Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ԼԱՎ ՌՈՔ ԼՍՈՂԻՆ

Փետրվար 16,2006 00:00

Սա
են փորձում պարզել EMPYRAY-ի տղաները Կարծես թե ջազ լսող հասարակություն,
այսպես թե այնպես, մեզանում ձեւավորվել է, ինչը ռոքի մասին չես կարող ասել: Այս առիթով
EMPYRAY ռոք խմբի տղաները նույնիսկ կատակում են. «Էս երկրում կարծես թե ռոք սիրող
չկա, համ իշխանությունն է ջազ լսում, համ՝ ընդդիմությունը: Իսկ, օրինակ, Ուկրաինայում
նարնջագույն հեղափոխության հիմնը ռոք խումբ է գրել: Ոչ մեր իշխանությունը, ոչ էլ
ընդդիմությունը չեն գիտակցում, թե ինչ մեծ ուժ կա ռոքի մեջ: Ու քանի դեռ քվեատուփեր
լցոնելու պրոցեսներ են գնում, ռոքը պետք չի գալիս, երեւի իսկական ընտրություններին
պետք կգանք»: Խմբի հիմնադիրներից Սարգիս Մանուկյանը գտնում է, որ ոչ բոլոր
Պապլավոկ գնացողներն են ջազ սիրում. «Էնտեղ գնում են միայն նոր բջջայինների ու հագուստների
ցուցահանդես կազմակերպելու համար, հետո դուրս են գալիս ու իրենց «Ջիփի» մեջ սպիտակցի
Հայկո միացնում: Ընդ որում, ավելի լավ է մարդ առանց թաքցնելու Հայկո լսի, քան ձեւացնի,
թե ջազ է սիրում ու դրանով ինքն իր աչքին բարձրանա»: Նա վստահեցնում է, որ Հայաստանում
լավ ռոքը գնահատողներ էլ կան, թեւ փաստում է, որ գործող 30-40 ռոք խմբերի 90%-ը «բռակ»
է հրամցնում: Իսկ վերջին տարիներին կազմակերպված ռոք-փառատոները իրական ռոքի արտացոլումը
չեն: «Այն մասսան, որը տանը լսում է լավ երաժշտություն, կյանքում այդ փառատոներին
չի գա ու չի ցանկանա պրովինցիաներից եկածների ֆլեյտայով ռոք լսել: Մանավանդ հաճախ
այդ փառատոների կազմակերպիչները բանկետի, կնունք-ծնունդի մենեջերներ են»,- հայտարարում
են Սարգիս Մանուկյանն ու Կարեն Արզումանյանը: Զրույցի ժամանակ անդրադարձ եղավ
զանազան մրցանակաբաշխություններին եւ դրանցում «ռոք» անվանակարգի բացակայությանը:
«Անցյալ տարի Ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում ռոք նոմինացիան հանված էր:
Ենթադրում եմ, որ կամ ռոքի հետ կապված լավ ինֆորմացիա չունեին, կամ համապատասխան
«դաբրո» չկար: Մյուս կողմից էլ ուզում եմ նշել, որ վերջին 1 տարվա ընթացքում մենք
շփումներ ունեցել ենք այդ շրջանակների հետ եւ դեռ որեւէ դուռ չի փակվել մեր առաջ:
Ավելին, Հ1-ի գլխավոր պրոդյուսեր, կլիպմեյքեր Հրաչ Քեշիշյանը մեր «Դու չկաս» երգի
տեսահոլովակն է նկարել, որը հավանաբար առաջիկայում եթեր կտրվի: Ի դեպ, կլիպը նկարվել
է իրենց նախաձեռնությամբ ու իրենց միջոցներով»,- նշեց Ս. Մանուկյանը: Տղաները ռոքի
առաջին օրենքը ազնվությունն ու անկախությունն են համարում, ուստի գերադասում են իրենք
գրել իրենց երգերը, թեեւ ժամանակին նրանք ներգրավված են եղել Արամ Սուքիասյանի եւ
Արման Էլբերտի ռոք-օպերաներում: Տեղեկացնենք, որ խմբի անդամներից Սարգիս Մանուկյանը
կոնսերվատորիայի վոկալ բաժնի պրոֆեսոր Սերգեյ Դանիելյանի սանն է, իսկ երաժիշտներից
Կարեն Արզումանյանը EMPYRAY-ի երկարամյա հնչյունային ռեժիսորն է: Տղաները նշում են,
որ իրենց մատուցած երաժշտության ատաղձը դասականն է, որի հիման վրա էլ «կառուցվում»
է իրենց ռոքը: Նրանք փաստում են, որ հայկական ռոքի պիկը 80-ականներին է եղել («Ոստան
հայոց», «Ասպարեզ», Վահան Արծրունու պրոյեկտը եւ այլն): «Հայկական ռոք, ըստ էության՝
կա, բայց հաճախ այն մատուցվում է սխալ, սխալ տեղում ու սխալ վայրում… Հիմա շատերին
թվում է, որ կեղտոտ շորերով բեմ դուրս գալով կարելի է ռոքային իմիջ ստեղծել: Ո՞վ
է ասել, որ ռոքերները պետք է անլվա տղերք լինեն, անհասկանալի կյանքով ապրող: Միայն
ամենակազմակերպված մարդը կարող է ռոքի հետ կապ ունենալ»,- նկատեցին Սարգիսն ու Կարենը:
Այս տարի վերջապես կթողարկվի EMPYRAY խմբի CD-ն, նաեւ մենահամերգ կունենան: «Մենք
միշտ ամեն ինչ մեր ուժերով ենք արել, որովհետեւ Հայաստանում ռոքի մեջ կոմերցիա չեն
տեսնում, դրա համար էլ չեն օգնում: Գիտեմ, որ ներկայիս իշխանավորներից ռոք սիրում
է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը, իսկ նախկիններից, եթե չեմ սխալվում՝ Վահան Փափազյանն
ու Վանո Սիրադեղյանը»,- ավելացրին տղաները: Նրանց հիշեցրինք, թե ինչպես է վերջերս
արտգործնախարար Վարդան Օսկանյանը ընդունել հանրահայտ System Of A Down-ի երաժիշտ
Սերժ Թանգյանին: «Եթե Սերժը լիներ Կոմիտասի վրա ապրող տղա, իսկ System-ի տղերքն էլ՝
Կիեւյանի, այդ խումբը այս երկրում ոչ մեկին պետք չէր լինի: Սերժը դրսից էր, դրա համար
էդ մակարդակով ընդունվեց: Անձամբ ես շատ եմ սիրում System Of A Down-ի արվեստը, բայց
այդ մասին չէ խոսքը, այլ երաժիշտների հանդեպ եղած հայաստանյան չափանիշների»,- ասացին
հայաստանցի ռոքերները: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել