Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսության ռազմավարությունը չի կարող հիմնվել բացառապես ժամանակավոր աջակցության կամ քաղաքական հայտարարությունների վրա. «Փաստ»

Հուլիս 14,2026 10:50 Share

Առանձնահատուկ ուշադրության են արժանի հրապարակված տվյալները, ըստ որոնց, 2026 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 21,5 տոկոսով։ Վիճակագրական տվյալների համաձայն, 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին երկու երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 2,196 միլիարդ դոլար, մինչդեռ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում այն հասնում էր 2,763 միլիարդ դոլարի։ Միաժամանակ նվազել է նաև Ռուսաստանի տեսակարար կշիռը Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության կառուցվածքում՝ 35,1 տոկոսից հասնելով 28 տոկոսի, ինչը փաստում է ոչ միայն բացարձակ ցուցանիշների, այլև հարաբերական դերակատարության փոփոխության մասին։

Հատկանշական է նաև, որ նույն ժամանակահատվածում նվազել է ոչ միայն Ռուսաստանի տեսակարար կշիռը, այլև Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ ընդհանուր ապրանքաշրջանառության մասնաբաժինը՝ 36,7 տոկոսից իջնելով մինչև 29,8 տոկոսի։ Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ մյուս անդամների հետ արձանագրվել է աճ։ Բելառուսի հետ առևտրաշրջանառությունն ավելացել է 8,3 տոկոսով, Ղազախստանի հետ՝ 10 տոկոսով, իսկ Ղրղզստանի հետ՝ ընդհուպ 194,8 տոկոսով։

Այս թվերը ցույց են տալիս, որ Հայաստանի արտաքին առևտրի աշխարհագրության մեջ որոշակի վերադասավորումներ տեղի են ունենում, սակայն դրանք դեռևս չեն փոխհատուցում Ռուսաստանի ուղղությամբ արձանագրված կրճատման ծավալները։ Պատճառը պարզ է. նույնիսկ աճող ցուցանիշներով ԵԱՏՄ անդամ մյուս երկրները չեն կարող իրենց շուկաների ծավալներով և սպառողական ներուժով փոխարինել Ռուսաստանի շուկային, որը թե՛ բնակչության թվով, թե՛ պահանջարկի մակարդակով և տնտեսական հնարավորություններով շարունակում է մնալ միության առանցքային տնտեսությունը։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը նույն ժամանակահատվածում գրեթե չի փոխվել՝ կազմելով 7,865 միլիարդ դոլար, ինչը միայն 0,1 տոկոսով է պակաս նախորդ տարվա ցուցանիշից։ Սա կարող է տպավորություն ստեղծել, թե, ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն է, սակայն արտաքին առևտրի կառուցվածքային փոփոխությունները հաճախ ավելի կարևոր են, քան հանրագումարային թվերը։ Եթե ընդհանուր ծավալը պահպանվում է, սակայն տեղի է ունենում հիմնական շուկաների կրճատում, ապա տնտեսությունը ստիպված է լինում շատ կարճ ժամանակում որոնել նոր գործընկերներ, նոր շուկաներ և նոր լոգիստիկ լուծումներ, ինչը միշտ չէ, որ հնարավոր է արագ և առանց լրացուցիչ ծախսերի իրականացնել։

Վերջին ամիսներին հատուկ խնդիր են դարձել նաև Ռուսաստանի կողմից հայկական գյուղատնտեսական որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները։ Այդ սահմանափակումները միանգամից զգալի ազդեցություն ունեցան բազմաթիվ արտադրողների վրա, քանի որ գյուղատնտեսական մթերքը ժամանակի նկատմամբ զգայուն արտադրանք է։ Եթե արտահանման գործընթացը կանգ է առնում նույնիսկ մի քանի օրով, արտադրողները կարող են կրել զգալի ֆինանսական կորուստներ, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ կորցնել բերքը։ Սա հերթական անգամ ցույց տվեց, թե որքան մեծ է Հայաստանի կախվածությունը ռուսական շուկայից, և որքան զգայուն կարող է լինել տնտեսությունը նմանատիպ որոշումների նկատմամբ։

Այս իրավիճակում Եվրոպական միությունից հնչեցին հայտարարություններ այն մասին, որ աջակցություն կտրամադրվի Հայաստանին՝ հայկական գյուղմթերքի արտահանման նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Անկասկած, ցանկացած աջակցություն, որը նպաստում է արտահանման դիվերսիֆիկացմանը, կարող է ունենալ դրական նշանակություն, սակայն անհրաժեշտ է իրավիճակը գնահատել իրատեսորեն և առանց չափազանցված սպասումների։ Եվրոպական շուկան ունի բոլորովին այլ կանոններ, տեխնիկական պահանջներ և որակի չափանիշներ, որոնք զգալիորեն տարբերվում են այն պայմաններից, որոնցում երկար տարիներ աշխատել են հայ արտադրողները և արտահանողները։ Եվրոպական միության շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է համապատասխանել սանիտարական, ֆիտոսանիտարական, տեխնիկական և որակի բազմաթիվ ստանդարտների, որոնք պահանջում են ժամանակ, ներդրումներ, արտադրության արդիականացում և լրացուցիչ ծախսեր։ Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Եվրոպական միության շուկան գործում է մրցակցության բոլորովին այլ պայմաններում։ Այնտեղ արտոնյալ ռեժիմ ավտոմատ կերպով չի գործում, իսկ հայկական արտադրողը ստիպված է մրցակցել ոչ միայն եվրոպական խոշոր ընկերությունների, այլև աշխարհի տարբեր երկրներից ներմուծվող բարձրորակ արտադրանքի հետ։

Սա նշանակում է, որ նույնիսկ քաղաքական աջակցության առկայության պայմաններում տնտեսական հաջողությունը կախված է լինելու առաջին հերթին հայկական արտադրանքի մրցունակությունից, ոչ թե քաղաքական հայտարարություններից։ Ավելին, միջազգային քաղաքական զարգացումները հաճախ ունենում են փոփոխական բնույթ։ Եթե տվյալ ժամանակահատվածում աշխարհաքաղաքական որոշ հանգամանքների ազդեցությամբ Եվրոպան ցուցաբերում է լրացուցիչ աջակցություն Հայաստանին՝ հայկական արտադրանքի ներկրումը կազմակերպելու ուղղությամբ, դա դեռևս չի նշանակում, որ նման քաղաքականությունը երկարաժամկետ բնույթ է կրելու։ Արտաքին քաղաքականության և տնտեսական համագործակցության առաջնահերթությունները կարող են փոխվել, ֆինանսավորման ծրագրերը կարող են ավարտվել, իսկ քաղաքական միջավայրը կարող է ամբողջությամբ վերափոխվել։ Հետևաբար, տնտեսության ռազմավարությունը չի կարող հիմնվել բացառապես ժամանակավոր աջակցության կամ քաղաքական հայտարարությունների վրա։

Այստեղ է, որ առանձնահատուկ նշանակություն է ստանում արտահանման ուղղությունների շուրջ հավասարակշռված քաղաքականությունը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031