Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՏԵՐԱՆԻՆ ԾՆՆԴԱԿԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ

Օգոստոս 16,2005 00:00

ՎԵՏԵՐԱՆԻՆ ԾՆՆԴԱԿԱՆ ՉԵՆ ՏԱԼԻՍ «ԶԱԳՍ»-ը հրաժարվում է որեւէ փաստաթուղթ տալ 80-ամյա Ցոլակ Ալեքսանյանին Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչ, Հայրենական պատերազմի հաշմանդամ Ցոլակ Արմենակի Ալեքսանյանին ոչ մի կերպ չի հաջողվում ստանալ իր ծննդյան վկայականը, որն անհրաժեշտ է Ֆրանսիայում բնակվող ու այնտեղ ամուսնացած որդուն: Այդ պատճառով Ց. Ալեքսանյանը 5 անգամ հայտնվել է դատարաններում ու նամակներ ուղղել ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, Վճռաբեկ ու Վերաքննիչ դատարանների նախագահներին: Բանն այն է, որ ըստ Կոտայքի մարզից ստացված արխիվային տեղեկանքի, Ցոլակ Ալեքսանյանը ներկայացված է որպես 1926թ. ծնված Ցոլակ Մխիթարյան: Ժամանակին ՔԿԱԳ Հրազդանի տարածքային բաժնի վարիչ Վ. Նուրիջանյանի առաջարկով Ց. Ալեքսանյանը դիմել է դատարան՝ 1925թ. ծննդյան ակտի պատկանելության փաստը հաստատելու պահանջով: Դատարանի վճռով հաստատվել է, որ Մխիթարյան Ցոլակն ու Ալեքսանյան Ցոլակը նույն մարդն է: «Հրազդանի շրջանի ԶԱԳՍ-ի վարիչ Վ. Նուրիջանյանը 2 տարի է կյանքս կերել է՝ 4 անգամ գործը մտցնելով դատարան: Նա պատճառաբանում է, որ ես ոչ թե 1926, այլ 1925թ. եմ ծնվել: Տիկին Նուրիջանյանը ինձնից ուզել է 200 դոլար, որպեսզի ծննդյանս վկայականը տա, հրաժարվել եմ, ինչի պատճառով այս վիճակում եմ… երկու անգամ դիմել ենք Հրազդանի առաջին ատյանի դատարան, բայց անարդյունք, քանի որ տիկին Նուրիջանյանը Հրազդանում ճանաչված դեմք է: Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել է իմ օգտին, այն, որ ես՝ Ցոլակ Ալեքսանյանս, իսկապես ծնվել եմ 1926թ.: Զագսի վարիչը, սակայն, այն բողոքարկել է Վճռաբեկ դատարան: Վճռաբեկն էլ է վճիռ կայացրել իմ օգտին…Հիմա ինչո՞ւ է շահագրգիռ Նուրիջանյանը, որ 80 տարեկան հիվանդ մարդուն գցում է դատարանի դռները: Ամբողջ գյուղը եւ Հրազդանի շրջանը գիտեն, որ նրանից առանց փողի անհնար է որեւէ փաստաթուղթ վերցնելը»,- իր նամակում գրում է Ց. Ալեքսանյանը: Նույնը հաստատում է նաեւ նրա դուստրը՝ Անահիտ Ալեքսանյանը, ով հիվանդանոցում պառկած հոր ասածները հիմնավորող փաստաթղթերով եկել էր խմբագրություն: Երբ հեռախոսով կապվեցինք ՔԿԱԳ Հրազդանի տարածքային բաժնի վարիչի հետ, իր հերթին Վ. Նուրիջանյանն էլ մեղադրանքների տարափ տեղաց Ց. Ալեքսանյանի եւ նրա դստեր Անահիտի հասցեին, բնականաբար հերքեց $200 կաշառք պահանջելու մասին հոր եւ դստեր պնդումը: «Նրանք դեռ պատասխան կտան իմ անվան շուրջ հերյուրանքներ տարածելու համար: Նրանց պատճառով մի ծննդականի համար 4 անգամ դատարան եմ մտել: Չգիտեմ ի՞նչ են ուզում ինձանից: Ես դեռ կպարզեմ, թե ինչպես են մյուս փաստաթղթերը ձեռք բերել, որոնցում նշված է, թե իբր Ց. Ալեքսանյանը ծնված է 1926-ին: Իրականում նա ծնվել է 1925թ., եւ այդ մասին արխիվային գրանցում կա»,- պարզաբանեց նա: Վ. Նուրիջանյանն ասաց, որ պատրաստ է Ց. Ալեքսանյանին տրամադրել 1925թ. ծնված լինելու մասին վկայական, որից վերջինս հրաժարվում է: Իսկ Անահիտ Ալեքսանյանն էլ պնդում է, որ հայրը Վ. Նուրիջանյանի մեղքով չի կարողանում ստանալով փաստաթուղթ ոչ 1926, ոչ էլ 1925թ.-ին ծնված լինելու մասին: «Հայրս անձնագրով, զինգրքույկով, ԶԱԳՍ-ի վկայականով, աշխատանքային ու թոշակի գրքույկով 1926թ. է ծնվել: Մենք ուզում ենք նույն թվով ծննդյան վկայական, ինչը Նուրիջանյանը չի տալիս: Թող գոնե մեզ տան 25թ.-ով վկայական, եթե 26-ով հնարավոր չէ: Այդ դեպքում պետք է փոփոխեն նաեւ բոլոր մյուս փաստաթղթերը եւ վճարեն 1 տարվա թոշակը»,- ասում է Անահիտ Ալեքսանյանը եւ ակնկալում է խնդրի արդարացի լուծում: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել