Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱՐԴԵՆԻՍՑԻՆԵՐ,

Հոկտեմբեր 21,2005 00:00

«ՎԱՐԴԵՆԻՍՑԻՆԵՐ, ՁԵՐ ԲԱՆԸ ՊԻՆԴ ՊԱՀԵՔ» «Արդարություն» դաշինքի անդամ պատգամավորների եւ Ստեփան Դեմիրճյանի հետ հանդիպման եկած վարդենիսցիներին այսպիսի խորհուրդ տվեց տեղի մի պապիկ՝ սահմանադրական հանրաքվեից առաջ: Վարդենիսցի Վեմիր Կարապետյանը բացատրեց, որ նկատի ունի սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու վարդենիսցիների իրավունքը: Ակնհայտորեն հայրենակիցները նրան ճիշտ էլ հասկացել էին, քանի որ տեղերից արձագանքեցին՝ «Պինդ ա, դու քոնն ասա»: Իսկ ասելիքը հետեւյալն էր. «Մենք Սահմանադրությանը «ոչ» ենք ասում, վարդենիսցիներ, «այո» ասողին շա՜տ ամոթ, շա՜տ ամոթ, որովհետեւ Սահմանադրությունը փոխում է նրա համար, որ «27»-ի դեպքը ծածկի: Մեզ օգնող, մեզ տեր-տիրական կանգնող մարդկանց ականջ դնենք, ոչ թե ինչ-որ խարաբների: Խնդրում եմ, ախպոր պես, մի հատ զարկ տվեք ձեր բանին, ձեր մտքին, ձեր գլխին, որ «ոչ» ասենք, եւ վերջ, Սահմանադրությունը միայն էն տզրուկների համար է, որոնք ծծում են ձեր արյունը, իմն էլ հետը: Կծկվել-նստել եք, որ անունն ի՞նչ դնեք, չեմ հասկանում»,- ավարտեց Վեմիր Կարապետյանը: ՀԴԿ նախագահ Արամ Գասպարիչին այս ելույթից հետո մնում էր միայն ավելացնել. «Դուք արդեն գիտեք, թե ի՛նչ պետք է անել եւ ինչո՛վ պետք է անել»: Վարդենիսի հրապարակում, որտեղ տեղի ունեցավ հանդիպումը «Արդարություն» դաշինքի պատգամավորների հետ, նաեւ ավտոկայան է, եւ գյուղեր մեկնողներն ու վերադարձողները եւս հավաքվել էին պատգամավորներին եւ իրենց հայրենակիցներին լսելու: Ամենից տարօրինակն այն էր, որ միայն Հանրային հեռուստատեսություն դիտելու հնարավորություն ունեցող այս քաղաքների եւ հարակից գյուղերի բնակիչները թեպետ ասում էին, որ ծանոթ չեն Սահմանադրությանը, բայց կոնկրետ կետեր էին նշում, որոնց պատճառով էլ առաջին հերթին դեմ էին սահմանադրական փոփոխություններին: Որպես այդպիսի կետ նշվում էր այն, որ, ըստ առաջարկվող փոփոխությունների, երկրի նախագահը պաշտոնավարումից հետ եւս շարունակելու է անձեռնմխելի մնալ եւ չի պատժվելու պաշտոնավարման ընթացքում կատարած հանցանքների կամ անօրինականությունների համար: «Ոչ» ասելու այլ պատճառներ էլ էին նշվում. «Որովհետեւ սոված եմ, ութ հազար դրամ թոշակ են տալիս, գազի՞ն տամ, ջրի՞ն տամ, լույսի՞ն տամ, ո՞ւմ տամ, տամ՝ ե՞ս ինչ ուտեմ: «Ոչ», միայն «ոչ», ես խոսելու բան չունեմ»: Մենք հետաքրքրվեցինք՝ իսկ վարդենիսցիք չե՞ն ուզում եվրոպացի դառնալ, ինտեգրվել Եվրոպային, չէ՞ որ իշխանությունները շարունակ ասում են, որ նոր սահմանադրական հանրաքվեի հաջողության դեպքում դա մեզ համար ավելի հեշտ կլինի: Պատասխանը սա էր. «Ես տեղովս Եվրոպա եմ, իմ ինչի՞ն ա Եվրոպան պետք, որ օրը իմ փորը կուշտ եղավ, էն օրը Եվրոպա եմ, երբ սոված եղա՝ ի՞նչ Եվրոպա, ի՞նչ բան, եւ խնդրում եմ էլ ինձ չխոսեցնեք»: Մարտունիի Մշակույթի տան հրապարակը բազմամարդ էր: Հասարակական կարգի պահապանների պակաս եւս չկար, «մի բան էլ ավել» էին եկել, ինչպես նկատեց մի մարտունեցի: Մարտունեցիներից շատերը հետեւյալ կարծիքին էին. «Ես Սահմանադրությանը կասեմ «ոչ», քանի որ Սահմանադրությունն էլ սուտ է, էս իշխանությունն էլ սուտ է, միայն չորրորդ իշխանությանն եմ հավատում, լրագրողներին. եթե դրանք չլինեին, էս ժողովրդի աքսորն հիմա հարյուր տոկոսանոց էր»: Մյուսները այն կարծիքին էին, որ «լավ ապրողները կասեն «այո», մենք ինչի՞ համար ասենք, սահմանադրությունը տասը մարդու համար է լավ, իննսուն տոկոսն էլ կասի «ոչ», եթե չկեղծեն»: Մեր հարցին՝ իսկ եթե իշխանությունները համոզեն, որ այդ «ոչ»-ը դառնա «այո», մի մարտունեցի տղամարդ պատասխանեց. «Հնարավոր չէ, եթե երկսեռ եմ, ուրեմն կհամոզեն, հնարավոր չէ, կրկնում եմ, «ոչ» ենք ասելու ամբողջ ընտանիքով»: Ընտանիքով «ոչ» էր ասելու նաեւ մի տիկին, որին երբ խնդրեցինք բացատրել այդ «ոչ»-ի պատճառը, ասաց. «Որովհետեւ ասում են վատ բաներ կան մեջը, չգիտեմ, ոչ կարդացել եմ, ոչ էլ լսել եմ»: Մեկ ուրիշը՝ «Պարզ չէ՞, որ «ոչ» պետք է ասենք, անկախությանը «այո» ասեցինք, ի՞նչ հասկացանք, Ստեփան Դեմիրճյանին ընտրեցինք, մեր ձայնը կեղծեցին, հիմա «ոչ» ենք ասելու, իրանց սահմանադրությունը իրանց մնա: Հիմա ամեն ինչն էլ կեղծությունով է, նախագահը որ անցավ, արդարությա՞մբ անցավ, կեղծությունով անցավ: Հիմա արդարություն չկա»: Իսկ Լեւոն Մուշեղյանը չթաքցրեց, որ ինքը ժամանակին աշխատել է այսօր դեռ գործող սահմանադրության շտաբում, 95-ին նույնիսկ աշխատավարձ է ստացել, բայց այսօր հասկացել է. «Սահմանադրություն-բան՝ ստից բաներ են, ձեզ խաբում են, իրանք փողեր են աշխատում, հետո «պրաշչայ»՝ թռան-գնացին»: Եթե նկատեցիք, մարտունեցիների եւ վարդենիսցիների անունները չենք նշել, դա արվել է հատուկ պատճառով. մարդիկ չէին վախենում անուններն ասել, սակայն հիշեցնում էին, որ մեր նախկին հրապարակումներից հետո ոմանց «նեղել» են: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել