Լրահոս
Օրվա լրահոսը

Գործակալներ՝ ընդդիմության մեջ

Հունիս 05,2004 00:00

Գործակալներ՝ ընդդիմության մեջ Այս եզրահանգման է եկել Տիգրան Կարապետյանը Վերջերս «Ռեգնում» լրատվական գործակալությանը հարցազրույց էր տվել Ժողովրդական կուսակցության առաջնորդ եւ «ԱԼՄ» հեռուստաընկերության սեփականատեր Տիգրան Կարապետյանը: «ՀՀ նախագահի համար դժվար է, ԱԺ խոսնակը լկտիանում է,վարչապետին չեն ների, ընդդիմությունը ֆիասկո կապրի» վերտառությամբ այս հրապարակման մեջ անդրադառնալով իշխանություններ-ընդդիմություն երկխոսությանն ու ընդդիմության վստահության հանրաքվե անցկացնելու պահանջին, Տիգրան Կարապետյանը նկատել է. «Իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսություն չի եղել եւ չէր կարող լինել: Ընդդիմությունը ոչ թե երկխոսություն, այլ՝ իշխանություն է ուզում»: Տ.Կարապետյանի կանխատեսմամբ, մոտ ապագայում «ընդդիմությունը ֆիասկո կապրի, իսկ ընդդիմադիր տրամադրված հասարակության մի մասը դեպրեսիայի մեջ կընկնի: Ընդդիմության կարգախոսները անբարոյական են եւ ուղղված են երկու անձի դեմ՝ քաղաքական առաջնորդի եւ, ենթադրենք՝ օլիգարխի, որը երկրի երկրորդ դեմքն է: Ընդդիմության ընտրազանգվածի 80 տոկոսը իրականում ոչ թե ընդդիմության կողմնակիցներ են, այլ՝ Ռոբերտ Քոչարյանին դեմ մարդիկ: Եվ ի՞նչ ասել է՝ հանրահավաքի հավաքել 10 հազար մարդու, երբ այդ հանրահավաքի նախաձեռնողները միանգամից 15 կուսակցություններ են: Դրանք ոչ թե ժողովուրդ են, այլ՝ հենց կուսակցականներ: Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա՝ նրանք կհաղթեն, բայց կկանգնեն կոալիցիայի ներսում առկա խնդիրների առջեւ»: Ըստ Ժողովրդական կուսկացության առաջնորդի, ՕԵԿ-ը, որի թիկունքին կանգնած է Ֆրանսիան, կոնֆլիկտ ունի ՀՅԴ-ի հետ, վերջինս էլ իր հերթին՝ ՀՀԿ-ի հետ: Բացի այդ կա Սերժ Սարգսյանի գործոնը, որը դաշնակներին թույլ չի տալիս մտնել ուժային կառույցներ: Ինչ վերաբերում է միացյալ ընդդիմության հեռանկարին, ապա՝ Տ.Կարապետյանի կանխատեսմամբ, իրադարձությունները կզարգանան հետեւյալ կերպ. «Հանրապետություն» եւ ՀԺ կուսակցությունները իրարից կխռովեն, որովհետեւ Դեմիրճյանը ստացել է 5 մլն դոլար եւ ոչ մի կոպեկ չի ծախսել: Արտաշես Գեղամյանն ի սկզբանե իր խաղն է խաղացել եւ այդպես էլ կշարունակի եւ, ինչպես միշտ, ջրից համեմատաբար չոր դուրս կգա: Արդյունքում ընդդիմությունը կդադարի ուժ լինելուց»: Պատասխանելով «Ռեգնումի» այն հարցադրմանը, թե իր կարծիքով, ԱՄՆ-ն վրացական սցենարը ծրագրում է իրականացնել նաեւ Հայաստանո՞ւմ, Տ.Կարապետյանն ասել է, թե՝ «ինչ խոսք՝ ծրագիրը նույնն է»: Ըստ այդմ, նրա ունեցած տեղեկություններով Վրաստանում «պաշտպանության նախարարին վճարվել է մեծ գումար՝ 25 մլն դոլարի կարգի՝ ուժայինների կողմից իշխանափոխությանը չմիջամտելու դիմաց»: «Հայաստանում իրավիճակն այլկերպ է դասավորվել, որովհետեւ «սպեցնազը» բերվել է Ղարաբաղից»,- ասել է Տ.Կարապետյանը՝ հավելելով, թե դա ընդդիմադիր առաջնորդների անգրագիտության արդյունքում էր, որոնք խոսում էին Սամվել Բաբայանին ազատ արձակելու մասին: Դա, ըստ նրա, «ուղղակի վտանգ կարող էր լինել ԼՂ ղեկավարության համար»: «Ընդհանրապես ընդդիմությունն իրեն շատ տարօրինակ պահեց, եւ ինձ թվում է, որ նրա շարքերում ուղարկված մարդիկ կան»,- կարծիք է հայտնել Տ.Կարապետյանը: Ըստ «Ռեգնումի»՝ պատրաստեց Ն.ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել