Լրահոս
Օրվա լրահոսը

Բուշի

Մայիս 11,2005 00:00

Բուշի «օրհնած ոտը» ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի այցը Վրաստանում հավանաբար դեռ երկար կհիշեն՝ այն գնահատելով իբրեւ պատմական, առանցքային, շրջադարձային կամ նման մի բան: Դատելով այցի արտաքին փայլից եւ համաժողովրդական ցնծության աննախադեպ թափից՝ չի բացառվում, որ Բուշ կրտսերի այցը ԱՄՆ նահանգներից մեկի անունը կրող (Ջորջիա) այդ երկիր, հենց այդպիսին էլ կա՝ պատմական: Չի բացառվում նաեւ, որ ԱՄՆ նախագահի Վրաստան կատարած այս եզակի այցով հարավկովկասյան տարածաշրջանն իսկապես թեւակոխում է պատմական մի նոր շրջափուլ, որի ընթացքից, ուզեն թե չուզեն, անմասն չեն մնալու նաեւ տարածաշրջանի մյուս երկրներն ու այդ թվում՝ Հայաստանը: Այդուհանդերձ, արձանագրենք մի ուշագրավ պահ: Եթե համավրացական այս ոգեւորությանն ի տես, այսօր համարձակորեն կարող ենք արձանագրել, որ վրացիներն ամերիկամետ են, ապա նույնքան համարձակությամբ կարող ենք փաստել, որ հայերն այլեւս ռուսամետ չեն: Պարզ համեմատություն. Պուտինի հայաստանյան այցերը վաղուց արդեն ոչ մեկին (չհաշված ՀՀ պետարարողակարգի ծառայությանն ու Քոչարյանի նեղ շրջապատին) բացարձակապես չեն հետաքրքրում: Ասենք՝ հարկ է խոստովանել, որ, ըստ ամենայնի, մենք եւս Պուտինին առանձնապես չենք հետաքրքրում, եւ դա նորմալ է: Պատմությունը մեզ բազում դառնաղի դասեր է տվել առ այն, որ Էյֆորիայով, «օրհնած ոտքերով» եւ այդ կարգի փուչ արժեքներով լուրջ պետություն չես կառուցի: Իսկ այժմ դառնանք Բուշի այցին եւ առանձնացնենք դրա, ըստ մեզ, առավել կարեւոր դրվագները: «Հայտարարում եմ, որ ոչ մի այլ դեպք չի եղել, երբ այս քանակի (մոտ՝ 150 000) մարդիկ հավաքվեին: Սա մատնանշում է, թե ինչ մեծ նշանակություն է տրվում Ձեր այցին Վրաստան»,- դիմելով ԱՄՆ նախագահին, ասել է Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլին համատեղ ասուլիսի ժամանակ: «Վարդերի հեղափոխությունից հետո ոչ մի երկիր այդքան մոտ կանգնած չի եղել Վրաստանին, ինչպես ԱՄՆ-ը: Խոսքը վերաբերում է ինչպես ժողովրդավարության զարգացման գործում, այնպես էլ անվտանգության հարցերում ցուցաբերած օգնությանը»,- միտքը զարգացրել է Վրաստանի նախագահը: Հաճոյախոսությունների պակաս չի եղել նաեւ մյուս կողմից: «Վրաստանը խաղաղ ժողովրդավարության զարգացման օրինակ է, եւ այստեղի իրադարձությունները, մասնավորապես՝ վարդերի հեղափոխությունը կօգնեն Կենտրոնական Արեւելքի երկրների փոխակերպմանը, որպեսզի այդ տարածաշրջանը եւս լինի խաղաղ ու կայուն»,- իր հերթին ընդգծել է Ջորջ Բուշը: Ու թերեւս՝ ամենակարեւորը. Բուշը տառացիորեն հայտարարել է, որ «ԱՄՆ-ը անհամբեր սպասում է, թե երբ կիրականանա ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ցանկությունը»՝ այս համատեքստում չմոռանալով ընդգծել Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման եւ ռուսական զորքերի դուրսբերման կարեւորությունը: Հարց է ծագում. իսկ ի՞նչ կարող էին անել հայերն այս պարագայում՝ ռեգիոնալ բալանսը քիչ թե շատ պահպանելու համար: Թերեւս միայն մի բան: Ասում են, թե Բուշը շատ է գովել վրացական խինկալին: Պետք էր նրան ուղղակի ասել. «ա դոլմա՞, սնաչալա պադումայ, պատոմ գավարի»: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031