Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԿԱՐԱՊԵՏԻՉԻՆ

Փետրվար 01,2007 00:00

\"\"Վերջինս, սակայն, խուսափում է դատարան ներկայանալ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց քննվել ռեժիսոր Արմեն Մազմանյանի դեմ հարուցված քրեական գործը: Տուժողը «ԱԼՄ» հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանն է, որի երկրպագուները այս անգամ էլ գրավել էին դատարանի դահլիճը: Ներկա էին նաեւ Արմեն Մազմանյանի ուսանողները:

Հիշեցնենք, որ Տ. Կարապետյանը ռեժիսորին մեղադրում էր «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության «Խոսք առանց փողկապի» հաղորդման ժամանակ արած հայտարարություններով իր անձն ու արժանապատվությունը վիրավորելու մեջ:

Երեկվա նիստում շարունակվեց ապացույցների ուսումնասիրությունը եւ ցուցադրվեց այն տեսաժապավենը, ուր Ա. Մազմանյանը Տ. Կարապետյանին որակում է «մանկապիղծ», «ջեբկիր» ու «դատված»: Դատարանը հրապարակեց նաեւ քրեական գործ հարուցելու մասին դատախազության քննիչ Արամ Գրիգորյանի որոշումը: Ա. Մազմանյանի պաշտպան Հայկ Ալումյանը կրկին հիշեցրեց, որ դատախազության քննիչ Ա. Գրիգորյանը իրականացրել է նույն գործով ե՛ւ նախաքննությունը, ե՛ւ հետաքննությունը: Այսինքն, ըստ փաստաբանի, վերջինս կատարել է մի շարք դատավարական գործողություններ, որոնց իրավունքը չուներ. «Տվյալ քրեական գործում Արամ Գրիգորյանը պատշաճ քննիչ չի եղել, հետեւաբար նրա կողմից ձեռք բերված բոլոր ապացույցները անթույլատրելի պետք է ճանաչվեն… Այդ նյութերը չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում»:

Նախագահողը իրեղեն ապացույց համարեց ՀՀ ոստիկանության տեղեկատվական կենտրոնի այն գրությունը, ըստ որի՝ հարցում է կատարվել ՌԴ համապատասխան մարմիններին եւ վերջիններս փոխանցել են, թե Տ. Կարապետյանը ՌԴ-ում երբեւէ դատված չի եղել: «Եթե ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնն իր այդ տեղեկանքը կազմել է ՌԴ համապատասխան իրավասու մարմնի կողմից տրամադրված պաշտոնական գրության հիման վրա, ապա վերջինս պետք է կցված լիներ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի տրամադրած տեղեկանքին: Սակայն ՌԴ ոստիկանության տրամադրած համապատասխան գրությունը բացակայում է: Նաեւ նշում չկա այն մասին, թե ի՞նչ աղբյուրներից է ստացվել այդ տեղեկությունը: Փաստորեն, դրանք անհայտ աղբյուրից ստացված տեղեկություններ են»,- հայտարարեց Հ. Ալումյանը: Ա. Մազմանյանը ՌԴ- ոստիկանության կողմից տրամադրված ինֆորմացիան, թե Տ. Կարապետյանը դատված չէ, բավարար չհամարեց եւ պահանջեց, որ ուսումնասիրվեն ԽՍՀՄ-ի այդ ոլորտի արխիվները:

Նա հրաժարվեց ցուցմունք տալ, ասելով, որ իրենք Վոլգոգրադից Կարապետիչի մասին նոր տեղեկությունների են սպասում: Ռեժիսորը պահանջեց, որ դատական նիստերին ներկա լինի նաեւ տուժողը:

Ա. Մազմանյանը ներկայացրեց բազմաթիվ ուղղագրական ու կետադրական սխալներով գործին վերաբերող մի փաստաթուղթ, որի հեղինակն էր Տ. Կարապետյանը: Այնտեղ, օրինակ, «բացատրություն» բառը գրված էր «բացատրուցյուն», «կազմածից»-ը «կազմածիծ», «կարդալը»՝ «կարթալ», իսկ «ճիշտ է»-ն «ճիշտե»: Տ. Կարապետյանի ներկայացուցիչ Էդվարդ Չինարյանին սա դուր չեկավ: «Այս ամենը շոուի վերածվելու միտում ունի, պետք չէ ընթացք տալ»,- ասաց Կարապետիչի ներկայացուցիչը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 5-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2007
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728