Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալացիները կգան Հայաստանում

Օգոստոս 17,2005 00:00

Իտալացիները կգան Հայաստանում Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության միաբան Հարություն վարդապետ Պզտիկյանը Հայաստանում է՝ հոկտեմբերի 6-ից Երեւանում կայանալիք «Իտալական օրերի» նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ «Հայ-իտալական բարեկամության միջոցառումները նախատեսված են անցկացնել 4 ամիսների ընթացքում։ Ես՝ որպես մշակութային գանձերի պատասխանատու, կներկայացնեմ Մխիթարյան միաբանությունը։ Վենետիկում 1988-ին տեղի ունեցան հայկական միջոցառումներ եւ այս փոխադարձ ծրագիրը կսկսվի Ազգային պատկերասրահում ներկայացվող մեծ ցուցահանդեսից։ Ազգային օպերայի դահլիճում տեղի կունենա բացման հանդիսավոր արարողություն։ Իտալիան կներկայացնի մշակույթի նախարարը։ Ծրագրում նախատեսված է իտալացի հայտնի երգիչների, նորաձեւության դեֆիլիների, գործարար մարդկանց այցը Հայաստան։ Միջոցառումների մանրամասները դեռեւս ճշտվում են եւ այդ մասին «Առավոտին» ինֆորմացիա կհաղորդեմ լրացուցիչ»,- ասաց Հ. Պզտիկյանը։ Մեր երկրում ծրագրի պատասխանատուն ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է։ Դեռեւս ապրիլին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իտալիա կատարած այցի ժամանակ երկու նախագահների եւ Վենետիկի նահանգապետի նախաձեռնությամբ քննարկվել են Երեւանում անցկացվելիք իտալական օրերի ծրագրերը։ Մխիթարյան միաբանությանը՝ որպես Վենետիկում 300-ամյա պատմություն ունեցող հաստատության, այդ միջոցառումներում վերապահված է կարեւոր դեր՝ Մխիթարյան հայրերի հարուստ մշակութային ժառանգությունը կներկայացվի հայ հասարակությանը։ «Իտալացի մեծանուն վարպետներին Մխիթարյան հայրերը տարիներ շարունակ պատվիրել են հայկական թեմաներով բարձրարժեք կտավներ՝ Մաշտոցի, Սահակ Պարթեւի, Բարդուղիմեոս առաքյալի, Մխիթար Սեբաստացու եւ այլ նվիրյալների միլիոններ արժեցող արվեստի նվաճումներ համարվող դիմապատկերներ, թվով մոտ 20 աշխատանք։ Հայ հասարակությանը կներկայացվի նաեւ 50 ջրաներկ գործ, որ պատվիրվել են իտալացի ժամանակակից մեծ նկարիչների՝ հայոց պատմության թեմաներով՝ Հայկ Նահապետ, Տիգրան Մեծ, Արա Գեղեցիկ եւ Շամիրամ եւ այլն։ Ծրագրված է ծանոթացնել Արեւմուտքում եղած ամենահին՝ Սուրբ Ղազարի տպարանին, որտեղ հրատարակվել է բազմապիսի գրականություն՝ հիմք դնելով մեզանում աշխարհաբարի գործածությանը, ծնունդ տալով հսկայածավալ մշակութային ժառանգության»,- ասաց Մխիթարյան միաբանը։ ՀՀ նախագահի Իտալիայում եղած ժամանակ խոսվել է նաեւ մի խնդրի շուրջ, որը Հարություն վարդապետը կարեւորեց. Մխիթարյան հայրերի եւ Իտալիայի կառավարության նախաձեռնությամբ որոշում կա Հայաստանում բացել իտալերեն հանրակրթական դպրոց։ Առաջարկին Ռ. Քոչարյանը դրական է արձագանքել եւ ապրիլից սկսած սպասում են դպրոցի շենքի հատկացմանը։ Ծրագրվում է իտալական չափանիշներով դպրոցը հիմնել մանկապարտեզից համալսարան՝ ստեղծելով օրինակելի կրթօջախ, որտեղից լավագույնները իտալական կառավարության հովանավորությամբ կմեկնեն Իտալիա՝ շարունակելու ուսումը։ Ինչու նորը բացել, երբ կա հայտնի «Մուրադ Ռաֆայելյանը» հարցին հայր սուրբը պատասխանեց. «Մենք ցանկանում ենք մեր երեխաներին կրթություն ապահովել՝ չկտրելով հայրենիքից: Մուրադ Ռաֆայելյան գիշերօթիկ վարժարանը այսօր հսկայական ծախսեր է պահանջում եւ, քանի որ չկա անհրաժեշտ գումարը, այն չի գործում։ Իսկ դպրոցի 120 տեղանոց հոյակապ շենքը կարող է ծառայել որպես հայկական մշակութային միջոցառումների անցկացման համար նախատեսված հարմարավետ օջախ»։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել