Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ֆրանսիան այլեւս չեմպիոն չէ

Հունիս 29,2004 00:00

Ֆուտբոլի Եվրոպայի 12-րդ առաջնությունը թեւակոխել է վճռորոշ փուլ: Քառորդ եզրափակիչում սենսացիոն անակնկալների շարքը շարունակեց Հունաստանի ազգային հավաքականը:

Նախնական փուլում Պորտուգալիայի եւ
Իսպանիայի հետ հաջող խաղերից հետո Օտտո Ռեհագելի թիմը շատ-շատերի համար անսպասելի գահընկեց արեց Եվրոպայի գործող չեմպիոն Ֆրանսիային եւ պատմության մեջ առաջին անգամ մտավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ: Հանդիպման միակ եւ հաղթական գոլը 65-րդ րոպեին խփեց Անգելոս Խարիստաեսը: Եթե մեկնարկային խաղում դաշտի տերերի նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակը շատերը պատահականություն համարեցին, ապա իսպանացիների հետ ոչ-ոքին(1:1), առավել եւս՝ ֆրանսիացիների նկատմամբ տարած 1:0 հաշվով հաղթանակն արդեն օրինաչափություն է: Դրա վկայությունն է նաեւ այն, որ ֆրանսիացիները հանդիպման առաջին 20 րոպեներին ոչ մի հարված չկարողացան կատարել Նիկոպոլիդիսի պաշտպանած դարպասին, որ հույները հաջողությամբ մեկուսացնում էին մրցակցի հարձակվողներին՝ Անրիին, Տրեզեգեին, մյուսներին, իսկ այս առաջնության խմբային մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Զինեդին Զիդանը վերջին հաշվով պարտվեց Կարագունիսի հետ մինի պայքարում: Եվ այսպես, հույները դարձան այս առաջնության հայտնությունը եւ կիսաեզրափակիչում ուժերը չափելու են այս առաջնությունում առայժմ միայն հաղթանակներ տարած միակ թիմի՝ Չեխիայի հետ: Կարել Բրյուկների գլխավորած ընտրանին 1/4 եզրափակիչում 3:0 խոշոր հաշվով պարտության մատնեց դանիացիներին:

Դրամատիկ ընթացավ 1/4 եզրափակիչի Պորտուգալիա-Անգլիա հանդիպումը, որը կարելի է համարել առայժմ կայացած խաղերից ամենադիտարժանն ու ամենաբարձրակարգը: Անգլիացիների հարձակման գծի առաջատար Մայքլ Օուենն արդեն 3-րդ րոպեին բացառիկ գեղեցիկ հարվածով առաջ մղեց իր թիմին: Ուղիղ 80 րոպե Սկոլարիի սաները պայքարում էին մրցակցի պաշտպանությունում սողանցքեր գտնելու համար: Դա նրանց հաջողվեց միայն 83-րդ րոպեին: Էլդեր Պոշտիգան վերականգնեց հավասարակշռությունը՝ իր երկիրը փրկելով մազից կախված պարտությունից: Լրացուցիչ ժամանակում թիմերի տեղերը փոխվեցին: 110-րդ րոպեին փոխարինման ելած Ռուի Կոշտան առաջ մղեց պորտուգալացիներին եւ արդեն անգլիացիներն էին ստիպված հանդես գալ հետապնդողի դերում: Դա տեւեց ընդամենը հինգ րոպե՝ Ֆրենկ Լեմպարդը խփեց պատասխան գնդակը: Հիմնական եւ լրացուցիչ խաղակեսերն ի հայտ չբերեցին ավելի ուժեղին: Կանոնակարգի համաձայն նշանակվեց 11 մետրանոցների հարվածաշար, որի ժամանակ անգլիացիների նյարդերը տեղի տվեցին: Բեքհեմը եւ Վեսսելը չօգտագործեցին հարյուր տոկոսանոց հնարավորությունը, իսկ դաշտի տերերից վրիպեց միայն Կոշտան: 6:5 հաշվով հաղթեց Պորտուգալիան եւ մտավ կիսաեզրափակիչ, որտեղ հունիսի 30-ին նրա մրցակիցը լինելու է Հոլանդիան, որը նույնպես հաջորդ շրջան անցնելու ճանապարհին Շվեդիային հաղթեց 11 մետրանոցներով՝ 5:4:

Հունիսի 30-ին 1/2 եզրափակիչում կհանդիպեն Պորտուգալիան եւ Հոլանդիան, իսկ օգոստոսի 1-ին՝ Հունաստանն ու Չեխիան:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել