Թուրքիայի հաշվարկները Հարավային Կովկասում. Միջանցք, խաղաղության պարտադրանք, ճնշումների քաղաքականություն
Անկարա–Բաքու տանդեմի ակնկալիքները Հայաստանից
Վերջին օրերին Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնյաների հնչեցրած հայտարարությունները, ինչպես նաեւ դեռ անցյալ տարվանից արձանագրված ռազմաքաղաքական շփումները վկայում են, որ Անկարա-Բաքու համագործակցությունը շարունակում է զարգանալ ոչ միայն երկկողմ, այլեւ տարածաշրջանային ռազմավարության շրջանակում։ Այդ համագործակցության առանցքային բաղադրիչները շարունակում են մնալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեման, Հարավային Կովկասում ուժերի նոր դասավորությունը, ինչպես նաեւ Թուրքիայի ձգտումը՝ դառնալու տարածաշրջանի գլխավոր քաղաքական կենտրոնը եւ տրանսպորտային ուղիների վերահսկողը։
Թուրքիայի փոխնախագահ Ջեւդեթ Յըլմազը հայտնել էր, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման կարեւոր թեմաներից մեկը պետք է դառնար Հարավային Կովկասը։ Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խնդիրները զգալիորեն նվազել են, կողմերը «շատ մոտ են խաղաղությանը», իսկ հաջորդ կարեւոր հարցը, ըստ թուրք պաշտոնյայի, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումն է, որը պետք է «ամրապնդի Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ կապը եւ զարգացնի Միջին միջանցքը՝ Չինաստանից մինչեւ Եվրոպա ձգվող հաղորդակցային ուղին»։
Կարդացեք նաև
Յըլմազը նաեւ ընդգծել էր, որ Թուրքիան եւ Միացյալ Նահանգներն այս հարցում ունեն նմանատիպ մոտեցումներ, ուստի Հարավային Կովկասի թեման բնականորեն պետք է տեղ զբաղեցնի երկու երկրների առաջնորդների քննարկումներում։
Վերոնշյալ հայտարարությունները կարեւոր են մի քանի առումներով։ Նախ՝ դրանք ցույց են տալիս, որ Անկարան փորձում է Հարավային Կովկասի օրակարգը ներկայացնել ոչ թե որպես բացառապես տարածաշրջանային խնդիր, այլ որպես գլոբալ հաղորդակցային եւ աշխարհաքաղաքական նախագծի բաղադրիչ մաս։ Երկրորդ՝ Թուրքիայի ղեկավարությունը փաստացի կապում է խաղաղության գործընթացը տրանսպորտային հաղորդակցությունների այնպիսի տարբերակի հետ, որը Բաքուն շարունակում է անվանել «Զանգեզուրի միջանցք»՝ չնայած այն հանգամանքին, որ Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերում նման ձեւակերպում չկա։ Դրանցում խոսվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն թուրք-ադրբեջանական պաշտոնական քարոզչությունը շարունակում է օգտագործել այդ եզրույթը՝ փորձելով պահպանել իր քաղաքական օրակարգը եւ միջազգային հարթակներում նույն տրամաբանությամբ ներկայացնել խնդիրը։
Այս հանգամանքը ցույց է տալիս, որ նույնիսկ այն դեպքում, երբ բանակցային փաստաթղթերում որոշ ձեւակերպումներ փոխվում են, Բաքուն եւ Անկարան շարունակում են տեղեկատվական եւ քաղաքական մակարդակներում պահպանել նույն ռազմավարական նպատակը։ Հայաստանի համար սա պետք է կարեւոր ազդակ լինի, քանի որ անվանափոխությունը դեռեւս չի նշանակում բովանդակային մոտեցումների ու ռազմավարական նպատակների փոփոխություն։
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի հայտարարությունն էլ ավելի հեռուն գնացող պատկերացում է տալիս Անկարայի ռազմավարական տեսլականի մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության ձեւավորման արդյունքում, Անկարայի մասնակցությամբ, «Թուրքիան, Ադրբեջանն ու Հայաստանը մեկ կենտրոն, մեկ ուժ կձեւավորեն»։ Առաջին հայացքից այս ձեւակերպումը կարող է ներկայացվել որպես համագործակցության առաջարկ ընդամենը, սակայն այն նաեւ արտացոլում է Թուրքիայի պատկերացումները, մոտեցումները տարածաշրջանի ապագայի վերաբերյալ, որտեղ Անկարան ցանկանում է հանդես գալ որպես առանցքային դերակատար եւ քաղաքական ազդեցության հիմնական կենտրոն։ Իսկ այս մոտեցման մեջ Հայաստանը դիտարկվում է ոչ թե ինքնուրույն աշխարհաքաղաքական դերակատար, այլ այն տարածաշրջանային կառուցվածքի բաղադրիչ, որի առանցքը ձեւավորում են Թուրքիան եւ Ադրբեջանը։
Ռազմական համագործակցության խորացումը եւ դրա նշանակությունը
Քաղաքական հայտարարություններին զուգահեռ շարունակվում է նաեւ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության հետեւողական խորացումը։ Անցյալ տարի տեղի ունեցան մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ։ Սեպտեմբերին Բաքու էր այցելել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սելչուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակությունը, որտեղ քննարկվել էին տարածաշրջանային անվտանգությունն ու ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Հոկտեմբերին Անկարայում հանդիպեցին պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովն ու Յաշար Գյուլերը՝ ընդգծելով, որ ռազմական դաշնակցությունը շարունակում է զարգանալ բոլոր ուղղություններով եւ գտնվում է երկու երկրների ղեկավարների մշտական ուշադրության կենտրոնում։ Դեկտեմբերին արդեն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հյուրընկալեց Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ Լեւենթ Էրգյունին, որի հետ քննարկվեցին ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական համագործակցության խորացման ծրագրերը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերը։
Այս շղթան այժմ էլ շարունակվում է։ Անցյալ շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը աշխատանքային այցով մեկնել էր Թուրքիա, մասնակցեց Թուրքիայի Պաշտպանության ազգային համալսարանի ավարտական միջոցառումներին, որտեղ ելույթ ունեցավ նախագահ Էրդողանը։ Թեեւ այս այցը պաշտոնապես ներկայացվում էր կրթական եւ արարողակարգային ձեւաչափով, այն եւս մեկ անգամ ընդգծեց, որ երկու երկրների ռազմական համագործակցությունը կրում է շարունակական եւ ինստիտուցիոնալ բնույթ։
Այս ամբողջ պատկերը վկայում է, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններն այսօր վաղուց դուրս են եկել սովորական դաշնակցային համագործակցության շրջանակներից։ Գործնականում ձեւավորվել է միասնական ռազմավարական համակարգ, որտեղ քաղաքական հայտարարությունները, ռազմական պլանավորումը, սպառազինությունների զարգացումը, ռազմական կրթությունը եւ տարածաշրջանային նախաձեռնությունները փոխլրացնում են միմյանց։
Անկարայի եւ Բաքվի քաղաքական հայտարարությունները մշտապես ուղեկցվում են ռազմական համագործակցության նոր փուլերով, ինչը նշանակում է, որ բանակցային գործընթացը մշտապես ապահովագրվում է նաեւ ուժային բաղադրիչով։
Վաշինգտոն–Անկարա առանցքը եւ Հայաստանի համար հնարավոր վտանգները
Հատուկ ուշադրության է արժանի Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրերս հնչեցրած հայտարարությունը, թե Հարավային Կովկասի հարցը Դոնալդ Թրամփի հետ հանդիպման օրակարգում չի եղել, սակայն այն «ցանկացած պահի» կարող է քննարկվել հեռախոսազրույցի ընթացքում։ Այս հայտարարությունը կարող է առաջին հայացքից հակասել Ջեւդեթ Յըլմազի ավելի վաղ հայտնած տեղեկությանը, սակայն իրականում դրանք ավելի շուտ միմյանց լրացնում են։
Էրդողանը փաստացի փորձում է ընդգծել, որ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների միջեւ գոյություն ունի անմիջական քաղաքական հաղորդակցության այնպիսի մակարդակ, որի դեպքում Հարավային Կովկասի հարցերը կարող են քննարկվել ոչ միայն պաշտոնական բանակցությունների ընթացքում, այլեւ ցանկացած պահի։ Սա քաղաքական ազդակ է թե՛ տարածաշրջանի մյուս դերակատարներին, թե՛ դաշնակիցներին, որ Անկարան իրեն դիտարկում է որպես Վաշինգտոնի հետ անմիջական շփման հնարավորություն ունեցող առանցքային խաղացող՝ նաեւ Հարավային Կովկասին առնչվող հարցերում։
Իսկ սա նշանակում է, որ Թուրքիան եւ ԱՄՆ-ն կարող են հասնել պայմանավորվածությունների, որոնց մշակմանը Հայաստանի մասնակցությունն, այսպես ասած, պարտադիր էլ չէ։ Թուրքիան հենց դա է ընդգծում, որ՝ խոշոր խաղացողներն են տարածաշրջանային օրակարգերի տարբեր հարցերը քննարկում ու որոշումներ կայացնում։
Հայաստանի համար հնարավոր վտանգն է այն, որ Անկարան փորձում է իր պատկերացումները ներկայացնել որպես տարածաշրջանային կայունության միակ արդյունավետ մոդել։ Իսկ եթե միջազգային դերակատարները սկսեն այդ տրամաբանությունը դիտարկել որպես առավել իրատեսական տարբերակ, ապա Հայաստանի վրա կարող են մեծանալ քաղաքական եւ դիվանագիտական ճնշումները։
Այս համատեքստում ակնհայտ է դառնում նաեւ Անկարա-Բաքու համագործակցության հիմնական նպատակը։ Երկու երկրները ձգտում են ձեւավորել նոր տարածաշրջանային ճարտարապետություն, որտեղ Թուրքիան կլինի հիմնական տնտեսական, քաղաքական եւ տրանսպորտային հանգույցը, Ադրբեջանը՝ նրա ռազմավարական գործընկերը եւ Կենտրոնական Ասիայի հետ կապող օղակը, իսկ Հայաստանը կներառվի այդ համակարգում այն պայմաններով, որոնք առավելագույնս կհամապատասխանեն Անկարայի եւ Բաքվի շահերին ու պատկերացումներին։
Հայաստանի համար սա կնշանակի, որ խաղաղության գործընթացը պետք է դիտարկվի ոչ միայն երկկողմ հարաբերությունների, այլեւ ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստում։ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ գործողությունները ցույց են տալիս, որ նրանք երկարաժամկետ ռազմավարություն են իրականացնում՝ համադրելով դիվանագիտությունը, տնտեսական նախագծերը, ռազմական համագործակցությունը եւ տեղեկատվական քաղաքականությունը։ Այդ ռազմավարության հաջողությունը մեծապես կախված կլինի նաեւ միջազգային դերակատարների դիրքորոշումներից։
Հետեւաբար, Հայաստանի առաջնահերթությունը պետք է լինի սեփական բանակցային դիրքերի ամրապնդումը, միջազգային գործընկերների հետ բազմավեկտոր աշխատանքի արդյունավետ կազմակերպումը, տարածաշրջանային գործընթացներում ինքնուրույն դերակատարի կարգավիճակի ձեւավորումը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի նվազեցնել այն վտանգները, որոնք կարող են առաջանալ Անկարա-Բաքու տանդեմի քաղաքական եւ ռազմական համագործակցության խորացման պայմաններում, եւ ապահովել այնպիսի մթնոլորտ եւ իրավիճակ, երբ խաղաղության օրակարգը չի վերածվի Հայաստանի ինքնիշխան շահերի հաշվին ձեւավորվող գործընթացի։
Թրամփի շռայլ ջերմ խոսքերը Էրդողանի հասցեին
ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովի շրջանակում պաշտոնական այցով Անկարայում գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երբ հանդես եկան հայտարարություններով, Թրամփը բարձր գնահատեց Թուրքիայի ռազմական ուժն ու Էրդողանի առաջնորդությունը՝ ընդգծելով. «Եթե չլիներ հարգարժան նախագահը, ես չէի մասնակցի այս գագաթնաժողովին»:
ԱՄՆ նախագահն անդրադարձել էր նաեւ երկկողմ հարաբերություններում առկա խնդրահարույց հարցերին՝ մասնավորապես նշելով «Սպառնալիքներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին ԱՄՆ օրենքի» շրջանակներում Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու որոշման մասին: «Մենք չեղարկելու ենք այդ պատժամիջոցները: Դա կարող եմ հստակ ասել: Մենք չենք ցանկանում, որ մեր ընկերները պատժամիջոցների տակ լինեն: Մենք մեր ընկերների նկատմամբ պատժամիջոցներ չենք կիրառում»,- նշեց Թրամփը:
Հիշեցնենք, որ այս պատժամիջոցների արդյունքում Թուրքիան տարիներ շարունակ չի կարողացել ձեռք բերել F-35 կործանիչները: Նախքան Թուրքիա մեկնելը ԱՄՆ նախագահն արդեն ակնարկել էր թեմայի վերաբերյալ դրական որոշում ունենալու մասին:
Օրերս թուրքական Հուրիեթն արդեն գրեց, թե Անկարան պատրաստվում է Պարսից ծոցի երկրներից մեկին վաճառել Ռուսաստանից գնած զենիթահրթիռային համալիրները, որպեսզի կարողանա Ամերիկայից F-35 կործանիչներ գնել։
2019-ին Ռուսաստանից այդ համալիրները գնելու պատճառով Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները կտրուկ սրվել էին, Վաշինգտոնը դուրս էր թողել ՆԱՏՕ-ի դաշնակցին F35-երի ծրագրից եւ դադարեցրել նոր կործանիչների վաճառքը։
Հատկանշական է, որ Կրեմլի խոսնակն օրերս հրաժարվել էր մեկնաբանել Թուրքիայի կողմից Ռուսաստանի S-400-ները երրորդ երկրի փոխանցելու մասին տեղեկությունները, նշելով, թե դա «շատ զգայուն հարց է»։ Կրեմլը, ըստ էության, ակնարկել էր, որ հնարավոր է՝ թույլ տա Թուրքիային վաճառել իր ռուսական արտադրության S-400 հրթիռային համակարգերը այլ երկրի։ «Մենք շփումներ ենք ունեցել թուրքական կողմի հետ այս հարցի շուրջ, եւ կշարունակենք քննարկումները», օրերս նշել է ՌԴ նախագահ Պուտինի խոսնակը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դեռ երեք շաբաթ առաջ հայտարարեց, որ ներկայումս քննարկվում է հարցը, թե Միացյալ Նահանգներն ինչպես կարող է Թուրքիային վաճառել F-35 կործանիչներ։
Հիշեցենք, որ դեռեւս անցյալ տարվանից տեղեկություններ էին շրջանառվում, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է վերադարձնել Ռուսաստանից ձեռք բերված S-400 համակարգերը՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունները սերտացնելու նպատակով։
Մեկ ուշագրավ դրվագ եւս։ Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թրամփն ընդգծել էր Թուրքիայի նախագահի հետ իր մտերիմ հարաբերությունները եւ կարծիք էր հայտնել, թե իր շնորհիվ է, որ Թուրքիան խուսափել Է Իսրայելի հետ պատերազմելուց։ «Ես սիրում եմ նախագահ Էրդողանին, նա հիասքանչ մարդ է։ Նա ինձ համար կարմիր գորգ է փռել։ Իմ շնորհիվ է, որ Թուրքիան չներքաշվեց պատերազմի մեջ, այլապես նա կմտներ պատերազմ եւ կլիներ հակառակ կողմում»: ԱՄՆ նախագահը պնդել էր, որ այդ քայլին Էրդողանը ցանկանում էր գնալ, քանի որ՝ «չի սիրում Իսրայելին եւ այդ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին»։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
14.07.2026


















































