Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ԱՐԱԲԿԻՐԻ ԹԱՂԱՊԵՏՆ ԱՐԴԵՆ ՈՐՈՇՎԱ՞Ծ Է

Օգոստոս 06,2005 00:00

ԱՐԱԲԿԻՐԻ ԹԱՂԱՊԵՏՆ ԱՐԴԵՆ ՈՐՈՇՎԱ՞Ծ Է Թեեւ Արաբկիրի համայնքապետի ընտրությունները կայանալու են միայն սեպտեմբերի 25-ին, եւ դեռ թեկնածուները գրանցված չեն, սակայն վաղուց արդեն սկսվել են նախընտրական գործընթացները: Հրապարակվել է տեղեկություն, թե Արաբկիր համայնքի շենքերի բնակիչներից, ընտրական ցուցակները ճշտելու պատրվակով, շուրջ 1 ամիս առաջ սկսել են պարզել հանրապետությունից բացակայողների տվյալները: Ենթադրվում է, որ այդ տվյալներն ընտրությունների օրը կօգտագործվեն «մեռյալ հոգիների» հայտնի տեխնոլոգիայի կիրառմամբ ընտրակեղծիքներ իրականացնելու համար: Մամուլն այս գործողությունների մեջ կասկածել էր գործող համայնքապետ Լեւոն Հարությունյանին, սակայն թաղապետարանը մեղադրանքները վերահասցեագրել էր «պատգամավոր, փողատեր հովանավորներ ունեցող թեկնածուների» ուղղությամբ: Ակնարկը շատ թափանցիկ է: Արաբկիրի ներկա թաղապետը ժամանակին, չնայած կառավարության եւ քաղաքապետարանի հակազդեցությանը, ընտրվել էր ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի հովանավորությամբ: Բայց վերջինս այս անգամ հայտարարել է, թե համայնքապետի թեկնածու են առաջադրելու ՄԱԿ գործադիր վարչության տնօրեն Դավիթ Գյուլումյանին: Գուրգեն Արսենյանն այս որոշումը բացատրել էր այսպես՝ թե կուսակցությունը թիմային աշխատանքի կողմնակից է, իսկ Լեւոն Հարությունյանը՝ հակառակը: Տպավորությունն այն է, որ բոլոր այն ազդեցիկ անձինք, ովքեր Արաբկիրի համայնքապետի նախորդ ընտրություններում աջակցում էին պրն Հարությունյանին՝ այժմ երես են դարձրել նրանից, եւ նա մնացել է մենակ: Ուստի ամենայն հավանականությամբ՝ նա այլեւս չի էլ վերաառաջադրվի այդ պաշտոնում: Ոչ էլ իր թեկնածությունը կառաջադրի նրա տեղակալը, ինչի հավանականության մասին պնդում էին սկզբում: Վերնախավի թեկնածուն այս անգամ ընտրություններում իշխանությանը բազմաթիվ ծառայություններ մատուցած, լրագրողների եւ վստահված անձանց վրա իր հարձակումներով աչքի ընկած գործարար Հովհաննես Շահինյանն է: Վերջինս արդեն իսկ ոչ միայն սկսել է քարոզարշավը՝ լրատվամիջոցներում փորձելով վերափոխել իր իմիջը (առավել հուզիչ են նրա այս կարգի խոստովանությունները, թե ընտրական «սեւ տեխնոլոգիաներ» երբեք չի կիրառել եւ չի էլ պատրաստվում), այլ նաեւ սպասվում է, որ մոտ օրերս կլինի հրամանը՝ Հովհաննես Շահինյանին Արաբկիրի համայնքապետի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Այդ պաշտոնը նա էլի է զբաղեցրել՝ 1999-ին: Սակայն այս անգամ նշանակումն ունի զուտ լծակների փոխանցման խորհրդանշական գործառույթ: Վերջին օրերս տեղի ունեցան այլ իրադարձություններ էլ, որոնք վկայում են, թե որքան լրջորեն է ընթանում Արաբկիրի համայնքապետի ընտրություններին նախապատրաստությունը: Խնդիրն այն է, որ հիմնական այս երկու թեկնածուներից բացի՝ կլինեն այլ առաջադրումներ էլ: Ասենք, բացառված չէ, որ դարձյալ իր ուժերը փորձի նախկին թաղապետ Ֆելիքս Յայլոյանը: Իհարկե, այլ հարց է, թե նա եւ մյուսները կմնա՞ն մինչեւ վերջ՝ այս կամ այն շահագրգռության կամ ազդեցության առջեւ տեղի չտալով, եւ արդյոք կպահպանե՞ն քվեաթերթիկում իրենց անունը: Սակայն այս թեկնածուների մեջ կա մեկը, որը կարող էր լուրջ անհանգստություն պատճառել՝ խոսքը սպորտդպրոցի տնօրեն Զորիկի մասին է (ազգանունը մեզ չհաջողվեց պարզել): Ըստ որոշ տեղեկությունների, նրան աջակցություն է խոստացել Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Թերեւս հարկ չկա բացատրել, թե ինչ է նշանակում նման աջակցությունը: Եվ ահա Երեւանի ոստիկանության պետը զրույցի է հրավիրել սպորտդպրոցի տնօրենին եւ ասել, որ նա չի կարող առաջադրել իր թեկնածությունը: Իսկ նրա շտաբի ապագա պետին էլ հրավիրել են Արաբկիրի ոստիկանություն եւ համոզել, որ աշխատի հօգուտ Շահինյանի: Վերջինիս օգտին են ոչ միայն ուժային լծակները, ընտրական հանձնաժողովներում «Ժողպատգամավորի» տեղերը, այլ նաեւ Արաբկիրից պատգամավորներ ընտրված Արմեն Մխիթարյանը եւ Լեւոն Սարգսյանը: Առանձին անդրադարձի է կարոտ, թե ինչու է գործող համայնքապետը 2002-ի ընտրություններում 2-րդ տեղը գրաված եւ 9000-ից ավելի ձայներ ստացած իր մրցակցին հիմա համաձայնել դարձնել իր տեղակալը եւ առանց պայքարի զիջել դիրքերը: Անցած 3 տարում Լեւոն Հարությունյանի աշխատանքից բավական դժգոհություններ կային. պնդում են, թե գործի գալիս էր միայն 14-ի սահմաններում եւ թաղապետարանում մնում հազիվ մի քանի ժամ: «Անգամ իր շենքում էին փող բաժանել, որ իրեն ձայն տան,- մեր զրույցի ընթացքում ասաց թաղապետի նախկին աջակիցներից մեկը:- Իսկ ինքը բոլորին մոռացավ ու սկսեց հողեր ծախել, ընկավ կիսագողականների խելքին… Վերջում հենց նրանք էլ ասացին, թե չպիտի դնես, քանի որ խաբել, քցել ես բոլորին: Ինքը վախենում էր, որ եթե ուրիշ մեկը դառնա թաղապետ՝ Արսենյանի մարդը կամ մի ուրիշը, կբացվեն իր արածները եւ կհարուցվեն քրգործեր»: Իսկ ընդհանուր առմամբ՝ տպավորությունն այն է, թե Արաբկիրում ընթանալու է հովանավորների պայքար, եւ կհաղթի համայնքապետի այն դրածո-թեկնածուն, ում հովանավորն ավելի ուժեղ կլինի: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031