Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդության ակնկալիքները՝ ընտրություններից

Փետրվար 02,2007 00:00

Նրանք ուզում են քաղաքականացվել, որպեսզի իրենց պահանջները «վերեւներին» հասցնեն

Նորաբաց «Տեսակետ» ակումբի առաջին հյուրերը՝ երեկ «ՀՀԿ», «Օրինաց երկիր» եւ «ՀՅԴ» կուսակցությունների երիտասարդական թեւերի ղեկավարներն էին: Նրանք փորձեցին ներկայացնել առաջիկա խորհրդարանական ընտրություններում երիտասարդության դերը եւ սպասելիքները:

ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Ավագյանի համոզմամբ, երիտասարդությունը միշտ «քշված է եղել» կուսակցական աշխատանքներից, եւ ժամանակն է, որպեսզի ակտիվ ներգրավվի նախընտրական քարոզարշավի ծրագրերում: «2003-ից մինչեւ հիմա տարիներ են անցել, նոր սերունդ է աճել, որին պիտի հնարավորություն տրվի իրենց քաղաքացիական պարտքը կատարել»,- նշեց նա: Ըստ Կ. Ավագյանի, երիտասարդության խնդիրների, օրինակ, սոցիալական վիճակի բարելավումը հնարավոր չէ լուծել հասարակությունից անջատ: Երիտասարդ հանրապետականի ձեւակերպմամբ, մյուս կողմից էլ. «Այսօրվա երիտասարդը չպետք է անընդհատ պահանջի պետությունից: Նա սեփական գիտելիքներով պետք է ծառայի ազգին ու պետությանը: Եկեք չհարցնենք, թե ի՞նչ է տվել Հայաստանի Հանրապետությունը երիտասարդներին, այլ մտահոգվենք, թե մե՛նք ի՞նչ ենք տալու վաղը երկրին»:

«Օրինաց երկիր» կուսակցության երիտասարդական թեւի ղեկավար Սամվել Ֆարմանյանը հնչեցրեց այն տեսակետը, որ առաջիկա խորհրդարանական եւ հանրապետական ընտրությունները երիտասարդների համար կարող են դառնալ ելակետ՝ վերագտնելու հավատը սեփական ուժերի հանդեպ: «Առաջիկա ընտրությունները հնարավորություններ են ստեղծում ձեւավորել որակական նոր կարողություններով օժտված քաղաքական պետական էլիտա: Ժամանակները փոխվում են, եւ քաղաքական էլիտան ինքնաբերաբար պետք է փոփոխվի, բարելավվի: Պետք է ձեռնարկել քայլեր՝ մեծացնելու երիտասարդության քաղաքական մասնակցությունն ընտրություններին եւ, ինչո՞ւ չէ՝ մեծացնել պահանջատիրությունը երիտասարդության խնդիրների լուծումների վերաբերյալ»,- ի տարբերություն ՀՀԿ-ական Կ. Ավագյանի, իր պահանջատիրական «նկրտումները» ներկայացրեց ՕԵԿ-ական Ս. Ֆարմանյանը:

ՀՅԴ երիտասարդական թեւի ղեկավար Հայկ Ասատրյանի գնահատմամբ, երիտասարդությունը բոլոր ընտրություններում ոչ թե գործոն է, այլ գործիք: Արդյունքում, ըստ երիտասարդ դաշնակցականի, երիտասարդությունը դեգրադացվում է, ինչը կարելի է կանխել նրան քաղաքականապես հասունացնելով. «Երիտասարդությունը հեռու է քաղաքականացումից, գաղափարականացումից: Ընտրական պրոցեսներում նրանք հաճախ դեգրադացվում են եւ հետագայում ավելի դժվար է լինում նրանց կրթելը քաղաքական իմաստով: Հայաստանի ներկայիս իրավիճակում ավելի լավ է նրանք առավել քաղաքականացվեն, գաղափարականացվեն, որպեսզի իրենց պահանջները ներկայացնեն»:

Լրագրողների հարցին՝ Ս. Ֆարմանյանն ու Կ. Ավագյանը ընդգրկվա՞ծ են իրենց կուսակցությունների համամասնական ցուցակներում եւ հատկապես ընտրական ցուցակների ո՞ր տեղերն են զբաղեցնում, վերջիններս հրաժարվեցին պատասխանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել