Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ

Հոկտեմբեր 21,2005 00:00

ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀՀ սպորտպետկոմի հրավերով եռօրյա խորհրդատվական այցով Հայաստան են ժամանել Եվրոպայի խորհրդի սպորտի զարգացման կոմիտեի փորձագետներ, Եվրախորհրդի սպորտի դեպարտամենտի ղեկավարի ադմինիստրատիվ տեղակալ տիկին Մարի Ֆրանսուազ Գլադզը, Լիտվայի Հանրապետության ֆիզդաստիարակության եւ սպորտի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Ալգիրդաս Ռասլանասը եւ Սլովենիայի կրթության եւ սպորտի նախարարության սպորտի վարչության քարտուղարի տեղակալ Զորան Վերովնիկը: Երեկ նրանց ընդունեց ՀՀ սպորտպետկոմի նախագահ Իշխան Զաքարյանը: Նա հյուրերին ներկայացրեց այն խնդիրները, որոնք այսօր հետաքրքրում են Հայաստանին: Սպորտի պետական կառույցի ղեկավարի ներկայացմամբ՝ դրանք բաժանվում են պայմանական մի քանի խմբի: Առաջինը բավականին դժվարությամբ ընդունված «Սպորտի մասին ՀՀ օրենքի» համապատասխանությունն է եվրոպական չափանիշներին: «Օրենքը Հայաստանի ազգային ժողովում երկար ժամանակ չէր ընդունվում,- ասաց նա,- քանի որ պետություն-ազգային մարզական ֆեդերացիաներ-հասարակական կազմակերպություններ հարաբերությունները, դրանց իրավասության շրջանակները հստակ չէին: Մենք աշխատել ենք կանոնակարգել յուրաքանչյուրի տեղն ու դիրքը: Անկեղծ ասեմ. դեռ խորհրդային տարիներից մեզ մոտ մարզական ֆեդերացիաները ձեւական բնույթ են կրել, գոյատեւել են պետության հաշվին: 2006 թվականից պետությունը փոխելու է քաղաքականությունը. հնարավորությունների սահմաններում բյուջեից ֆեդերացիաներին հատկացված գումարների տնօրինումը հանձնելով նրանց: Իսկ ֆեդերացիաներն արդյունավետ աշխատելու համար պետք է սերտ համագործակցություն հաստատեն միջազգային մայր կազմակերպությունների հետ: Նույնիսկ օլիմպիական խաղերում ՄՕԿ-ը հանդես է գալիս զուտ որպես կազմակերպիչ, մնացածն անում են միջազգային ֆեդերացիաները: Պետությունն իր առաջնային նպատակն ավելի շատ տեսնում է հանրապետության ողջ տարածքում մասսայական ֆիզկուլտուրան, առողջ ապրելակերպը, այդ թվում՝ հաշմանդամների, թերի զարգացած մարդկանց շրջանում խթանելու, հանրապետությունում մարզական շինարարություն ծավալելու մեջ: Մենք ցանկանում ենք ծանոթանալ եւ մասնակցել Եվրախորհրդի սպորտի զարգացման ծրագրերին, ձեզ հետ միասին քննարկել մեր երկրի օրենքների, սպորտի ոլորտում պետության որդեգրած քաղաքականության համապատասխանությունը եվրոպական չափանիշներին: Եվ եթե լինեն լուրջ առաջարկներ, խնդիր չէ՝ կարող ենք մեր օրենքներում փոփոխություններ կատարել»: Փորձագետները շնորհակալություն հայտնեցին հրավերի, ջերմ ընդունելության համար եւ վստահեցրին, որ իրենց առաջին խորհրդատվական այցը Հայաստան՝ արդյունավետ կլինի: Նրանք շատ կարեւորեցին հատկապես դոպինգի դեմ տարվող պայքարը, որ մղվում է ամբողջ Եվրոպայում: Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ Հայաստանը միացել է ՄՕԿ-ի համապատասխան կոնվենցիաներին: «Մենք եւ մեր նման երկրները միանշանակ կողմ ենք սպորտը դոպինգից իսպառ մաքրելուն: Դրանից մենք շատ ենք տուժել,- հայտարարեց նա:- Սակայն իմ անձնական կարծիքով դոպինգի դեմ պայքարում Եվրոպան պետք է ունենա միասնական օրենք: Մինչդեռ, հենց նույն Եվրոպայում ամեն մի երկիր դոպինգի դեմ պայքարի իր ձեւն է ընդունել: Դա լուրջ բարդություններ կարող է առաջացնել: Օրինակ՝ Իտալիայի տարածքում, որտեղ եկող տարի կայանալու են ձմեռային օլիմպիական խաղերը, դոպինգ օգտագործած լինելը պատժվում է քրեորեն: Այդ պատճառով, ինչպես օրերս տեղեկացա, հատկապես ԱՄՆ-ի ու Կանադայի պրոֆեսիոնալ շատ մարզիկներ պատրաստվում են հրաժարվել Թուրին մեկնելուց: Մենք դեռ չունենք դոպինգի դեմ պայքարի մեր օրենքը, թեեւ դրա վրա բավականին երկար ժամանակ աշխատում ենք: Որակյալ օրենք ընդունելուն, կարծում եմ, իմ այս առաջարկը շատ կօգնի»: Հանդիպումից հետո Եվրախորհրդի փորձագետները ձեռնամուխ եղան իրենց աշխատանքներին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել