն քաղաքացու սրբազան պարտքը: Մենք ինքներս ենք պարտավոր դա անել, հաստատել ՀՀ-ում օրինական իշխանություն, դա մեր թիվ 1 խնդիրն է, քանի որ դրանով է պայմանավորված Հայաստանի անվտանգության, ինչպես նաեւ ԼՂ ժողովրդի՝ իրենց հողում անվտանգ ապրելու իրավունքն ու հնարավորությունը»: Մեր զրուցակցի դիտարկմամբ, վտանգավոր ու ծանրագույն հետեւանքներով հղի է այն, ինչ Ռ. Քոչարյանն անում է արդեն տարիներ շարունակ՝ հրահրելով հայաստանցիների եւ ղարաբաղյան ծագում ունեցողների առճակատում. «Նա միտումնավոր է դա անում: Կարծում եմ, որ մեր ժողովուրդը կկարողանա դա կանխել. խնդիրն ավելի խորն է, քան ընդդիմություն-Քոչարյան պայքարը»: Ի՞նչ հետեւանքներ կարող են ունենալ այդ իրադարձությունները ՀՀ միջազգային հեղինակության տեսանկյունից՝ նկատի ունենալով միջազգային հանրության բարձրացրած աղմուկն ու իրար հաջորդող կոշտ հայտարարությունները: «Արդեն մի քանի տարի է, ինչ նման հայտարարություններ միջազգային տարբեր ատյաններում, տարբեր պետությունների կողմից հնչում են, ընդունվում են դատապարտող փաստաթղթեր եւ այլն: Բայց մենք պետք է հստակ հասկանանք, որ իշխանափոխությունը բացառապես մեր խնդիրն է եւ միայն մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պետք է այն լուծենք: Որ Քոչարյանը գնալու է՝ հստակ է: Պարզապես պետք է այնպես անել, որ դա հնարավորինս քիչ ցնցումներով տեղի ունենա»,- նշեց նա: Շատերն են կարծիք հայտնում, թե Քոչարյանը երբեք հոժարակամ չի գնա: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ մեխանիզմներ կան քաղաքակիրթ ճանապարհով նրան հեռանալուն հարկադրելու համար: «Մեխանիզմը միակն է՝ հրապարակային, քաղաքական պայքար, որի ընթացքում պետք է դավանել այն արժեքներին, որոնց հիման վրա է միայն հնարավոր հաջողության հասնել: Դա ժողովրդավարությունն է, մարդու իրավունքները: Կարծում եմ, իրադարձություններն այսուհետ ավելի արագ կզարգանան: Այլեւս անհնար է ինչ-որ բան կանգնեցնել, որովհետեւ սվինների վրա երկար իշխանություն պահելն անհնար է»,- ասաց գործիչը: Ընդդիմության եւ հասարակական կազմակերպությունների ակտիվացման եւ հրապարակային պայքարը շարունակելու վճռականությունը Քոչարյանին տանում են դեպի փակուղի: Հետոն ի՞նչ է լինելու: «Նա վաղուց է փակուղում: Ինքն իր գործողություններով հրահրում է այս ամենը: Դա նրա կրիմինալ մտածելակերպի արդյունքն է: Նրա բոլոր հրապարակային ելույթներում, գործողություններում այդ մտածելակերպի ականջները երեւում են»,- հայտարարեց նա: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել