Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴԵՆ «ՊԼԱՆ» ԵՆ ԳՑՈՒՄ

Ապրիլ 21,2004 00:00

ԱՐԴԵՆ «ՊԼԱՆ» ԵՆ ԳՑՈՒՄ Քարակերտ գյուղի բնակիչ, ԱԺՄ անդամ Լավրենտի Կիրակոսյանը 10 օր առաջ ձերբակալվել էր Երեւանում ցույցերի մասնակցելու համար եւ ենթարկվել վարչական պատասխանատվության՝ ոստիկանությանը «չարամտորեն չենթարկվելու» հոդվածով: Երեկ լրացավ նրա կալանքի ժամկետը, եւ այսօր նա պիտի լիներ ազատության մեջ, սակայն, ինչպես մեզ հայտնեց ահազանգով դեպքի վայր մեկնած ՀՀ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ երեկ ժ. 17-ի սահմաններում 12 ոստիկաններ ներխուժել են Լավրենտի Կիրակոսյանի տուն, եւ առանց ցույց տալու դատարանի որոշումը՝ սկսել խուզարկել այն: «Ես զրուցեցի 2 ընթերակաների հետ՝ ոչինչ չէին գտել,- ասաց պրն Իշխանյանը: – Հետո շներ էին բերել, ու խուզարկել շներով՝ էլի ոչինչ չէին գտել: Միջանցքի դռան վերեւում ունեն ջեռուցման մի բաք, որը մի բարձրահասակ ոստիկան նախապես ստուգել էր ու ոչինչ չէր հայտնաբերել: Քրոջ՝ Լաուրա Կիրակոսյանի ասելով՝ տեսել էր, որ այդ բաքին քիչ անց 2-րդ անգամ էր մոտեցել ոստիկանը եւ թեւքի միջից հանելով տոպրակով ինչ-որ կանաչ բան՝ դրել, ու հետո այն «հայտնաբերել» բաքից: Առանց սանկցիայի խուզարկել են նաեւ Լավրենտի Կիրակոսյանի քրոջ տունը, որտեղ էլ ոչինչ չեն հայտնաբերել եւ խուզարկության արձանագրության պատճեն էլ չեն թողել»: Լավրենտի Կիրակոսյանին նորից տարել են: Այս ամբողջ գործողությունը ղեկավարել է Բաղրամյանի ոստիկանության պետի տեղակալ Էդիկ Մկրտչյանը: Ի դեպ, Լավրենտի Կիրակոսյանի նախորդ ձերբակալությունը կինն արդեն իսկ շատ ծանր էր տարել՝ հղի է եղել, եւ վիժել է, այժմ էլ արյունահոսությամբ պառկած է տանը: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել