Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՅՆՔ՝ ԳԱԶԱԼՑՄԱՆ ԿԱՅԱՆԻ ՇՈՒՐՋ

Օգոստոս 13,2005 00:00

ՀԱՄԱՅՆՔ՝ ԳԱԶԱԼՑՄԱՆ ԿԱՅԱՆԻ ՇՈՒՐՋ Նուբարաշենի թաղապետ դառնալու ամենամեծ շանսերն ունի Մհեր Հովհաննիսյանը Նուբարաշեն համայնքում, որն այսօր համարվում է մայրաքաղաքի ամենաաղքատ համայնքներից մեկը, թաղապետի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 18-ին: Թաղապետի պաշտոնում հնարավոր թեկնածուների առաջադրումները, գործող «Ընտրական օրենսգրքի» համաձայն, սկսվում են ընտրություններից ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 25 օր առաջ, ասել է թե՝ օգոստոսի 19-24-ն ընկած ժամանակահատվածում: Բայց նուբարաշենցիներին վաղուց արդեն հայտնի են առաջադրվելիք հիմնական թեկնածուները, որովհետեւ նրանք ժամանակից շուտ են «բոբիկացել ու ջուրը մտել»: Հայտնի է, որ թաղապետի պաշտոնի համար վերստին ընտրվելու մտադրություն ունի գործող համայնքապետ Ռոբերտ Ասատրյանը՝ նուբարաշենցիներից մեկի գնահատմամբ, թույլ թաղապետ ու անշառ մարդ, որին ոչ օրվա իշխանությունները, ոչ որեւէ կուսակցություն առաջիկա ընտրություններում աջակցելու ոչ մի նշան ցույց չեն տալիս: Փոխարենը նա, որ համայնքի համար առանձնապես մի մեծ բան չի անում ու կառավարության ոտքերն էլ չի ընկել թաղի կարիքները հոգալու համար, փորձում է յուրովի շահել իր ապագա ընտրողների համակրանքը: Համայնքի բնակիչների ասելով, թաղում ով մեռնում է, նրա հարազատները թաղապետարան կամ թաղապետի տուն են գնում՝ իրենց օգնելու խնդրանքով: «Ինքը ուրիշ թաղապետերի նման չի: Թաղապետարան նրա մոտ մտնելու որեւէ պրոբլեմ, խոչընդոտ չկա, մուտք ու ելքն ազատ է, տան դռները՝ բաց»,- ասաց համայնքի մեկ այլ բնակիչ: Ու այսպես, թաղապետը հատկապես վերջին շրջանում աշխատում է իր ապագա ընտրողներին չմերժել՝ թաղման ծախս է անում, դագաղ տալիս: Մյուս թեկնածուն գործարար նուբարաշենցի է՝ Մհեր Հովհաննիսյանը, որն, ի տարբերություն գործող թաղապետի, հովանավոր ունի՝ ի դեմս ԱԺ պատգամավոր, գործարար Գագիկ Ծառուկյանի։ Ասում են նաեւ, որ նա թաղային հեղինակություն է՝ այդ արտահայտությանը հարմար բոլոր ատրիբուտներով՝ վարչական ու քրեական պատիժներ կրած, նաեւ՝ ոստիկանա-զինվորական շրջապատ: Ըստ ականատեսների, թաղի Ղեւոնդ Ալիշանի անվան դպրոցի դիմացի այգում, որտեղ առաջ գարեջրատուն էր ու այնտեղ «հարգի» էր միայն «Կոտայք» գարեջուրը, արդեն հիմա Մհեր Հովհաննիսյանի նախընտրական շտաբի հավանական անդամների հավաքատեղին է, ու առաջիկայում այդ շինության գլխին կփակցվի «Մհեր Հովհաննիսյանի նախընտրական շտաբ» ազդագիրը: Հենց այդ շինությունում, որտեղ հատկապես երեկոյան ժամերին ավտոմեքենաների մեծ կուտակում է լինում, այնքան, որ դրանց մի մասը մայթերին է կայանում, հաճախ կարելի է տեսնել ոստիկանական եւ զինվորական սպաներին։ Հենց այստեղ են հավաքվում թեկնածուի թիմակիցները, որ արդեն վաղուց սկսել են Նուբարաշենում տնետուն անցնել ու ստորագրահավաք անել՝ ո՞վ է ուզում, որ թաղապետ լինի Մ. Հովհաննիսյանը, թեեւ օրենքը համայնքի ղեկավարի ընտրության համար ստորագրահավաք չի նախատեսում: Ընդ որում, շատ մի սովորական թղթի կտորի վրա ստորագրող մարդիկ պետք է նշեն իրենց անուն-ազգանունը, տան հասցեն ու անձնագրի սերիան: Մ. Հովհաննիսյանին, թերեւս, այդպես ավելի հարմար է՝ ոչ միայն իր ստացվելիք քվեները նախապես հաշվարկելու, այլեւ մրցակցի հնարավորությունները տնտղելու համար: Մարդիկ էլ ստորագրում են, որովհետեւ մի մասը վախենում է անախորժություններից, մյուս մասն էլ կամ արդեն ստացել է, կամ հույս ունի, որ կստանա գազալիցքավորման կտրոններ: Դրանցով հատկապես գազով աշխատող ավտոմեքենա ունեցող բնակիչները կարող են դիմել հենց Նուբարաշենում գտնվող թիվ 1 «ԱԳԼՃԿ» (Ավտոմատ լիցքավորման ճնշումային կայան), որն, ասում են, դեռ կոմունիստների ժամանակ էր գազալցակայան ու թաղապետի թեկնածուի հորը՝ Անդրուշ Հովհաննիսյանին է պատկանում: Ոչ այս թեկնածուն, ոչ գործող թաղապետը երեւի «ծանոթ» չեն «Ընտրական օրենսգրքին», որի հոդված 18-ի կետ 7-ում հատուկ շեշտված է. «Նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուներին (կուսակցություններին) արգելվում է անձամբ կամ որեւէ այլ եղանակով քաղաքացիներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ»: Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, Մ. Հովհաննիսյանինն է նաեւ տաքսի ծառայություններից մեկը՝ «X»-ը: Նուբարաշենում թաղապետի թեկնածուների թիվը, սակայն, հիշյալ երկու անուններով, հավանաբար, չի սահմանափակվի: Թաղում ասում են, որ առաջադրվելու է նաեւ այդ տարածքում ՀՅԴ կառույցի ներկայացուցիչ Կարո անունով մեկը, որի ազգանունը չհաջողվեց ճշտել անգամ ՀՅԴ ԳՄ-ում: Փոխարենն այստեղ մեզ ասացին, որ դեռ որոշված չէ՝ Կարոն կառաջադրվի՞, թե՞ ոչ: ՀՅԴ ԳՄ մամլո խոսնակ Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ դա պարզ կլինի առաջիկա օրերին: Բայց սա չի խանգարում Կարոյին Նուբարաշենում հայտարարել, որ ՀՅԴ-ն իրեն սատարելու է, եւ որ իր քարոզարշավին մասնակցելու համար թաղ են գալու ՀՅԴ ԳՄ այնպիսի կարկառուն գործիչներ, ինչպիսին է, ասենք՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Իհարկե, Նուբարաշենում խոսակցություններ կան, թե ՀՅԴ-ի թեկնածուն մտադիր է ինքնառաջադրվել Մհեր Հովհաննիսյանի հետ իր թեկնածությունը հանելու շուրջ սակարկություններ անելու նպատակով: Ինչ վերաբերում է այս ընտրատարածքից ընտրված ԱԺ պատգամավոր Գեւորգ Հակոբյանին՝ «Կոմբիկերի Վլադ», ապա նա, մեր տեղեկություններով, մտադիր էլ չէ միջամտել թաղային ընտրություններին: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել