Լրահոս
Օրվա լրահոսը

Վտարում՝ երկակի ստանդարտներով

Ապրիլ 16,2004 00:00

Վտարում՝ երկակի ստանդարտներով Աղետյալների նկատմամբ նույն դատարանը ընդունեց տրամագծորեն տարբեր որոշումներ ՀՀ տնտեսական դատարանի անցյալ տարվա հունվարի 21-ի վճռով «Երիտասարդական պալատ» ՓԲԸ-ն ճանաչվել է անվճարունակ, ապա լուծարվել է։ Երիտասարդական պալատի մասնաշենքում այդ նույն ժամանակ ապրում էին 1988-ի երկրաշարժից տուժած, Գյումրիից տեղափոխված քաղաքացիներ եւ փախստականներ։ Պալատի անշարժ գույքը այս տարվա հունվարի 13-ին հանվեց առքուվաճառքի եւ այն, ըստ պայմանագրի, գնեց «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ն։ Վերջինս պարտավորվեց 2 ամսում տարածքը բնակվողներից ազատել, առաջարկելով բնակարան։ Համենայնդեպս, այդպես է պնդել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյան դիմած «ԵՊ» ներկայացուցիչ Լեւոն Հովհաննիսյանը՝ գյումրեցի Երեւակ, Լեւոն, Սուսաննա Գալստյանների դեմ հայցադիմումում։ Պալատի 310 սենյակում ծվարած 83-ամյա Երեւակ Գալստյանը բռնադատվածի կարգավիճակ ունի, աքսորյալ ընտանիքի անդամ է։ Սուսաննան եւ Լեւոնը՝ քույր եւ եղբայր, ամուսնացած չեն։ Գալստյաններն ունեն տեղեկանքներ այն մասին, որ «հաշվառված չեն Գյումրիի սոցծառայության տարածքային կենտրոնում», եւ փաստացի հաշվառված են Երիտասարդական պալատի 310 սենյակում։ Անվճարունակության գործով կառավարիչ Լ. Հովհաննիսյանը եւ դատարանը, սակայն, այդ փաստի վրա ուշադրություն չդարձրին եւ Գալստյաններին համարեցին «ապօրինի տիրապետողներ»։ Ապօրինի տիրապետողներին այդ նույն տրամաբանությամբ անվճարունակության գործով նորահայտ կառավարիչը կարող էր վտարել զբաղեցրած տարածքից 1988-ի դեկտեմբերից հետո։ «Սեփականատերն իր հաշվին գումար է հատկացրել բնակիչներին, որոնք պետք է ազատեին իրենց զբաղեցրած սենյակները։ Գումարային փոխհատուցում է տրվել բոլոր փախստականներին, բացի մեր ընտանիքից»,- պատմում է Ս. Գալստյանը։ Նրան, մորը եւ եղբորը դատարանի վճռով վտարել են հյուրանոցից՝ առանց որեւէ փոխհատուցման եւ հասցե-տեղ մատնանշելու։ «Վճիռը կամովին չկատարելու դեպքում դա կկատարվի ԴԱՀԿ ծառայության միջոցով»։ Սա դատավոր Պարգեւ Օհանյանի՝ մարտի 16-ի վճռից է, ուր փոխհատուցման պահանջը եւս համարվել է անհիմն։ Նույն դատարանի մեկ այլ դատավոր՝ Էդիկ Ավետիսյանը, մարտի 5-ին վարվել է ճիշտ հակառակ ձեւով։ Երիտասարդական պալատի 311 սենյակի բնակչին՝ Մանյա Հարությունյանին վտարելու հարցը լուծել է այսպես. «Պատասխանող Մ. Հարությունյանին վտարել ԵՊ մասնաշենքի թիվ 311 սենյակից՝ 5600 ԱՄՆ դոլար գումարի չափով դրամական փոխհատուցում տրամադրելուց հետո»։ Հետաքրքիր է, որ այս դատաքննության ժամանակ անվճարունակության գործով հայցվոր կառավարիչը՝ Լ. Հովհաննիսյանը, առաջարկել էր պատասխանողին փոխհատուցումից բացի «Մոլդովական 70 հասցեում գտնվող թիվ 809 սենյակը», իսկ Գալստյանների դեպքում ոչ մի բան չէր առաջարկել։ Գալստյանները դիմել էին վերաքննիչ դատարան, որը երեկ, բնականաբար, հաստատեց վտարելու որոշումը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել