Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր

Հոկտեմբեր 21,2005 00:00

Նոր Սահմանադրությամբ՝ դեպի պայծառ ապագա Երեկ այսպես էին համոզում Գյուղակադեմիայի ուսանողներին ԱԺ պատգամավորները Երեկ Հայաստանի պետական ագրարային համալսարանում (1 օր առաջ կառավարության որոշմամբ Գյուղակադեմիան այսպես է վերանվանվել) պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հյուրն էին ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը (ՕԵԿ), Սամվել Նիկոյանը (ՀՀԿ) եւ Հրայր Կարապետյանը (ՀՅԴ): Նրանք եկել էին հասարակության այս երկու կարեւոր խավին բացատրելու, թե ինչու պետք է «այո» ասել նոր Սահմանադրությանը: Սակայն, ինչպես Ս. Նիկոյանն ասաց, այս հարցում նույնիսկ իրազեկումն է բարդ, որովհետեւ սահմանադրությունն ինքնին բարդ իրավաբանական փաստաթուղթ է. «Նա, ով չի հասկանում, թե ինչ է Սահմանադրությունը, նրան հեշտ է ասել՝ դու վատ ես ապրում, եւ դրա մեղավորը Սահմանադրությունն է, ուրեմն «ոչ» պետք է ասես»: Ըստ Հրայր Կարապետյանի՝ «անհրաժեշտ է գիտակցել, որ «ոչ» ասելով նախագծին՝ «այո» ենք ասում այսօր գործող ապազգային Սահմանադրությանը»: Ի՞նչ ունենք մենք, ըստ բանախոսների, այսօրվա գործող Սահմանադրությամբ. ունենք նախագահի՝ մոնոպոլ իշխանություն, ունենք ոչ անկախ մի դատական համակարգ. «Եթե արդարադատության խորհրդի նախագահը հանրապետության նախագահն է, ուրեմն ինքնուրույն իշխանական թեւի՝ դատական համակարգի անկախության մասին խոսելն ավելորդ է: Մինչեւ հիմա վարչապետին նշանակում էր նախագահը, իսկ նոր Սահմանադրությամբ՝ կառաջադրի ԱԺ-ն: Եվ, ըստ հավասարակշռության ու հակակշռության զսպող մեխանիզմի, նախագահը պարզապես կհաստատի ԱԺ-ի առաջադրածը: Նախագահն այլեւս ի վիճակի չէ գերիշխելու»,- նախագահի մտավոր կամ ֆիզիկական կարողությունները նկատի չուներ Ս. Նիկոյանն իր վերջին ասածով, այլ սահմանադրությամբ վերապահվող իրավունքների անսահմանափակությունից բխող բարդությունները: Ս. Նիկոյանը նաեւ անդրադարձավ այն հարցին, թե ընդհանրապես երբ պետք է նախագահը պատասխանատվություն կրի իր կատարած որեւէ հանցագործության համար. ըստ նրա՝ լիազորությունների ավարտից հետո, եթե, իհարկե, պետական դավաճանություն չի արել կամ խիստ ծանր հանցագործություն: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին էլ, ինչպես մյուս բանախոսներին (ըստ ամենայնի՝ նաեւ մնացած բոլոր պատգամավորներին) նոր Սահմանադրության մեջ խիստ դուր է գալիս այն, որ բարձրացվում է ԱԺ-ի դերը: Հ. Մարգարյանը հատկապես շեշտեց այն պահը, որ ՀՀ դատախազին եւ Մարդու իրավունքների պաշտպանին նշանակելու եւ ազատելու հարցում էլ ԱԺ-ն մեծ դեր կունենա: Պրն Մարգարյանը նույնիսկ անդրադարձավ «տխրահռչակ «Ա1+»-ին, եւ կարծիք հայտնեց, թե գուցե հեռուստաընկերության ճակատագիրն այդպես չդասավորվեր, եթե ԱԺ-ից իրենք ներկայացուցիչ ունենային Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովում: Ըստ Հրայր Կարապետյանի էլ, Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր անի «այն, ինչ արեց», եթե չունենար այդքան անսահմանափակ լիազորություններ: Դահլիճից նույնիսկ գրավոր հարց եկավ, թե արդյոք նոր Սահմանադրությունը հնարավորություն կտա՞ պատասխանատվության ենթարկել Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Մենք ունենք Քրեական օրենսգիրք, որ ՀՀ բոլոր քաղաքացիների համար է: Եթե նա հանցանք է գործել, կարող են ըստ Քրօրի պատասխանատվության ենթարկել»,- պատասխանեց Հովհաննես Մարգարյանը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել