Լրահոս
Օրվա լրահոսը

Դոստոեւսկին՝ Սունդուկյանի բեմում

Մարտ 17,2006 00:00

Թատերագետ
Լեւոն Մութաֆյանը՝ «Ոճիր եւ պատիժ» ներկայացման ռեժիսուրայի մասին Գաբրիել
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս վերջապես կայացավ Ֆ. Դոստոեւսկու
«Ոճիր եւ պատիժ» վեպի հիման վրա ստեղծված համանուն ներկայացման պրեմիերան: Վերջապես,
որովհետեւ տարուց ավելի թատրոնը ազդարարում էր սպասվելիք բեմադրության մասին: Առաջին
ներկայացումից հետո զրույցի հրավիրեցինք թատերագետ Լեւոն Մութաֆյանին, որը շատ լավ
գիտի այս ստեղծագործության բեմական պատմությունը ռուսական թատրոններում: Նրա՝ 2003-ին
հրատարակված «Պիտեր Բրուկո» ուսումնասիրությունը ասվածի վառ օրինակն է: Լ. Մութաֆյանին
առաջարկեցինք իր մտորումները ներկայացնել թե «Ոճիր եւ պատիժի», թե հայ բեմում ռուս
դասականների արդիականության մասին՝ առհասարակ: «Չեմ թաքցնում, անհամբերությամբ
էի սպասում ներկայացման պրեմիերային, որովհետեւ այս վեպը Հայնրիխ Բյոլի «Ծաղրածուի
աչքերով»-ի եւ Ռաբլեի «Գարգանտյուա եւ Պանտագրյուել»-ի հետ դասական ժառանգության
իմ ամենասիրած գործերն են: Բայց հետաքրքրությունս միայն սիրով չէր պայմանավորված.
Դոստոեւսկու վեպի մի քանի փառահեղ բեմադրություններ եմ տեսել «Տագանկայի», Սանկտ
Պետերբուրգի «Լենկոմի» եւ, վերջապես, «Մոսսովետի» թատրոնների բեմադրությունների հանդիսատեսն
եմ եղել: Հայ բեմադրիչ Տիգրան Գասպարյանի բեմականացման մեջ չեմ ուզում տեսնել այդ
բեմադրությունների արձագանքները: Ինչո՞ւ ճգնել տեսնել, երբ դրանք պարզապես չկան»,-
նշեց թատերագետը: Ըստ նրա, Դոստոեւսկու վեպի երեւանյան բեմադրությունը կտրված է ժամանակի
տարածությունից ու կարծես ինքն է ցանկանում իր ժամանակը ստեղծել: «Լավ է, որ բեմադրիչ
Գասպարյանը իր համար ստեղծել է խիզախման ինքնահատուկ հարթակ, ջնջել ամեն մի հիշողություն
ու գնացել դեպի Դոստոեւսկի՝ վեպը հարմարեցնելով թատրոնի լեզվին: Նա ջանք է թափել
նաեւ ստեղծել գրական-դրամատիկ կուռ նյութ: Կարճ ասած՝ կառույցի սյուժե: Եվ այն կա:
Կա գործողությունների, դիպվածների տրամաբանական շարունակություն, ինտրիգ կառուցելու
եւ հանգուցալուծելու որոշակի հմտություն, սակայն այս յուրատեսակ բարեխղճությունը
քիչ է մոտենում Դոստոեւսկու գրողական գեղագիտական ինքնատիպությանը: Գրողի այս վեպն
ամբողջապես յուրատիպ մետաֆոր է՝ կառուցված ողբերգական հենքի վրա: Ահա ինչու այն պահանջում
էր գրական նյութի մատուցման այլ եղանակներ ու սկզբունքներ, ոչ թե ավանդական սյուժե,
ինչը ներկայացրել է բեմադրիչը»,- հայտնեց Լ. Մութաֆյանը: Ուրեմն, ըստ թատերագետի,
հարկավոր էին պարադոքսալ լուծումնե՞ր: «Իհարկե, վեպի ենթաշերտն ու ենթաբնագիրը անշուշտ
պիտի դառնային բեմավորման նյութը, դիալոգացված պատմությունը ներկայացնելու գաղափարը:
Սա մերժելի չէ, սակայն այն չի բխում Դոստոեւսկու վեպի առանձնահատկությունից»,- ասաց
մեր զրուցակիցը: «Ինչ-որ ճիգ կա՝ արտասովոր ու նորարար երեւալու, դեպի թատրոնի ժամանակակից
լեզուն ու արտահայտչաձեւերը գնալու: Կան ուշագրավ լուծումներ, հստակ ելակետեր, սակայն
ամբողջության մեջ հստակ չէ բեմադրաձեւը, ներկայացումը չունի կոմպոզիցիոն, ոճական,
ներդաշնակ ամբողջականություն, ինչն էլ ստեղծում է թափթփվածության տպավորույթուն»,-
նկատեց Լ. Մութաֆյանը: Վերջինս համաձայն չէ. «Դյուրին չէ Դոստոեւսկի բեմադրելը, ուստի
Տիգրան Գասպարյանի բեմադրությունը պիտի համարել նրա որոնումների ոչ թե ամբողջացումը,
այլ՝ ընթացքը, փորձը: Նա, իմ կարծիքով, չի խորացել նաեւ ստեղծագործության գաղափարական
առանձնահատկությունների մեջ: Դոստոեւսկու փիլիսոփայության առանցքը մարդու եւ սատանայի
ներհյուսումն է մեկ անհատի մեջ, երբ հակադրությունները դեգրատացնում են անհատին,
որը վերջինիս տանում է գերիրականության գաղափարին: Գրողը չի պաշտպանում այս անհատին.
նա անխուսափելի է համարում խորտակումը, դատապարտումը: Ոճիրը, ըստ հեղինակի, ոչ թե
սոսկ գործողություն է, այլ մտային ու հոգեբանական դեֆորմացիայի արգասիք»: Ըստ Լ.
Մութաֆյանի, այս մոտեցումն է բացակայում, ինչի հետեւանքով էլ գերիշխողը սենտիմենտալ-զգայացունց
պատմություն ներկայացնելն է, հերոսի (Ռասկոլնիկովի) մեջ Հիսուս տեսնելու չարդարացված
միտումը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել