Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱՄԱԿՆԵՐ

Հուլիս 29,2005 00:00

ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻՆ «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը հայտնվել է «Նամակ ռուսաց թագավորին» երկի հերոսի՝ Արթին պապի վիճակում: Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ, հունիսի 24-ին կարճել էր «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության վրա 2004-ի հոկտեմբերի 13-ին հարձակման փաստի առնչությամբ հարուցված գործի վարույթը: Քրեական հետապնդումը դադարեցվել էր, թեեւ դատարանը ապացուցել էր հարձակվողներից մեկի՝ «Սյունյաց արծիվներ» կազմակերպության նախագահ, վարչապետին կից երիտասարդական խորհրդի անդամ Խաչիկ Ասրյանի կատարած հանցանքը: Դատարանի որոշման համար հիմք էին ծառայել իրավիճակի փոփոխումը եւ մասնավորապես՝ Խաչիկ Ասրյանի ստացած մեդալը: Այս որոշումը «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը հունիսի 28-ին բողոքարկել է ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան: «Վերաքննիչ դատարանը մեր դիմումն ընդունել է,- հայտնեց մեզ պրն Ալեքսանյանը:- Արդեն հարցում են կատարել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան, որ գործն ամբողջովին ներկայացնեն վերաքննիչ դատարանին»: «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիրը՝ պնդելով, թե նախաքննական մարմինն այս գործը լրիվ կեղծել է, նաեւ առաջին անգամ հայտարարեց. «Նախաքննական փուլում այս գործը վարողները լուրջ կաշառքներ են վերցրել: Այս գործով շահագրգիռ մարդկանց մի մասը սեփականաշնորհման արտոնյալ պայմաններով օբյեկտներ են վերցրել, մյուս մասը՝ ստացել քաղաքական աջակցություն եւ այլն: Եվ գործն այս խեղաթյուրված ձեւով հասցվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան: Իսկ հանցագործ դատավոր Համլետ Դավթյանը, այդ ղաչաղը, որ չգիտեմ՝ ինչպես է մտել դատական համակարգ, լրիվ կեղծել է գործը: Հույս ունեմ, որ վերաքննիչ դատարանն այս հարցը կքննարկի, ու այդ մարդը երբեւէ կհայտնվի Կոշի հայտնի հիմնարկում»: Ապրիլին Սամվել Ալեքսանյանին ընդունել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մեր հարցին ի պատասխան, թե զրույցի ընթացքում անդրադարձե՞լ են ՀՀԿ անդամ Խաչիկ Ասրյանի արարքին՝ «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիրն ասաց. «Նախ, պիտի ասեմ, որ շատ շնորհակալ եմ պարոն վարչապետից: Մենք հրապարակումներով էլ ենք երախտագիտություն հայտնել, որ ինքն, այնուամենայնիվ, ժամանակ է գտել զբաղվելու մեր թերթի շուրջ ստեղծված իրավիճակով: Ես նրան չեմ դիմել՝ պրն Մարգարյանն իր նախաձեռնությամբ է կանչել: Քննարկվել է ստեղծված վիճակը: Իհարկե, ցավում եմ, որ Սյունիքի մարզպետը չի կատարել պարոն վարչապետի հանձնարարություններից եւ ոչ մեկը, որ վերաբերում են «Սյունյաց երկրի» առջեւ հարուցված արգելքներին: Հանձնարարություն էր տրված լուծել թերթի խմբագրատան հարցը: Չի լուծվել: Հանձնարարություն էր տրված, որ վերականգնեն կնոջս հաստիքը Գորիսի գրադարանում, քանի որ նա ապօրինաբար էր ազատվել աշխատանքից: Դա էլ չի արվել: Քննարկել էինք նաեւ փակված դպրոցների հարցը: Ու նաեւ մի շարք խնդիրներ, որոնց վերացման դեպքում «Սյունյաց երկիրը» չէր ունենա այսչափ խոչընդոտներ: Իսկ թե ինչու երկրի բարձրագույն ղեկավարներից մեկի հանձնարարությունները չեն կատարվում Սյունիքում, այլ թեմա է»: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին Սամվել Ալեքսանյանի ուղղած բազմաթիվ նամակներն այդպես էլ ընթացք չեն ստացել. «Նամակներս մի կողմ՝ թող ես հայտնվեմ Ակսել Բակունցի հերոսի՝ Արթին պապի վիճակում: Թող ինձ վրա ծիծաղեն, որ ես հավատում եմ երկրի նախագահին ու նամակ եմ գրում նրան: Պարզապես մի բան եմ ուզում հասկանալ՝ ինչո՞ւ ընթացք չի տրվում երկրի շարքային քաղաքացի Սամվել Ալեքսանյանից ստացված դիմում-գանգատներին: Դե, եթե քաղաքացիներից ստացված ահազանգերին չեն արձագանքում՝ ուրիշ էլ ի՞նչ կարեւոր բան կա, չեմ հասկանում»: «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիրը նաեւ նշեց, որ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանն էլ էր հանձնարարել լուծել խմբագրությանը տարածք հատկացնելու խնդիրը, սակայն այս մի հանձնարարականն էլ է անտեսվել. «Վիգեն Սարգսյանը 2-3 անգամ է զանգահարել, հանձնարարել Կապանի քաղաքապետին, բայց նա նույնպես չի կատարել այդ հանձնարարությունը»: Վերջին դիմումը Ռոբերտ Քոչարյանին ուղարկվել է մայիսի 31-ին. «Նախագահի աշխատակազմից ինձ, բնականաբար, չեն պատասխանել, թեեւ գործող կարգի համաձայն՝ պիտի ասեին, թե ինչ ընթացք է ստացել: Հեռախոսազանգերի միջոցով գտել եմ, որ նամակը նախագահի վերահսկողական ծառայությունում է: Նամակիս բովանդակությունն այս է. ես այլեւս չեմ բողոքում, որ ինձ աշխատանքից ժամանակին ազատել են: Չեմ բողոքում, թե ինչու են ավազակախումբ ուղարկել խմբագրության վրա: Չեմ բողոքում, որ հրկիզել են իմ մեքենան… Չեմ բողոքում, քանի որ այլեւս անիմաստ եմ համարում բողոքելը: Թող այս ամենը համարվի իմ անձնական գործը, բայց Սյունիքի մարզում տարածքային քաղաքականության լիակատար բացակայությանն առնչվող բավական շատ հարցեր կան, որոնք, կարծում եմ, ՀՀ նախագահն ու վարչապետը պիտի բարի լինեն քննարկել»: Սյունիքի մարզի դատախազությունը հունիսի 1-ին կասեցրել է «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագրի մեքենայի հրկիզման փաստի առնչությամբ հարուցված գործի վարույթը: Սամվել Ալեքսանյանն այս որոշմանն արձագանքեց հեգնանքով. «Չեմ ուզում քննադատել Սյունիքի մարզի դատախազին: Մի անգամ նրան քննադատել էի մեր թերթում, մարզպետարանի պաշտոնաթերթ «Հզոր Սյունիք»-ում գրեցին՝ մի՞թե դուք կույր եք, մի՞թե չեք տեսնում, որ դատախազի կողմից վարձակալված զբոսայգում ինչպիսի~ մաքրություն է տիրում, եւ այդքանից հետո դուք համարձակվում եք քննադատե՞լ Սյունիքի մարզի դատախազին: Ուստի ես այլեւս չեմ քննադատում դատախազին՝ ճի՛շտ է արել, որ գործը կասեցրել է, կարեւորն այն է, որ զբոսայգում մաքրություն է տիրում, ցնցուղներն աշխատում են, տատիկներ-պապիկներն այնտեղ են անցկացնում իրենց հանգիստը եւ այլն… Դե, եթե Սյունիքի մարզում իսկապես գործեր Սահմանադրությունը՝ դատարանն ու դատախազն էլ կլինեին իրենց տեղերում»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Կապան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել