Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավարության մութն ու լույսը

Փետրվար 01,2007 00:00

Մեսրոպ Մաքոյանի սպանության գործը բազմաթիվ հարցականներ է առաջացնում

2005թ. օգոստոսի 11-ի գիշերվա ժ.1 անց 30-ի սահմաններում Չեխովի 36 հասցեում դանակահարվել է 19-ամյա Մեսրոպ Մաքոյանը, որի սպանության գործով մեղադրանք էր առաջադրվել Հրաչյա Սահակյանին, Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյաններին: Դատավարության ընթացքը անցյալ տարվա մարտի 29-ից լուսաբանում է միայն «Առավոտը»:

Մինչդեռ այս գործով չի պարզվել մի քանի հարց, մասնավորապես՝ որտեղ է սպանվել Մեսրոպը, ովքեր են սպանել նրան, ինչպես նա հայտնվեց այդ տարածքում: Ըստ նախաքննության վարկածի, Մեսրոպը Մարինե Հակոբյանին ճանապարհելիս է եղել: Ամբաստանյալները՝ թաղի տղաները, իբր հանդիմանել են Մարինեին, ապա Մեսրոպից ուզել նրա բջջային հեռախոսը: Ծագել է վիճաբանություն, եւ ամբաստանյալները սպանել են Մեսրոպին: Ամբաստանյալները չեն ընդունել իրենց մեղսագրվածը: Մարինե Հակոբյանը, որը հայտարարել է, թե ընդհանրապես չի ճանաչել Մեսրոպին, դեպքի օրը եղել է հիվանդանոցում: Մ. Հակոբյանն այս օրերին հեռացել է հանրապետությունից: Դատարան են հրավիրվել քննիչները, որոնք պատասխանում էին, թե ինչ բռնություններ են կիրառվել վկաների նկատմամբ: Ամբաստանյալների երեք փաստաբանները՝ Ռուբեն Բալաբանյանը, Ռոբերտ Գրիգորյանը եւ Աղասի Աթաբեկյանը ինչպես դատարանում, այնպես էլ «Առավոտին» տեղեկացրին, որ անչափահաս վկաներ Աննա Մուրադյանին՝ 10 օր եւ Մարինե Հակոբյանին՝ 7 օր ապօրինի պահել են Շենգավիթի ոստիկանությունում եւ գլխավոր դատախազությունում: «Վկա Մելքոն Վարդանյանին գլխավոր դատախազության քննիչ Վարդան Մուրադյանի ցուցումով փորձ արվեց առեւանգել դատարանից: Իսկ վկա Աննա Բեկնազարյանի վրա գլխավոր դատախազության 6-րդ հարկում ատրճանակ է պահվել»,- նշում են նրանք:

Վիճարկելով սպանության ժամը, փաստաբաններն ասում են. «Մեղադրական եզրակացության մեջ արձանագրված է, որ Մեսրոպ Մաքոյանը սպանվել է ժ.1 անց 30-ի սահմաններում: Մինչդեռ սպանվածի բջջային հեռախոսի վրա ժ.1 անց 57-ին հորեղբոր տղայի կողմից հնչել է զանգ: Մեսրոպը նրան ասել է, որ այդ պահին գտնվում է մեքենայի մեջ: Այսինքն՝ նա ողջ է եղել: Մեքենան, որում եղել է այդ ժամանակ Մեսրոպը, դեռ չի հայտնաբերված, չի զննված»,- նշում են ամբաստանյալների պաշտպանները:

Փաստաբանները ուշադրություն են հրավիրում նաեւ այն հանգամանքի վրա, որ իրենց պաշտպանյալները նախաքննության ժամանակ վկայի կարգավիճակով են կանչվել հարցաքննության: Հետեւաբար, նրանք պաշտպան ունենալու իրավունք չունեին: Ռ. Գրիգորյանը, Ա. Աթաբեկյանն ու Ռ. Բալաբանյանը համաձայն չեն իրենց ուղղված այն մեղադրանքներին, թե իրենք որեւէ միջնորդություն չեն արել նախաքննության ժամանակ:

«Վկա Աննա Բեկնազարյանը ցուցմունք տալու ժամանակ եղել է մենակ: Աննայի նկատմամբ հնչած սպառնալիքների ժամանակ նրա կողքին էլ չի եղել փաստաբան»,- նշում է Աղասի Աթաբեկյանը:

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում ընթացող դատաքննության ժամանակ տրվել են թաղային հեղինակությունների անուններ, որոնք հնարավոր մասնակցություն են ունեցել սպանությանը եւ որոնց անունները գործից հանել է նախաքննությունն իրականացրած մարմինը. «Տուրո», «Արտյոմ», «Կուկու», «Միկա»: «Առաջին երկուսը թմրանյութ օգտագործած վիճակում առնչվել են Մեսրոպի դիակի հետ: Դրանից հետո դիմել են փախուստի»,- նշում է փաստաբան Ռուբեն Բալաբանյանը: Վկաներից մեկի ցուցմունքով գիշերվա ժ.2-ի մոտ փողոցում տեսել է անձրեւաջրի մեջ ընկած թափառաշրջիկի, որը հայտնի է որպես «Գիժ Գիլո»: Սակայն թափառաշրջիկի վարկածը թերեւս քիչ հավանական է. Մեսրոպի գտնված դիակի վրա եղել է ոսկե շղթա եւ բջջային հեռախոս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728