Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՌԱԶՄԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՇՈՈՒ»

Ապրիլ 21,2004 00:00

«ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ ՌԱԶՄԱՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՇՈՈՒ» Ապրիլի 12-13-ի իրադարձությունները՝ մասնագետի մեկնաբանությամբ «Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը տեղի ունեցածը ռազմաոստիկանական շոու էր, քանի որ հատուկ միջոցների այդ սպեկտրը՝ ձայնալուսային, գազային, էլեկտրաշոկային, բարոյահոգեբանական ներազդում վահաններով, մահակներ, փշալարեր եւ այլն, «օպերացիայի» գագաթնակետում են օգտագործում, երբ տեղի են ունենում մասսայական անկարգություններ՝ թալանով, ջարդոցներով, մարդկանց կյանքին սպառնացող միջոցներով ուղեկցվող»,- մեզ հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց «Զարթոնք» ազատամարտի կամավոր մասնակիցների եւ պրոֆեսիոնալ զինվորականների միության նախաձեռնող խմբի անդամ Արթուր Գեւորգյանը։ Վերջինս, ի դեպ, եղել է ՀՀ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՄՀՕՋ) հիմնադիրը, ՆԳՆ ներքին զորքերի կազմավորողներից մեկը, առաջին օպերատիվ գնդի հրամանատարը, ռազմաարդյունաբերական համալիրի փոխտնօրեն, 1988-90թթ.՝ ՆԳ վարչության շտաբի ավագ սպա։ Մասնակցել է Աֆղանստանի, Անգոլայի մարտերին, ԼՂՀ պաշտպանությանը։ Պարոն Գեւորգյանը, որը 12-ի լույս 13-ի գիշերը եղել է Բաղրամյան պողոտայում, երեկ մեզ հետ կիսեց իր մասնագիտական դիտարկումները։ Ըստ այդմ, հատուկ միջոցներն օգտագործվում են այն դեպքում, երբ կան համապատասխան հրահանգներ՝ եթե սպառված են մասսայի վրա ներազդելու բոլոր ձեւերը։ Դա հատուկ ագիտացիան է, բանագնացների միջոցով երկխոսությունը։ «Կար հնարավորություն մարդկանց ցրելու կամ այլ ուղղությամբ ուղղորդելու, բայց այդ միջոցները չօգտագործվեցին, անգամ այն պարագայում, երբ առաջարկություններ են եղել ոստիկանապետի, «օպերացիան» ղեկավարողի հետ հանդիպելու»,- ասում է պարոն Գեւորգյանը։ Բացի այդ՝ «այդ միջոցառումը 1-2 ժամում չէր կազմակերպվել»,- գտնում է մեր զրուցակիցը եւ հիմնավորում. «Նախ եւ առաջ ուժերի, միջոցների հաշվարկ, տեղաբաշխում պետք էր կատարել։ Համապատասխան թույլտվություններ պետք էր ստանալ դատախազից, քաղաքապետից։ Դա կանխավ պատրաստած էր։ Նույնիսկ բուժհիմնարկներն էին պատրաստ»։ «88-90թթ., երբ բազում առիթներ եղան, անգամ նման մեթոդներ չեն կիրառվել։ Ձայնալուսային էֆեկտ միայն մեկ անգամ կիրառվեց, երբ միտինգավորները ցանկանում էին մտնել ՊԱԿ-ի ընդունարան։ Մենք էլ ենք ապահովել ներքին կարգուկանոն, բայց այսօր բաց ճակատով ենք ժողովրդին նայում։ Ժամերով բանակցում էինք, որ մարդիկ հանդարտվեին եւ հաջողվում էր։ 88-ի նոյեմբերի 7-ին, երբ շքերթը վերածվեց միտինգի, հրաման արձակվեց վարչական միջոցներ ձեռնարկել, քաղաքի ՆԳ վարչության պետը հրաժարվեց իր պաշտոնից, բայց ժողովրդի դեմ դուրս չեկավ։ Նույնը տեղի ունեցավ ավելի ուշ, երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին էին ձերբակալում։ Մեր զենքը ամենահզորն էր՝ ժողովրդին համոզել, փոխըմբռնում,- վերհիշեց մեր զրուցակիցը,- իսկ այսօր ոստիկանները կորցրին լեզուն, ժողովրդի հետ խոսելու ունակությունը։ Խոսում ենք հայերեն, բայց տարբեր լեզուներով։ Եվ հենց սա է ողբերգությունը։ 12-13-ին մեզ դարձրին Սարոյան եղբայրներ»։ Պրն Գեւորգյանը ի լուր իշխանության հայտարարեց. «Եվ փշալարերի ա՛յս կողմը եղանք, եւ՝ ա՛յն կողմը, պատերազմում մեր ընկերներին կորցրինք, արյուն տեսանք, հաղթանակի ուրախություն տեսանք։ Իսկ այսօր ընտանիքի, հայ տղամարդու, զինվորի ու սպայի արժանապատվությունն ենք կորցրել, էլ կորցնելու բան չունենք։ Տեսնել սոված երեխայի՞… ես թույլ չեմ տա։ Որպես հրամանատար, իմ անձնակազմի առաջ պարտականությունս մինչեւ վերջ եմ կատարելու։ Եթե մեզ չեն լսում՝ մենք կստիպենք, որ լսեն։ Մեզ ստիպեցին 10 տարի լռել։ Ամեն ինչ ունի սկիզբ ու վերջ։ Եթե այս անգամ էլ մեզ չլսեն՝ ոչինչ չի կարող մեր դեմն առնել։ Մենք կգործենք իրավական դաշտում, միջազգային նորմերի սահմաններում եւ այն ժամանակ կերեւա՝ ով է տղամարդը, ով երկիրը կբերի ժողովրդավարական սկզբունքների։ Մենք՝ մեր կարգավիճակից ու կյանքից նեղացած՝ էլ կորցնելու բան չունենք։ Եթե փշալար կա՝ թող լինի նրա համար, ով արժանի է»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել