Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃԱՐԵԼ ԵՆ ԼՌՈՒԹՅԱ՞Ն ՀԱՄԱՐ

Հունիս 05,2004 00:00

ՎՃԱՐԵԼ ԵՆ ԼՌՈՒԹՅԱ՞Ն ՀԱՄԱՐ «Դրո» խմբի եւ ՀՅԴ առնչությունների վերաբերյալ առանց այն էլ շատ էին դատաքննությամբ պատասխան չստացած հարցերը: Դրանց շարքը լրացնելու եկավ այս գործով դատապարտյալ Արմենակ Մնջոյանի հոր՝ Լեւոն Մնջոյանի հայտարարությունը: Ըստ նրա՝ «Դրո» խմբի անդամների ձերբակալման օրվանից ՀՅԴ-ն բոլոր 10 տղաներին վճարել է ամսական 100 դոլար: Իսկ այժմ, բանտարկության 10 տարին լրանալուց հետո, ՀՅԴ Գերագույն մարմինը մայիսից դադարեցրել է այդ գումարի տրամադրումը: Խոսքը բնավ ոչ փոքր գումարների մասին է՝ ամեն անձի տարեկան վճարվել է 1200 դոլար, անցած 10 տարում բոլորին միասին՝ 120 հազար: ՀՅԴ ՀՀ ԳՄ-ի լրատվականից փորձեցինք ստանալ այն հարցերի պատասխանը, թե ինչո8221ւ են վճարել այդ գումարները, եթե հաշվի առնենք նրանց այն հավաստիացումները, թե «Դրո»-ի բոլոր անդամները հեռացված են կուսակցությունից, եւ որ ընդհանրապես՝ այդ խումբը որեւէ առնչություն չի ունեցել կուսակցության հետ: Ստացանք հետեւյալ պատասխանը. «Կոնկրետ Արմենակ Մնջոյանի ընտանիքը գումարներ է ստացել, քանի որ նրա մայրն ու հայրը դաշնակցականներ են: Այդ գումարը հատկացվել է նրանց ընտանիքին»: Մեր հարցին՝ դաշնակցական բոլո՞ր ընտանիքներն են տարեկան 1200 դոլար ստացել՝ հետեւեց այս պատասխանը. «Ո՛չ, որոշակի նրանց ընտանիքը, քանի որ սոցիալական դժվարություններ ունեին, տղան բանտարկված է»: Այսինքն՝ այդ գումարը չի՞ վճարվել նրանց լռության համար, հարցին ի պատասխան էլ ասվեց. «Ո՛չ, որեւէ կապ չունի: Նման արգելք կամ նախապայման չի եղել: Եվ ոչ մինչեւ վճարումը, ոչ էլ այդ ամբողջ ընթացքում թե՛ Արմենակ Մնջոյանը, թե՛ նրա ծնողները խնդիր չեն ունեցել լռելու կամ խոսելու»: Հայտնենք, որ Արմենակ Մնջոյանի ծնողները մինչեւ հիմա էլ դաշնակցական են: Սակայն մնացածի ծնողները դաշնակցական չեն, բայց ստացել են այդ գումարները մինչեւ իրենց որդիների ազատ արձակումը: Ըստ Լեւոն Մնջոյանի՝ ՀՅԴ-ն հազարավոր դոլարներ է վճարել «Դրո» խմբի բոլոր անդամների փաստաբաններին: Իսկ սա արդեն հնարավոր չէ բացատրել սոցիալական խնդիրներով: Մնջոյանի ծնողները նաեւ պնդում են, թե ոչ մի անգամ չեն խնդրել իրենց ցույց տալ ֆինանսական օգնություն՝ նախաձեռնությունը ՀՅԴ-ինն էր: Նշենք, որ «Դրո» գործով դատապարտյալներից այժմ բանտարկված են մնում միայն ցմահ ազատազրկման արժանացած Արսեն Արծրունին եւ Արմենակ Մնջոյանը: Խմբի մեծ մասն ազատ արձակվեց «Քրեական օրենսգիրքը» 2003-ի օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել