Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՐԱՐՆ ԱՆԹԵՐԻ ՉԷ

Հունիս 25,2004 00:00

Լուսանկարում
պատկերված «Լիդեր» բենզալցակայան-հանգստյան համալիրը քաղաքաշինության նախարար
Արամ Հարությունյանինն է, թեեւ իր անունով չի ձեւակերպված:
Այսպիսի կառույցները կոչվում են ինքնակամ: Ժամանակին կադաստրից հողհատկացում ստանալով, բենզալցակայան է կառուցվել, այնուհետեւ առանց շինթույլտվության՝ հյուրանոցատիպ մի շենք: Ընդ որում՝ այդ շենքը կառուցվել է քաղաքաշինական նորմերի խախտումով: Մեր աղբյուրները հաղորդեցին, որ ժամանակին այդ օբյեկտը, որպես ապօրինի, քանդման ենթակա կառույցների շարքում է եղել: Նրանք կարծիք էին հայտնել, որ նախարար դառնալու կապակցությամբ քանդման ենթակա օբյեկտների ցանկը կվերանայվի՝ հօգուտ վերոհիշյալի: Պարզվեց, այդպես էլ կա. Երեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ կառույցն այս պահին օրինականացման գործընթացում է, եւ որ դրա համար սուբյեկտը վերջերս է իրենց դիմել:

Իսկ քաղաքաշինության նախարարությունից այս առնչությամբ «Առավոտին» պարզաբանեցին, որ «լցակայանը նորմատիվ փաստաթղթերով է կառուցված, մոտ 4 տարի է, ձեւակերպված է կադաստրի վկայականով: Համալիրի մյուս կառույցների վերաբերյալ հողհատկացման եւ մնացած բոլոր փաստաթղթերը առկա են: Միայն նախագծից դուրս եղել են որոշ չնչին շեղումներ, որոնք հետագայում օրինականացվել են համաձայն ինքնակամ կառույցների օրինականացման մասին օրենքի»:

Նախարարության եւ քաղաքապետարանի պատասխաններն ակնհայտորեն իրար հակասում են. խնդիրն այն է, որ կադաստրի կողմից հողհատկացումը դեռեւս շինթույլտվություն չէ: Եվ եթե այժմ օրինականացման գործընթաց է, նշանակում է, թաղապետարանը շինթույլտվություն չի տվել ժամանակին: Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանից տեղեկացանք, որ իրենք բենզալցակայանի շինթույլտվություն չեն տվել, թույլտվություն տվել են միայն հանգստի գոտու համար:

Պարզ է, որ օբյեկտի ինքնակամ լինելն, ինքնին, չի նշանակում, որ այն անպայման պետք է քանդվի: Վերջապես, կառուցված եւ աշխատող օբյեկտները քանդելը (չնչին բացառություններով) ճիշտ էլ չէ: Բացի այդ, մարդիկ ժամանակին ամիսներով, երբեմն տարիներով բիզնես սկսելու, օբյեկտներ կառուցելու թույլտվությունների էին սպասում, եւ շատ դեպքերում ստիպված էին կառուցել առանց թույլտվության: Սակայն պահանջը, որ օրենքով պետք է գործել, այլընտրանք չունի: Փաստորեն, ստացվել է այնպես, որ քաղաքաշինության նախարարը պետք է պայքարի նաեւ այնպիսի խախտումների դեմ, ինչպիսիք ինքն է թույլ տվել:

Եվս մի հետաքրքիր տվյալ, որ նախարարի հետ անուղղակիորեն է առնչվում: Երկրորդ լուսանկարում պատկերված բենզալցակայանը, որ «Լիդերի» երկրորդ բաժնետիրոջ եղբորն է պատկանում, նույնպես խախտումներով է կառուցվել: Նախագծով հատկացված տարածքը սեփականատերը գերազանցել է, ինչով ժամանակին հետաքրքրվել է Գլխավոր դատախազությունը:

ԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել