Լրահոս
Օրվա լրահոսը

Բեյրութի կոշկակարները՝ որպես քաղաքական գործոն

Հունիս 11,2004 00:00

Բեյրութի կոշկակարները՝ որպես քաղաքական գործոն Այս հոդվածը գրվել է այն ժամանակ, երբ իշխանության պատվերով Հայաստան էին ժամանել մի խումբ բեյրութցիներ՝ փորձելով խլել «Ազգ» թերթը իր հիմնադիրներից եւ կեղծ «Ազգ» տպագրել։ Անչափ հարգում եմ բոլոր կոշկակարներին։ Ինչպես եւ մնացած արհեստավորներին։ Հարգանքի են արժանի նաեւ այն մարդիկ, որոնք սերունդներով ապրելով օտար երկրում, փորձում են պահպանել ազգային ինքնությունը։ Բայց երբ նրանք տասնամյակներ շարունակ զբաղված են մանր համայնքային ու կլանային գզվռտոցով՝ չգիտես ինչու կոչելով դա քաղաքական գործունեություն եւ հենց այդ տեսանկյունից բաժանվելով «դաշնակների», «հնչակների» եւ «ռամկավարների»՝ դա արդեն խնդիր է։ Իսկ երբ համայնքային172գավառական մտածելակերպը, բարքերը ու «քաղաքական գործունեության» այդ յուրօրինակ ըմբռնումը ներմուծվում է Հայաստան պետության մեջ, դա, կարծում եմ, պարզապես անհանդուրժելի է։ Առնվազն երկու պատճառով. ա) պետությունը ազգի կազմակերպման շատ ավելի կատարյալ ձեւ է, քան համայնքը, հետեւաբար, Բեյրութի կոշկակարի աշխարհըմբռնումն ու մտածելակերպը մեր վզին փաթաթելը հետադիմական քայլ է Հայաստանի հոգեւոր կյանքի համար, բ) հայաստանցիների մտավոր եւ բարոյական ներուժը, ընդհանուր առմամբ, անհամեմատ ավելի մեծ է Միջին Արեւելքում ապրող (կամ Արեւմուտք տեղափոխված) հայերից։ Բնական է, որ պետությունը պատնեշներ է դնում «կոշկակարային» մտածելակերպի դեմ, որը, կրկնում եմ, ներմուծվում է «ավանդական կուսակցությունների» անվան տակ։ Օրենքով հայաստանյան կուսակցությունները չպիտի ղեկավարվեն դրսից։ Ցավոք, այստեղ մեր պետությունը հետեւողական է միայն Դաշնակցության դեպքում, իսկ ռամկավարների «դրսից ղեկավարվելը» վերջերս նույնիսկ խրախուսվում է։ Տեսնես, օրինակ, որտեղի՞ց է ղեկավարվում «ՌԱԿ ներկայացուցչություն» հասարակական կազմակերպությունը եւ արդյո՞ք նրա կազմում կա Հայաստանի որեւէ քաղաքացի։ Ամեն ինչ հասկանալի է՝ դաշնակները հայհոյում են մեր իշխանավորներին, իսկ ռամկավարներն այսօր մտնում են նրանց, մեղմ ասած, աչքը։ Իսկապես, այդ երեք «կուսակցությունները» տարբեր են պատմական երանգավորումներով եւ այսօրվա կողմնորոշումներով։ Սակայն ավելի զորեղ է այն, ինչը նրանց միավորում է. մտավոր մակարդակը, քաղաքականության ըմբռնումը եւ դրանցից բխող բառապաշարը։ Հայաստանի քաղաքացու համար նույնչափ վիրավորական պետք է լինի մեր երկրի ղեկավարի հասցեին արտասանած թե՛ նրանց հայհոյանքը («թուրք172դավաճան»), թե՛ արեւելյան ոճի անշնորհք քծնանքը («վսեմաշուք172ազգընտիր»)։ Նախ դա նրանց գործը չէ՝ թող գնահատականներ տան իրենց պետությունների՝ Լիբանանի, Սիրիայի կամ Իրանի ղեկավարներին (եթե համարձակվեն)։ Երկրորդ՝ թե՛ հայհոյողներին եւ թե՛ քծնողներին ամենեւին էլ չի հետաքրքրում «հայրենի բեդագանութեան զօրացումը», ինչպես իրենք են սիրում հայտարարել։ Նրանց հետաքրքրության շրջանակները սովորաբար սահմանափակվում են մանր բիզնեսով, որը փորձում են իրականացնել նաեւ Հայաստանի միջոցով։ Այնպես որ, իզուր են մեր իշխանավորներն այդքան խանդավառվում քծնանքից։ Եթե վաղը այդ բիզնեսը այլ ձեւով դասավորվի, ապա, ասենք, նույն ՌԱԿ172ը նույնատիպ արտահայտություններով կսկսի հայհոյել Հայաստանի ղեկավարությանը։ …Արտաքուստ տարբեր են «Ասպարեզ», «Ազատամարտ», «Հնչակ Հայաստանի» եւ հատուկ քծնանքի նպատակով ստեղծված կեղծ «Ազգ» թերթում արտահայտված մտքերը։ Հիմքը նույնն է՝ Բեյրութի կոշկակարների քաղաքական մուտքը Հայաստան։ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «Առավոտ», 30 ապրիլի 1996թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել