Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ

Հոկտեմբեր 13,2005 00:00

Ի՞նչ գին ունի Լոռու մարզպետի լռությունը Հենրիկ Քոչինյանը դադարել է արձագանքել Վանաձորում կատարվող ապօրինություններին եւ աջակցում է քաղաքապետին: 2003թ. հուլիսին մարզպետ Հենրիկ Քոչինյանի հանձնարարությամբ կատարվեցին Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինության գործունեության ստուգումներ, որոնց հետեւանքով հայտնաբերվեցին բազմաթիվ կոպիտ խախտումներ: Դրանցից մեկն է՝ կառավարության 30. 07.1998 թ. թիվ 479 որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ տրվել է քաղաքի կենտրոնում գեղեցկության սրահ կառուցելու շինարարության թույլտվություն՝ առանց հողի գործառնական նշանակության փոփոխության (ներկայումս քաղաքապետ Սամվել Դարբինյանին պատկանող այդ «Հմայքի սրահը» կառուցվել եւ գործում է, իսկ նրա տեղում գտնվող արծաթափայլ եղեւնիները ոչնչացվեցին): Այդ եւ նմանատիպ այլ խախտումների արձանագրման հետեւանքն էր Լոռու մարզպետի 25.08.2003 թ. թիվ 243 որոշումը, որով Վանաձորի քաղաքապետին տրվեցին պարտադիր կատարման ցուցումներ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։ Որոշ ժամանակ անց Լոռու մարզպետը կրկին անդրադարձավ Վանաձորի քաղաքապետի ապօրինություններին՝ իր պաշտոնական գրության մեջ նշելով. «Քաղաքապետարանը շարունակում է արատավոր պրակտիկան՝ հաշվի չառնելով ՀՀ կառավարության 30.07.1998 թ. թիվ 479 որոշման պահանջները»: Հենրիկ Քոչինյանը նաեւ հիշեցրել էր. «Քաղաքաշինության նախարարությունը ժամանակին չէր տվել իր համաձայնությունը Տիգրան Մեծի պողոտայի ստորգետնյա անցումի վրա տաղավարների տեղադրման համար» (ներկայումս այդ անցումի վրա ոչ թե տաղավարներ են տեղադրվել, ինչը նույնպես արգելված էր, այլ քաղաքապետի սանիկի կողմից կառուցվել են կապիտալ շինություններ)։ Թեեւ մարզպետը պաշտոնապես գրավոր նախազգուշացնում եւ ցուցումներ էր տալիս, սակայն չէին վերացվում խախտումները։ Եվ եկավ մի պահ, երբ պրն Քոչինյանն ընդհանրապես սկսեց չարձագանքել Վանաձորի քաղաքապետի կողմից կատարվող անօրինականություններին, ինչը մասնավորապես տեղի ունեցավ 2003 թ. դեկտեմբերի 25-ին՝ մի շարք հողամասերի աճուրդների դեպքում։ Այդ օրը մարզպետարանի եւ քաղաքապետարանի անմիջական հարեւանությամբ գտնվող, բնակելի տան կառուցման համար չնախատեսված 820 քմ հողամասը բնակելի տան կառուցման համար վաճառվեց քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ, քաղաքապետարանի նախկին քարտուղար եւ քաղաքապետի մտերիմ Լյովա Կարապետյանին (ըստ փաստաթղթերի՝ նրա որդուն)։ Այդ հողամասը նախկինում եղել է քաղաքացի Լ. Հարությունյանի տան տարածքը, որը բնակելի տան կառուցման նպատակով այդ տարածքն իրեն հատկացնելու համար դիմել էր ե՛ւ քաղաքապետարան, ե՛ւ մարզպետարան։ Քաղաքապետարանն այն ժամանակվա քարտուղար Լյովա Կարապետյանի ստորագրությամբ պատասխանել էր. «Նշված տարածքը հնարավոր չէ հատկացնել, քանի որ այն քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված է այլ նպատակների համար»։ Նույնաբովանդակ պատասխան էր տվել նաեւ մարզպետը՝ նշելով, թե այդ տարածքը «ըստ գլխավոր հատակագծի՝ բնակելի շինարարության համար չի նախատեսված»։ Բացի այդ, աճուրդի մասին հայտարարությունը հրապարակվել էր «Լոռու մարզ» թերթի 2003 թ. դեկտեմբերի 13-ի թիվ 96 համարում, ինչը «Հողային օրենսգրքի» կոպիտ խախտում է, քանի որ աճուրդի մասին հայտարարությունը պետք է հրապարակվի աճուրդի անցկացումից առնվազն 1 ամիս առաջ։ …Այս ամենն ամբողջը չէ: «Առավոտը» շարունակում է նման փաստեր ստանալ ե՛ւ քաղաքապետի մրցակցի նախընտրական շտաբից, ե՛ւ Վանաձորի հասարակ քաղաքացիներից: Եվ այդ փաստերը հարցական, թեեւ նաեւ կռահելի են դարձնում պատասխանը, թե ինչպես է, որ այս ամենից հետո Հենրիկ Քոչինյանն աջակցում է Վանաձորի քաղաքապետի վերընտրությանը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել