Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆՅԱՆ

Օգոստոս 03,2005 00:00

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԼՃԻ «ԲՆԱԿԻՉՆԵՐՆ» ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ Մեր տեղեկություններով, Հայաստանում ամերիկյան դեսպանատունը համաձայնել է մաքրել Երեւանյան լճի տասնամյա տիղմը, բայց պայմանով, որ ափերի մերձակա տարածքներն իրեն պատկանեն: Երեւանյան լճի ափին գտնվող ԱՄՆ դեսպանատունն ինչքան էլ մաքրի իր կողմի տարածքը, բնակիչներն ու մոտակա օբյեկտների տերերը ոչ միայն կենցաղային, այլեւ շինարարական աղբ են թափում ու շարունակելու են թափել լճի մեջ: Դեսպանատան այս ցանկության մեջ գուցե եւ անվտանգության խնդիրն էլ կա: Թե որքանով է ստույգ մեր տեղեկությունը եւ ինչ կարծիք ունեն բնակիչները՝ կհամաձայնե՞ն վաճառել իրենց բնակարանները ամերիկացիներին, մենք փորձեցինք պարզել ոչ միայն Արագածի փողոցի գրեթե բոլոր բնակիչներից, այլեւ մյուս ափերի մոտ տեղակայված որոշ օբյեկտների ներկայացուցիչներից: Ամերիկյան դեսպանատան դիմացի ափին կա ընդամենը 4-5 շինություն՝ «Ծովակ» ռեստորանը, ինչ-որ անանուն, ժանգոտած ցանկապատերով «կաֆե» եւ երկու բնակարան, որոնք բոլորն էլ լքվածի տպավորություն էին թողնում, քանի որ փականների վրա սարդոստայններ կային: Ինչ վերաբերում է Արագածի փողոցին կամ, ինչպես բնակիչներն են ասում՝ «ղռերին», իրենց բնակարանների հնարավոր վաճառքի մասին լսել էին գրեթե բոլոր՝ 30-40 ընտանիքները: Նրանցից միայն 2-ը առանց բորբոքվելու, մի փոքր մտածելուց հետո համաձայնեց բնակվել քաղաքի մեկ այլ հատվածում՝ պահանջելով 1 քառակուսի մետրի համար «հեչի պես» 1000-3000 դոլար՝ գումարած ԱՄՆ-ի քաղաքացիություն: Իսկ ընդհանուր առմամբ, իրենց բնակարանների նկատմամբ դեսպանատան հետաքրքրությունը բնակիչների համար նորություն չէր: Ըստ նրանց, այդ խոսակցություններն արդեն 1.5 տարի է, ինչ պտտվում են, նույնիսկ ամիսներ առաջ դեսպանատան մի քանի աշխատակից ոստիկանության ներկայացուցիչների հետ տուն առ տուն մտել են, շրջել բնակարաններում, ինչ-որ չափումներ արել, գրել են յուրաքանչյուր տան վրա գրանցված անդամների քանակն ու անունները եւ հեռացել: Օրեր անց, բնակիչների պատմելով, իրենց «նիստի» են հրավիրել «ղռերում» գտնվող Առեւտրի ուսումնարանի շենքում՝ զրուցելու. «Հետո իմացանք, որ համարյա ոչ մեկը չի գնացել, մենակ իրենք են հավաքվել, սպասել-սպասել են ու գնացել»: Թեեւ այդ օրվանից դեսպանատան աշխատակիցներից «խեր-խաբար» չկա, բայց բնակիչները անհանգիստ սպասում են, որ մի օր Հյուսիսային պողոտայի պես իրենց դուռն էլ են թակելու ու պայմանագրեր ստորագրել չցանկանալու դեպքում փորձելու են վտարել: «Մեր աչքը վախեցած է, չէ, ախպեր, մեզ ամերիկացու կոպեկը պետք չէ, եթե մեր պետությունն է բնակիչների հետ ըտենց վարվում (նկատի ունեն Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաները- Հ. Ջ.), ո՞նց կարող ենք վստահ լինել, որ ամերիկացին էլ չի քաշի»,- իրենց մտավախությունը հայտնեցին Արագածի փողոցի բնակիչները: Ի դեպ, նիստից առաջ ողջ թաղամասում լուրեր են տարածվել, որ դեսպանատունը 1 քմ-ի համար պատրաստ է վճարել մոտ $1200, իսկ նիստից հետո արդեն խոսք է գնացել 1քմ-ի դիմաց $300-ի մասին: Անմիջապես լճի ափին ահագին տարածք է զբաղեցնում «Գայանե» մսամթերքի արտադրամասը: Քանի որ տնօրենը քաղաքից մի քանի օրով բացակայում էր, նրա տեղակալը, իրեն իրավունք չվերապահելով որեւէ կարծիք հայտնել՝ պատրա՞ստ են վաճառել տարածքը, թե՞ ոչ, այնուամենայնիվ, նշեց. «Տնօրենը կարող ա համաձայնի, փողերը վերցնի ու գնա, բայց արտադրամասը 20-30 ընտանիք է պահում, այդքան աշխատակից ունի, բա նրանք ո՞ւր պիտի գնան: Մեզ որ մնար՝ չէինք թողնի»: Արագածի 7 հասցեի բնակիչը նույնպես չէր ցանկանում վաճառել իր բնակարանը որեւէ մեկին, բայց եթե նման պարտադրանք լինի՝ «իմ տունը կապիտալ վերանորոգված է, մենակ 125 տոննայից ավելի արմատուրա կա, իսկ 1 տոննան այսօր արժե 700 դոլար, ես չեմ՝ դուք եք, գոնե մի 300 հազար դոլար պիտի տա՞ն, որ գնամ»: Պատահական չէ, որ թաղամասի գրեթե բոլոր բնակարաններն ունեն սեփականության վկայական, բնակիչների պատմելով՝ «մեր գլխի ճարը տեսել ենք, որ հետո չգան ասեն՝ ապօրինի է, քանդեն կամ չուզեն փոխհատուցում տալ»: Ընդհանրացրած կարելի է ասել, որ Երեւանյան լճի բնակիչները բացարձակապես միտք չունեն լքելու իրենց հարազատ դարձած տարածքները. «Էս մեր համար դրախտ ա, իրիկունները՝ հով, քաղաքի աղմուկից հեռու, ինչքան էլ փող տան, մեկ է, մեր տան հետ չենք փոխի»: Եթե առաջ Երեւանյան լճի տարածքում, այդ թվում՝ Նորագյուղում ապրողները դժգոհում էին միջատներից ու օձերից, հիմա հարմարվել ու ընտելացել են անգամ դրանց: Ամեն դեպքում, թեեւ նրանցից շատերը ահավոր ծանր էին տանում մեր միանգամայն «անշառ» հարցումը՝ կհամաձայնե՞ք որեւէ փոխհատուցմամբ տրամադրել ձեր տարածքը ԱՄՆ դեսպանատանը, բայց քիչ հետո սկսում էին ներկայացնել իրենց բնակարանի հարմարավետ պայմաններն ու առավելությունները: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ Հ. Գ. ԱՄՆ դեսպանատնից երեկ հայտնեցին, որ ներկա պահին դեսպանատունը լիճը մաքրելու եւ առափնյա տարածքները գնելու ծրագիր չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել