Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ՝ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳՈՒՄ

Ապրիլ 23,2004 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ՝ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳՈՒՄ Սա պարտադիր պայման է՝ ըստ Արմեն Մովսիսյանի Օրերս Կամերային երաժշտության տանը կայացավ հեղինակ-կատարող Արմեն Մովսիսյանի թվով 4-րդ՝ «Խելառ իմ հոգի» CD-ի շնորհանդեսը։ Մեր հանդիպման սկզբում Ա. Մովսիսյանը հիշեցրեց, որ ապրիլի 23-ը հեղինակային իրավունքների պաշտպանության միջազգային օրն է եւ «արժե հորդորել պատկան կազմակերպություններին ու ընկերություններին՝ ձեռնպահ մնալ առանց հեղինակային իրավունքների CD-ների արտադրությամբ զբաղվելուց»։ Երգիչը գտնում է, որ Հայաստանում գոնե տեղացի ստեղծագործողները պետք է խստագույնս պաշտպանված լինեն օրենքով։ «Եթե ոչ սեփական արտադրությունից, ապա որտեղի՞ց ակնկալենք ֆինանս։ Հակառակ դեպքում՝ ի՞նչ անել, երգել գիշերային ակումբներո՞ւմ, թե՞ շուկաներում խնձոր վաճառել»,- մտահոգված է երգիչը։ Ա. Մովսիսյանի չորս CD-ներն էլ թողարկվել են ԱՄՆ-ում։ «Առավոտի» հարցին՝ «Չե՞ք վստահում CD-ների տեղական արտադրությանը», երգիչը պատասխանեց. «Հայաստանում CD արտադրող տեխնոլոգիա չկա։ Այստեղ միայն արվում են պատճեններ, կրկնօրինակներ։ Իսկ էժան CD-ները, որ վաճառվում են, թող ժողովուրդը չգայթակղվի ու գնի՝ պարզ պատճառով. դրանց որակը գնին համապատասխան է»։ Երգիչը չհերքեց մեր այն դիտարկումը, որ իր երգերում («Խելառ իմ երգ», «Արտագաղթ» եւ այլն) կա քաղաքական ենթատեքստ։ Ավելին, նա տեղեկացրեց. «Հեղինակային երգը ապրելակերպ է։ Հեղինակ-կատարողը իր ժողովրդից անջատ ապրել չի կարող։ Ես միշտ ունեցել եմ քաղաքական ակտիվ պահվածք։ Բնականաբար, երբեք ինձ չեմ առանձնացրել այն ամենից, ինչը կատարվում է երկրում։ Մեր արվեստում առաջնայինը տվյալ ժամանակին համապատասխան ճիշտ աշխարհայացք ունենալն է»։ Մեր՝ «Մանրամասնեք, խնդրեմ, ձեր արվեստով ինչպիսի՞ քաղաքականություն եք վարում դրսում» հարցին՝ Ա. Մովսիսյանը պատասխանեց. «Այսօր շատ արվեստագետներ դրսում կամ սեւացնում են Հայաստանը, կամ՝ լրիվ հակառակը։ Ես սփյուռքում խոսում եմ հայաստանցի մտավորականի, այլ ոչ ամերիկաներում հայտնված հայաստանցի «աբիժնիկի» տեսակետից, անկասկած, մնալով օբյեկտիվության շրջանակներում։ Ցավոք, Հայաստանը սեւացնողները չեն մտածում, որ դրանով ջուր են լցնում մեր լավը չուզողների ջրաղացին։ Միանշանակ գտնում եմ, որ ներքին խոհանոցի շատ հարցեր պետք չէ հանել դուրս։ Դրանք պետք է այստեղ քննարկվեն»։ Երգիչը ավելի քան վստահ է, որ սփյուռքում այն հայաստանցիներն են սեւացնում Հայաստանը, ովքեր այդկերպ ուզում են արդարացնել իրենց՝ հայրենիքից հեռանալը։ «Համոզված եմ, որ նրանք սրտացավ չեն այստեղից գնացող բացասական ինֆորմացիային։ Այն տպավորությունը թող չստացվի, թե ես կողմնակից եմ խոսքի ցենզուրային։ Ավելին, հեղինակային երգի ժանրում կարեւորում եմ խոսքի ազատությունը՝ գիտակցված, չափված ու ձեւված ազատությունը»,- կարծում է Ա. Մովսիսյանը։ Ըստ նրա, հաճախ մեր քաղաքական գործիչներն իրենց «չգիտակցված ու ծանրութեթեւ չարված արտահայտություններով պարզապես գցում են մեր երկրի վարկանիշը՝ առնետի նման մի նավից մյուսը վազելով»։ «Ինչպե՞ս են զգում իրենց հեղինակ-կատարողները հայրենիքում» հարցին, Ա. Մովսիսյանը պատասխանեց. «Հասկանում եմ հարցի ենթատեքստը։ Ասեմ, որ ամենքս գտել ենք մեր ապրելու ձեւը։ Չեմ սիրում լաց լինել, բայց դա չի նշանակում, որ ապրում ենք անհոգ։ Եթե իսկապես ուզում ես զբաղվել քո գործով, որը, վերջին հաշվով, միայն շահույթ չի հետապնդում, ուրեմն պետք է դիմանաս դժվարություններին։ Անկեղծ ասած, սփյուռքի մեր հյուրախաղերը ապահովում են Հայաստանում մարդավայել ապրելու ու ստեղծագործելու նվազագույն հնարավորությունները»։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել