Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես Ուրուգվայն ու Մոզամբիկը

Ապրիլ 23,2004 00:00

Ինչպես Ուրուգվայն ու Մոզամբիկը Մամուլի ազգային ակումբում երեկ քննարկվող թեման էր՝ «Հայ-թուրքական հարաբերություններ. խոչընդոտները եւ հեռանկարները»։ Պաշտոնական Երեւանի տեսակետը՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում, ներկայացրեց ԱԳ նախարարի խորհրդական Կարեն Նազարյանը։ Նրա մատուցմամբ՝ «ԼՂՀ հարցում Թուրքիայի կողմնակալ վերաբերմունքի վերանայումը կնպաստի Հայաստան- Թուրքիա հարաբերությունների բարելավմանը»։ Առկա խնդիրները, ըստ պաշտոնական տեսակետը ներկայացնողի, կլուծվեն միայն հարաբերությունների ծավալման արդյունքում։ Դա, իհարկե, չի նշանակում, որ ցեղասպանության հարցը մեր արտաքին դիվանագիտության օրակարգում չկա։ Բայց՝ «Հայաստանն այն չի դիտարկում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապայման»,- փոխանցեց նախարարի խորհրդականը։ Պատասխանելով «Արմատ» կենտրոնի անդամ Երջանիկ Աբգարյանի՝ «Ո՞վ կամ ի՞նչն է խանգարում Հայաստանին՝ ՄԱԿ-ի շրջանակներում ցեղասպանության հարցը պաշտոնապես բարձրացնելուն» հարցին, Կ. Նազարյանը, ցուցադրելով իր լեզվական ունակությունների ողջ պաշարը, ի վերջո հանգեց. «Թուրքիան, որը խոչընդոտում է միջազգային կառույցներում Հայաստանի աշխատանքներին»։ Հետեւեց հաջորդ՝ «Իսկ Հայաստանդ դիմե՞լ է» հարցը։ «Համենայնդեպս աշխատում ենք»,- եղավ պատասխանը։ Ազգիս ազգայնական ճակատը ներկայացնող Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը կարծում է, որ ՀՀ-ն սիրողական մակարդակով է զբաղվում ցեղասպանության ընդունման հարցերով՝ «ինչպես Ուրուգվայը կամ Մոզամբիկը կզբաղվեին»։ Հայ-թուրքական հարաբերությունների խոչընդոտների եւ զարգացման հեռանկարների մասին իր դատողություններում խոսեց պատմագրության մասին. «19-րդ դարից սկսած մինչ այսօր կեղծվում է մեր պատմությունը մեր իսկ պատմաբանների ձեռքով։ Ինչ որ եղել է, պետք է մեր մեղքն էլ տեսնենք»։ Հայ-թուրքական հարաբերություններն այս կոնտեքստում վերլուծելով, ըստ Ե. Աբգարյանի, պատմության աղավաղման արդյունքում է հայ ժողովրդի մեջ կանխակալություն առաջանում։ Մինչդեռ՝ «մեր այսօրվա շահերից ելնելով պիտի այդ հարաբերություններին վերաբերվենք։ Ցեղասպանությունն անմարդկային բան է, բայց այն ժողովուրդն է ժողովուրդ, որը կարողանում է ողբերգությունից հաղթանակով դուրս գալ»։ Այս իմաստով ամենաթարմ օրինակը, ըստ ՀՀՇ վարչության անդամի, 2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգությունն էր, որն ԱՄՆ-ն ծառայեցրեց իր շահերին։ «Կներեք ցինիկությանս համար, բայց ցեղասպանությունը մենք պետք է ծառայեցնենք մեր շահերին»,- ասաց պարոն Աբգարյանը։ Պատմական խառնափնթորն էլ, որի հիմնական մեղավորը Ե. Աբգարյանը ՀՅԴ-ին է համարում (ոչ ներկայիս գործիչներին), ըստ նրա, խանգարում է երկկողմ հարաբերությունների ձեւավորմանը։ «Իսկ ցեղասպանության հարցը պետք է դրվի այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստ կլինի մեծ հարցեր լուծելու։ Մինչդեռ այդ պատճառով Հայաստանը դուրս մնաց կարեւորագույն տարածաշրջանային ծրագրերից։ Դա խոսում է մեր քաղաքական ղեկավարության կարողությունների մասին»,- եզրափակեց ՄԱԱ հյուրը։ ՀՅԴ-ն ներկայացնող, քննարկմանը մասնակից Կիրո Մանոյանը հարաբերությունների զարգացման հիմնական խոչընդոտը Թուրքիային է համարում, որը «Հայաստանի անկախության առաջին օրվանից, մեր իշխանությունների տարբեր կեցվածքների դրսեւորումներում, իր մոտեցումները չփոխեց։ Թուրքիան շարունակում է թշնամաբար վերաբերվել Հայաստանին»։ Ինչ վերաբերում է զարգացման հեռանկարներին՝ «հայ-թուրքական հարաբերությունները պետք է ճշմարտության վրա հիմնված լինեն», նկատի ունենալով ցեղասպանության ճանաչումը, ասաց Կ. Մանոյանը։ Իսկ Հմայակ Հովհաննիսյանն անիմաստ է համարում չեղած բաների մասին խոսելը. «Հայ-թուրքական հարաբերություններ չկան, շփումներ են»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել