Լրահոս
Օրվա լրահոսը

Կողմնորոշվածներն ու չկողմնորոշվածները 50/50 են

Փետրվար 02,2007 00:00

«Գործարար» պատգամավորական խմբի քարտուղար Մեխակ Մխիթարյանը դեռեւս չի որոշել՝ առաջադրվել մեծամասնականո՞վ, թե՞ ոչ:

«Գործարար» պատգամավորական խմբի անդամներից ոչ բոլորն են հստակեցրել, թե ինչ են անելու՝ խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու են մեծամասնականո՞վ, թե՞ կցվելու են այս կամ այն կուսակցության ցուցակին: Խմբի քարտուղար Մեխակ Մխիթարյանը չկողմնորոշվածների մեջ է, ավելի ճիշտ՝ կողմնորոշվել է մի հարցում՝ այլ կուսակցության չի կցվելու, որեւէ կուսակցության անդամ չի դառնալու, բայց եւ մտածում է՝ առաջադրվել մեծամասնական ընտրակարգո՞վ, թե՞ ընդհանրապես թողնել պատգամավորական գործունեությունը:

Մեզ հետ զրույցում պարոն Մխիթարյանն ասաց. «Այսօր բոլորը կարծես նույն բանն են ասում՝ չենք հստակեցրել, չենք որոշել: Ես էլ, ցավոք, նույն բանը պիտի ասեմ՝ դեռ չեմ հստակեցրել ինքս ինձ համար: Առաջադրվելու եւ չառաջադրվելու հարցը ինձ համար 50-50-ի է: Երբ կսկսվեն առաջադրումները եւ տրամադրությունները կհասնեն գագաթնակետին, իսկ դա ենթադրվում է փետրվարի մեջ, ապա ես պետք է խորհրդակցեմ իմ ընտրատարածքի ընտրողների հետ: Այսինքն՝ պիտի լինեմ տեղում եւ փորձեմ հասկանալ նրանց տրամադրվածությունը, պարզեմ՝ արդյոք նրանք կուզեի՞ն, որ ես նորից լինեի պատգամավոր եւ շարունակեի իմ պատգամավորական գործունեությունը»:

Մեխակ Մխիթարյանը տեղեկացրեց, որ «Գործարար» խմբում դեռեւս չեն քննարկվել առաջադրումների հարցերը եւ, ըստ ամենայնի, խումբն այդ գործով կսկսի զբաղվել արդեն եկող շաբաթվանից. «Մենք արդեն առաջիկայում կհավաքվենք եւ այդ հարցերը կքննարկենք: Տարբեր առիթներով ասել ենք, որ այս հարցերում մեր խմբի անդամներն ազատ են»:

Թեպետ պարոն Մխիթարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խմբում դեռեւս քննարկումներ չեն եղել, բայց մեզ հայտնի է, որ «Գործարար» խմբի անդամներից շատերն արդեն կողմնորոշվածների մեջ են: Ալեքսան Պետրոսյանը («ՄԱՊ-ի Ալիկ») եւ Արտակ Սարգսյանը («ՍԱՍ-ի Արտակ») արդեն անդամակցել են ՀՀԿ-ին, Արշակ Մխիթարյանը («Բրիլյանտի Արշակ») «Բարգավաճ Հայաստանի» հետ է գնալու ընտրությունների: Դարձյալ մեծամասնականով կառաջադրվեն խմբի ղեկավար Գրիգոր Մարգարյանը («Բելաջիոյի Գրիշ»), Կոտայքի մարզպետի եղբայր Սամվել Շահգալդյանը, Արկադի Համբարձումյանը: Խմբից դեռեւս չկողմնորոշվածներ են Սայադ Զախարյանը եւ Տիգրան Եգանյանը:

Մեխակ Մխիթարյանի նախկին ընտրատարածքը, ինչպես եւ մյուս բոլոր ընտրատարածքները, վերաձեւումների են ենթարկվել, եւ, փաստորեն, նրա նախկին ընտրատարածքում մեծամասնականով առաջադրվելու է նախկին ՕԵԿ-ական, այժմ՝ Հանրապետականով առաջ գնացող Ալեքսան Պետրոսյանը, ըստ այլ լուրերի՝ այդ ընտրատարածքում կարող է առաջադրվել նաեւ Նահապետ Գեւորգյանը, իսկ Մեխակ Մխիթարյանին մնում է մի քիչ այլ ընտրատարածք՝ թիվ 15-ը: Այս ընտրատարածքի վրա էլ բավականին աչքեր կան: Մասնավորապես՝ խոսք է գնում, որ այստեղ առաջադրվելու ցանկություն ունեն Թալինի քաղաքապետը (ըստ մեր տեղեկությունների՝ նա պատրաստվում է առաջադրվել «Բարգավաճ»-ի «դաբրոյով»): Բայց մեկ աչք եւս կա՝ ըստ ամենայնի, թեպետ դեռ հստակեցված չէ, այս նույն ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն ունի նաեւ ԱԺ պատգամավոր, «Լուսակերտ» թռչնաֆաբրիկայի սեփականատեր Խաչիկ Մանուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել