Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Հունիս 16,2004 00:00

ԱՌԱՋԻՆ ԽՈՇՈՐ ՀԱՂԹԱՆԱԿԸ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում գրանցվեց առաջին խոշոր հաշիվը: Երրորդ օրը պայքարի մեջ մտան «C» խմբում ընդգրկված երկրների հավաքականները: Գիմարաեշի «Աֆոնսո Էնրիկե» ստադիոնում առաջինը խաղադաշտ մտան Դանիան եւ Իտալիան: Մինչ հանդիպումն սկսվելը մասնագետներն ու ֆուտբոլասերները մի փոքր գերադասում էին «Սկուադրա աձուրայի» հնարավորությունները, սակայն ինչպես ցույց տվեց հանդիպման ընթացքը, սկանդինավցիները շատ լավ են նախապատրաստվել այս առաջնությանը եւ հատկապես իտալացիների հետ հանդիպմանը: Ամբողջ խաղի ընթացքում դաշտում ծավալվեց սուր, բայց նաեւ հավասար պայքար: Կողմերը ցուցադրեցին բարձրակարգ ֆուտբոլ՝ հաճելի լարվածության մեջ պահելով ոչ միայն տրիբունաներում տեղ զբաղեցրած հանդիսականին, այլեւ հեռուստաէկրանների առջեւ նստած բազմամիլիոն ֆուտբոլասերներին: Եվ գրանցված 0:0 հաշիվը միանգամայն օրինաչափ կարելի է համարել: Ավելի դիտարժան ստացվեց Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի «Ժոզե Ալվալդե» ստադիոնում կայացած Շվեդիա-Բուլղարիա հանդիպումը, որում գրանցվեց «Եվրո-2004»-ի առաջին խոշոր հաշվով հաղթանակը: Հենց խաղասկզբից հանդիպմանը հաղորդելով բարձր տեմպ՝ շվեդները կարճ ժամանակում ամբողջ դաշտում իրենց գերակայությունը հաստատեցին: Նրանք նախ շոշափելի տարածքային առավելություն ձեռք բերեցին, ապա այն վերածեցին նաեւ նյութականի՝ հինգ անպատասխան գնդակ անցկացնելով մրցակցի դարպասը: Շվեդներն աչքի ընկան մինչեւ վերջին վայրկյանը պայքարելու պատրաստակամությամբ: Նույնիսկ 3:0 հաշվից հետո, երբ նրանց հաղթանակն այլեւս կասկած չէր հարուցում, սկանդինավցի ֆուտբոլիստները գնդակի համար այնպիսի կրքով էին մարտնչում, ասես պարտվողն իրենք լինեին ու ջանում էին ամեն գնով րոպե առաջ խուսափել պարտությունից: Այդպես վարվում են իսկապես բարձրակարգ թիմերը, իրենց սաներից դա են պահանջում իսկական, իրոք պրոֆեսիոնալ մարզիչները: Երեկ առաջնության մեկնարկային հանդիպումներն անցկացրին «D» խմբում ընդգրկված հավաքականները: Իսկ առաջին երեք խմբերում մրցաշարային աղյուսակներն այսպիսի տեսք ունեն: «A» ԽՈՒՄԲ 1. ՀՈՒՆԱՍՏԱՆ 1 1 0 0 2-1 3 2. ԻՍՊԱՆԻԱ 1 1 0 0 1-0 3 3. ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ 1 0 0 1 1-2 0 4. ՌՈՒՍԱՍՏԱՆ 1 0 0 1 0-1 0 «B» ԽՈՒՄԲ 1. ՖՐԱՆՍԻԱ 1 1 0 0 2-1 3 2.ՇՎԵՅՑԱՐԻԱ 1 0 1 0 0-0 1 3. ԽՈՐՎԱԹԻԱ 1 0 1 0 0-0 1 4. ԱՆԳԼԻԱ 1 0 0 0 1-2 0 «C» ԽՈՒՄԲ 1. ՇՎԵԴԻԱ 1 1 0 0 5-0 3 2. ԻՏԱԼԻԱ 1 0 1 0 0-0 1 3.ԴԱՆԻԱ 1 0 1 0 0-0 1 4. ԲՈՒԼՂԱՐԻԱ 1 0 0 1 0-5 0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել