Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԽՈՒՐ

Սեպտեմբեր 09,2005 00:00

ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ Եվ այսպես, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հերթական պարտությունը կրեց աշխարհի գավաթի խաղարկության որակավորման մրցաշարում՝ 1:4 խոշոր հաշվով զիջելով Չեխիային: Արդեն 2-րդ տուրն է, ինչ մեր ընտրանին եզրափակում է 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավորով ետ մնալով Անդորրայի հավաքականից: Թե որակավորման մրցաշարը մեր թիմը ո՞ր տեղով կեզրափակի՝ հայտնի կդառնա հոկտեմբերի 12-ին, երբ Հենկ Վիսմանի սաները մրցակցի դաշտում ուժերը կչափեն մերձակա մրցակցի հետ: Ազգային հավաքականի մրցելույթների ընդհանուր գնահատականը, կարծում ենք, դեռ կտրվի հանրապետության ֆուտբոլային ղեկավարության ու մասնագետների կողմից, սակայն հիմա արդեն կարելի է որոշ վիճակագրական տվյալներ ներկայացնել, որոնք, ցավոք, ուրախանալու առիթներ չեն տալիս: Մինչեւ այսօր անցկացրած 11 հանդիպումներում Հայաստանի ազգային հավաքականը կրել է 9 պարտություն, 1 խաղ՝ Ռումինիայի հետ ( Երեւանում՝ 2004 թվականի նոյեմբերի 17-ին) ավարտել ոչ-ոքի եւ տոնել ընդամենը 1 հաղթանակ ( նույնպես Երեւանում՝ 2005 թվականի մարտի 26-ին Անդորրայի նկատմամբ): Մեր ընտրանին 2-ական անգամ պարտվել է Մակեդոնիային՝ 0:3 եւ 1:2, Ֆինլանդիային՝ 0:2 եւ 1:3, Չեխիային՝ 0:3 եւ 1:4, Հոլանդիային՝ 0:2 եւ 0:1, Ռումինիայի հետ 1-ական ոչ-ոքի՝ 1:1, ու պարտություն՝ 0:3, ունի եւ միայն Անդորրան է, որին առայժմ հաղթում ենք՝ 2:1, որը դեռ վերջնական ցուցանիշ չէ, քանի որ հաջորդ հակամարտությունը տեղի է ունենալու մրցակցի դաշտում: Իսկ նրան նույնպես հաղթանակն օդի պես է անհրաժեշտ: Բայց ուզում ենք հուսալ, որ որակավորման մրցաշարի ավարտին Հայաստանը, այնուամենայնիվ, կպահպանի դրական բալանսը՝ գոնե ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում իրեն 14 աստիճանով զիջող Անդորրայի նկատմամբ: Պակաս լարված վիճակ չէ նաեւ 1-ին խմբի մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: Միանձնյա առաջատարը Հոլանդիան է, որը 10 խաղում վաստակել է 28 միավոր (միակը, որ չի ճաշակել պարտության դառնությունը) եւ ամենայն հավանականությամբ իր համար ապահովել է 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչի ուղեգիրը: Այ, երկրորդ տեղի համար պայքարում են Չեխիան ու Ռումինիան, որում նախապատվությունը չեխերի կողմն է: 1-ին խմբի մրցաշարային աղյուսակ (սեպտեմբերի 8-ի դրությամբ) Հոլանդիա 10 9 1 0 25-3 28 Չեխիա 10 8 0 2 32-10 24 Ռումինիա 11 7 1 3 19-10 22 Ֆինլանդիա 10 5 1 4 21-15 16 Մակեդոնիա 11 2 2 7 11-24 8 Անդորրա 11 1 2 8 4-31 5 Հայաստան 11 1 1 9 6-25 4 ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել