Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհերի հիշատակին

Ապրիլ 21,2004 00:00

Զոհերի հիշատակին Ա. Խաչատրյան համերգասրահում ապրիլի 24-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինությունը կներկայացնի հայաստանյան պրեմիերա՝ նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին։ Ֆիլհարմոնիկ, «Սերենադ» նվագախմբերի, «Հովեր» կամերային երգչախմբի կատարմամբ կհնչի Լուիջի Քերուբինի «Ռեքվիեմը»։ Ըստ ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, Քերուբինիի «Ռեքվիեմը»՝ գրված 1816թ., պատկանում է հոգեւոր երաժշտության ճանաչված գործերի թվին։ Աշխարհահռչակ այս ստեղծագործության հաջողությունը պայմանավորված է նաեւ հեղինակի՝ ֆրանսիական բուրժուական հեղափոխության դարաշրջանի արվեստի նշանավոր գործիչ լինելով։ Կարծում եմ, հայ ունկնդիրը, որ լավ ծանոթ է Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի, Ֆորեի ռեքվիեմներին, կընդունի սգո, հոգեհանգստի այս մեսսան»։ «Առավոտի» հարցին՝ «Ինչպե՞ս հղացավ հայ ունկնդրին այս ռեքվիեմին ծանոթացնելու գաղափարը եւ որտե՞ղ հայտնաբերեցիք այն», Է. Թոփչյանը պատասխանեց. «Այս ստեղծագործությունը քանիցս լսել եմ եւ CD-ներով, եւ կենդանի կատարմամբ։ Գաղտնիք չէ, որ ես ստեղծագործական մեծ կապեր ունեմ գերմանացի իմ կոլեգաների հետ։ Ես չէ, որ պետք է հայտնաբերեի այս գործը։ Իմ դերն ընդամենը «Ռեքվիեմի» պարտիտուրը Գերմանիայից Հայաստան բերելն էր»։ Զրույցի ընթացքում դիրիժորը կարծիք հայտնեց, որ այնպիսի մեծակտավ ստեղծագործություն, ինչպիսին ռեքվիեմն է, բավական է, որպեսզի անմահացնի հեղինակին։ Մեր՝ «Ստացվում է, երբ կոմպոզիտորը ռեքվիեմ չունի իր ստեղծագործությունների ցանկում, ուրեմն մեծ համարվել չի՞ կարող» դիտարկմանը Է. Թոփչյանը հակադարձեց. «Յուրաքանչյուր կոմպոզիտոր մի գեղեցիկ թեմա գրելով էլ կարող է ճանաչվել։ Այս դեպքում խոսքս մեծամասշտաբ ստեղծագործությունների հեղինակների մասին է»։ Մեր հաջորդ՝ «Նույնիսկ երաժիշտները շատ հաճախ դժվարանում են միանշանակ պատասխանել՝ արդյո՞ք որեւէ հայ կոմպոզիտոր ունի ռեքվիեմ» հարցին դիրիժորը պատասխանեց. «Ինձ հայտնի է, որ միայն Ալեքսանդր Հարությունյանն ունի գրված ռեքվիեմ՝ երգչախմբի համար եւ, գտնում եմ, որ մեր երգչախմբերը պետք է անդրադառնան այդ գործին, այն էլ ոչ միայն առիթի դեպքում (նկատի ունի սգո օրերը- Ս. Դ.)»։ Մեր հանդիպման վերջում Է. Թոփչյանը տեղեկացրեց, որ հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ձեռնամուխ է եղել ավանդական ռեքվիեմի ստեղծմանը. «Կարծում եմ, կոմպոզիտորի մեծակտավ գործը երեւույթ կդառնա հայ մշակութային կյանքում: Հուսով եմ՝ առաջին կատարման իրավունքը կվստահվի մեզ»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել