Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի նոր ներկայացումը

Օգոստոս 20,2005 00:00

Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ներկայացվեց նոր պիես՝ «Վերելքը»:

Ներկայացում, որ սկզբից մինչեւ վերջ խաղում է հանդիսատեսի նյարդերի վրա: «Ո՞նց թե», «Էս ի՞նչ էր». ամեն էպիզոդում արտաբերվող «տաբու» բառերի ոչ միայն բարձրաձայն, այլ հաճախ բղավոցով արտաբերվող հոսքը լսելու ու նաեւ տեսնելու անսպասելիությունից ցնցվում է դահլիճը: Արդեն քանի ամառ երեւանցի այս տղան շոգին ու տապին Փարիզից Հայաստան է բերում-հասցնում իր բոլոր ապրումները, վերապրումները, մտքերը, ցավերը, սրամտություն-սրախոսությունների պանտոմիմային ու ելեւէջային կուտակումների պերճանքը: Ներկայացման վերջում, երբ լեփ-լեցուն դահլիճը երկա՜ր, ծափահարում է մեր երեւանցի-փարիզցի սիրելի տղային՝ իր ընտրած ինտերնացիոնալ թատերախմբի հետ, զգում է, որ սրտից գլորվել-ընկել-փշրվել են բոլոր քարերն ու ջաղացքարերը, որովհետեւ իր դիտողականությամբ, իր տեղեկացվածությամբ մեզնից ետ չմնացած, ու իր խիզախությամբ նա մեզնից առաջ ընկած՝ կրել է այդ բեռն իր ուսերին:

Եվ երբ այս ամենն արդեն արվել է հայկական դուզխոսությամբ, փարիզյան նրբագեղությամբ, մտավորականի տառապանքով ու ռաբիսի ճոռոյախոսությամբ, պարոնյանական ու գյումրիական կատակաբանությամբ, ու երբ արդեն քանիերորդ անգամ լիուլի վաստակել է հանդիսատեսի համակրանքը, սերը, վստահությո՜ւնը, բռնել է մեր տամարը, ու արդեն ինչ ուզի կանի մեզ հետ, քանի որ արդեն բոլորիս իրենով է արել, կարող է հանգիստ նստել բեմեզրին ու մեր գլխին մի փոքրիկ բարոյախոսություն-դասախոսություն- քարոզ կարդալ: Ու մենք ոչ միայն չենք զայրանում, ձանձրույթից չենք հորանջում, չենք ասում. «Ըհը, հիմա էլ սա սկսեց»,- այլ համաձայնում ենք, որ սա մենախոսություն չէ («Լինե՞լ, թե՞ չլինել՝ այս է խնդիրը»), այլ երկխոսություն, որ սկսվել է ներկայացման սկսվելու հետ, ու որի հմայքն ու կարեւորությունը մեզ դեռ պահում են օղակի մեջ. այն չի ավարտվում….

ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արձակագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել